ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
![]() Կան մեկհարկանի և երկհարկանի փայտե տնակներ. 25 մեկհարկանի տնակներում հաշվառված է 48, 15 երկհարկանիներում՝ 44 ընտանիք (բնակիչների ընդհանուր թիվը՝ 300): Ապրուստի հիմնական միջոցներն են հողագործությունը, անասնապահությունը, աշխատանքը համայնքի կոմունալ ծառայությունում և արտասահմանում։ Տնակները ժամանակին որպես օթևան են ծառայել նաև 1988 թ. Բաքվից բռնագաղթվածների համար, որոնք հետագայում ձեռք են բերել բնակարաններ և տեղափոխվել: ![]() Հրազդան քաղաքում բացված լուսանկարների ցուցահանդեսի հեղինակը՝ Անի Անտոնյանը վերհիշում է. «Կյանքիս 27 տարիներն անցել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում։ Հինգ հարկանի քարե շենքում մեզ բաժին հասած տան արևելյան պատուհանից միշտ նույն տեսարանն է՝ ամայի դաշտն ու «Տնակներ» կոչվող թաղամասը։ Երբ փոքր էինք, մե ծահասակներն արգելում էին տնակներում բնակվող երեխաների հետ խաղալ՝ պատճառաբանելով, որ նրանք անդաստիարակ են։ Այսօր երկու թաղամասերը կապող ճանապարհի եզրին աղբամաններ կան։ Տարիներ առաջ կարելի էր աղբակույտի շուրջ պտտվող մարդկանց տեսնել։ Մինչ օրս շենքաբնակներիս հնացած հագուստն ու կոշիկները հասցեատերեր ունեն։ Երկու տարի առաջ մասնագիտության բերումով առիթ ունեցա տնակներ այցելելու։ Նպատակ ունեի ներկայացնել բնակիչների վատ սոցիալական պայմանները, թեև վստահ չէի՝ արդյոք այդ խունացած պատերի հետևում դեռ մարդիկ կան։ Շփումից պարզ դարձավ, որ շատերի խնդիրները նույնն են՝ տնակների սեփականաշնորհման աղոտ հեռանկարներ, աշխատանքի բացակայություն, ամուսնալուծություն, նորմալ ապրուստի և երեխայի պատշաճ կրթության անհնարություն։ Առավել ցավալի է, որ ծնողները ծախսերը կրճատելու նպատակով իրենց զավակներին տեղափոխում են հատուկ դպրոց կամ գիշերօթիկ հաստատություն, որը գտնվում է մարզի այլ քաղաքում։ Երբ կանգնում ես նման համայնքի կյանքը լուսաբանելու խնդրի առաջ, հարկ է որոշել՝ ինչը շեշտի տակ առնել։ Սոցիալական այս խիստ ծանր պայմանների և կրթական խնդիրների ֆոնին երեխաների առօրյան և խաղերը, թերևս, ամենաքիչն են ուշադրության արժանանում։ Մենք որոշեցինք հենց դրանց միջոցով պատմել իրականությունը»։ Անի Անտոնյանի հեղինակած լուսանկարներում հենց այդ իրականությունն է՝ կիսաքաղց երեխաներ, անկատար երազանքեր, ապրելու տարրական պայմանների բացակայություն: ![]() Ֆոտոշարքն իրականացվել է “Ֆոկուս” արվեստի ՀԿ-ի “ACTV” նախագծի շրջանակում www.focus.org.am / www.actv.am | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1581 reads | 28.11.2016
| |