ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Խմբագիր,
Ձեր թերթի հուլիսի 22-ի համարում հերթական առաջնորդող հոդվածն էիք գրել և ավելի քան շատ կարևոր հարցեր բարձրացրել, որը ողջունելի է, բայց չնեղվեք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ էիք հարցը՝ “տուն-տունիկը” կիսատ թողել:

Քանի անգամ ենք Ձեզ հետ և այլոց՝ խոսել, նույնիսկ, զայրացել, թե “Արի տուն” կարգախոսը սխալ է, վտանգավոր:
Դուք գիտեք ինչու, իսկ ես բացատրեմ ընթերցողին (Ձեր փոխարեն):

Օտար երկրի քաղաքացուն՝ երեխա, թե մեծահասակ, հազարամյակներ իրենց հողի վրա ապրած մարդուն, որը նրա հայրենիքն է (երկրի անվան հետ չխառնեք) ի՞նչ իրավունքով եք ասում արի տուն:

Թուրքիայի տարածքում ապրող երիտասարդի տունը ո՞րն է. այսօրվա  Հայաստա՞նը, ուր բոլորս եկվոր ենք:
Եթե մի օր Թուրքիայի Նախագահը կապվի մեր Նախագահի հետ և ասի. «Եկեք մեր կենվորներին տարեք իրենց տուն, նա ճիշտ կլինի՞, թե ոչ…»։

Երբ կարգախոս է ծնվում կամ ստեղծվում, այն իմաստ ունի, ծրագիր ունի, ինչպես նաև՝ նպատակ: Եթե “Արի տուն”-ի հեղինակը հիշում է “Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք”-ը, դրա ենթատեքստը համաշխարհային հեղափոխությունն էր: Ո՞րն է “Արի տուն”-ի ենթատեքստը:

Եթե հազարամյակներ ապրած հայի տունն իր ծնված ու ապրած երկիրը չէ, բա ո՞րն է:

Ինչի՞ց եք վախենում, պարոն Հակոբ: Ձեր ներկայությամբ չէ՞ր, որ Օսկանյանն Այնճարում ասել էր. “Դուք այստեղ ժամանակավոր եք”, Դուք համաձայն չե՛ք, որ մեր Նախագահներն Ասադին կամ Ժմայելին ասեն շնորհակալ ենք հայ համայնքին լավ նայելու համար, դրանով իրենց ազգակիցների ոտքի տակից հանելով նրանց հողը և հյուր դարձնելով տվյալ երկրում:

Թեման խիստ կարևոր է, նուրբ և ավելի քան քաղաքական, ինչպես Սփյուռքի հետ կապված յուրաքանչյուր հարց: Բայց, ցավալիորեն, այդ կարևորագույն բնագավառը դուրս է մնացել պրն. Էդվարդ Նալբանդյանի հիմնարկի տեսադաշտից, դարձել է “տուն-տունիկ”. «հայ տղաներ՝ հայ աղջիկների առեք», «հայեր՝ հայերի խանութից գնումներ արեք», «սփյուռքահայեր եկեք Պաշտպանության Նախարարություն մեդալ տանք»: Եղա՞վ, ամոթ չէ, մենք պետություն ենք, թե՞ …

Թեման խիստ, խիստ կարևոր է: Երբևէ կանդրադառնա մեր Նախագահը դրան կամ, եթե անդրադառնա քաղաքացիություն (պատկանելություն, անձնագիր) և ծագումնաբանություն (էթնիկա) հասկացություններն ամենն իր տեղը կդնի՞, թե նորից կասվի, որ  Վորոնեժում ավտովթարից մահացավ երկու հայ …
 
Ռոմեն Կոզմոյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
480 reads | 12.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com