ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում:

Իրանի Նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության  մասին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների  իրագործման  ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը:

Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
476 reads | 24.01.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com