ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՀՂԵԼ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Այդ առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով.

«Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք:

Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան:

2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների:

Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:

Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:

Համախմբվելով և միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:

Դա դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր և անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պետական այս նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը»:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1636 reads | 02.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com