ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ
Շուշիում վերականգնվում են արհեստագործական ավանդույթները
 
Սեպտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Շուշիում պաշտոնապես բացվեց Եզնիկ Մոզյանի անվան նորակառույց արհեստագործական ուսումնարանը: Կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ /ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն/ եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ: Ուսումնարանը շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում:

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ֆրանիսիայից Արցախ ժամանած շուրջ 100 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում` Եզնիկ Մոզյանի ընտանիքի անդամները, խորհրդարանի անդամներ, նահանգների եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, հայկական միությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Բացման հանդիսության պատվիրակությունը գլխավորում էր Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ:
Եռահարկ կրթօջախը զբաղեցնում է շուրջ 4050 քմ մակերես: Ուսումնարանը կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ: Ուսումնարանի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեն Դարոնյանը:

Ծրագրի իրականացման գործում առանցքային է եղել ծրագրի համակարգող, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի անդամ եւ Եզնիկ Մոզյան արհեստագործական դպրոցի հիմնարկի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանի դերը:

«Մեր մորեղբոր` Եզնիկ Մոզյանի երազած արհեստագործական դպրոցի բացումը ամենամեծ հատուցումն է տարիների մեր անխոնջ ջանքերի: Դպրոցն իր հիմնադրման առաջին իսկ տարին ընդունել է 70 աշակերտ: Եզնիկ Մոզյան հաստատությունն իր հովանավորների եւ երիտասարդ տնօրինության օժանդակությամբ կպատրաստի արհեստավարժ եւ որակյալ մասնագետներ` ում շնորհիվ եւ մասնակցությամբ քաղաքներն ու գյուղերը կշարժվեն դեպի կայուն ապագա: Նոր տեխնոլոգիաների գործածումը, նորարական մոտեցումների կիրառումը եւ ընդհանուր դրական միջավայրն իրենց անդրադարձը կունենան բնակչության ամենատարբեր շերտերի վրա»,-ասում է Ռոբերտ Այդաբիրյանը:

Հանդիսության ավարտին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Ռոբերտ եւ Հերմինե Այդաբիրյաններին շնորհեց Շուշիի Պատվավոր քաղաքացու վկայագիր:

Ընդհանուրը 450 ուսանողի համար նախատեսված ուսումնական կենտրոնն ունի հանրակրթական առարկաների եւ շինարարական արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները` կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, օժանդակ սենյակ` նյութերի ու սարքերի պահեստավորման համար, ինչպես նաեւ ավտոմատացված կենտրոնական ջեռուցում եւ օդափոխություն:

Կրթօջախն արդեն ունի իր ուսանողները, ովքեր ուսանելու են եկել Արցախի ամենատարբեր համայնքներից: Ուսումնարանի սաներն այստեղ կստանան եռամյա կրթություն: Հանրակրթական ուսմանը զուգահեռ նրանք կաշխատեն շինարարական ձեռնարկություններում եւ ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, տանիքագործի, թիթեղագործի, զոդողի, ամրագործի, պատշարի, ներկարարի, սալիկապատող-հարդարողի, էլեկտրիկի, սանտեխնիկի, ջերմատեխնիկի մասնագիտություններ: Գործնական պարապմունքների վարպետ մանկավարժները վերապատրաստվել են Ֆրանսիայում: Երկարաժամկետ համագործակցությունը ֆրանսիական նմանօրինակ հաստատության հետ հնարավորություն կտա ուսումնարանում ապահովել եվրոպական չափանիշներին համարժեք մասնագիտական կրթություն:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն իր խոսքում նշում է, որ Ֆրանսահայ համայնքի գումարներով իրագործված բազմաթիվ կրթական ծրագրերի մեջ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի կառուցումն առանձնանում է իր ֆիզիկական եւ ներդրումային ծավալներով, ինչպես նաեւ այն հեռահար նպատակներով եւ ազդեցությամբ, որ ուսումնարանը կունենա Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վրա` շարունակաբար լրացնելով մասնագիտական այն ներուժը, որի կարիքն այսօր խիստ զգացվում է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
830 reads | 23.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com