ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱԶԴԵՑԻԿ
Օրերս հայաստանյան հեռուստադիտողների ականջներն սկսեցին նորից խլանալ մի նոր, հերթական, բարձրագոչ աղմուկ-ինքնագովազդից՝ «Մեր տունն Ամերիկայում»: «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարները գոռոզ ու կեղծ-ինքնավստահ կեցվածքով սկսել են ավետիս տալ մեզ Panarmenian TV-ի աշխարհակալակա՜ն այդ նոր նախաձեռնության մասին: Ենթադրում եմ, որ խոսքը այստեղից Միացյալ Նահանգներ, ավելի ճիշտ՝ Լոս Անջելես (հայաստանցիների մեծ մասի համար արդեն Մ. Նահանգները պարփակվում ու վերջանում է Լոս Անջելեսում, ավելի կարճ՝ Լոսում) ձգվող կամ այնտեղից այստեղ երկարող տեսակամուրջների կամ նման մի բանի մասին է: Բայց չհասկացա՝ ինչո՞ւ «տուն»:

Շփոթի՞ մատնելու համար մեր ներսի ու դրսի ազգակիցներին, որոնք «տուն» ասելով մինչեւ հիմա հասկանում էին Սփյուռքի նախարարի ասած «արի տունը»: Մինչդեռ հիմա, այս նոր գովազդից հետո, նրանք, հատկապես պատանիներն ու աղջիկները, «տուն» ասելով ի՞նչ պետք է հասկանան, ո՞րն է մեր տունը, Հայաստա՞նը, թե՞ Լոսը: Նախաձեռնության հեղինակները հավանաբար կարողանան բացատրել, հատկապես որ նրանք երկրի պատասխանատուներին այնքան մոտ կանգնած մարդիկ են: Ըստ երեւույթին նրանց մտքում հերթական տուն-տունիկն է՝ բիզնեսախառն պրոյեկտ, որը կարող է հայաստանցիների մի մասին «ամերիկյան երազով» խանդավառելու, իսկ լոսեցիներին՝ կարոտախտը գրգռելու միջոցով նորանոր հասույթներ ապահովել:

Բայց ինչո՞ւ «տուն» եւ ոչ թե, օրինակ, «ձայն». «Մեր ձայնը Ամերիկայում»: Շա՞տ քաղաքական կլիներ: Միգուցե, բայց...
Բայց ես կուզենայի այսօր հատկապես խոսել ձայնի՛ մասին, Հայաստանի՛ ու հայության իսկական ձայնի մասին, որը միջազգային ասպարեզում չի հնչում կամ չի լսվում, ոչ մեր եթերով, ոչ էլ համացանցով, ոչ սովորական եւ ոչ էլ տագնապալի օրերին, ինչպես գրել էի իմ նախանցյալ սյունակում, խոստանալով մի քանի միտք արտահայտել հայկական հզոր, հավաստի, պրոֆեսիոնալ «ձայնի» ստեղծման վերաբերյալ:

Այո, հակառակ իշխանական, կուսակցական եւ օլիգարխիական էլեկտրոնային ներկա լրատվական խառնիճաղանջի, միջազգային ասպարեզում մեր ձայնը չի լսվում, որովհետեւ չունենք ժամանակակից հզոր ու պրոֆեսիոնալ ձայնարկու՝ մամուլ, լրատվամիջոց: Ու դրա համար ես չեմ մեղադրում մեր կառավարություններին: Ընդհակառակը՝ կառավարությունների մասնակցությունը միայն խանգարող դեր կարող է ունենալ նման լրատվամիջոցի ստեղծման, առավել եւս ղեկավարման գործում: Փոխարենը մեր զբոսաշրջային, հեռահաղորդակցային, բանկային եւ այլ կառույցներն են, որ կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով, իրե՛նք պետք է նախաձեռնեն լրատվական նման կառույցի ստեղծումը, մասնագետների միջոցով որոշել անելիքները, ուղենշել զարգացման ընթացքը, ղեկավարման համար ընտրել ատակ մարդկանց, պրոֆեսիոնալների, եւ ազատ թողնել աշխատելու, առանց կողմնակի միջամտությունների: Իսկ դրա համար պետք է ծախսեն, տեւապես գումար հատկացնեն:

Տարօրինա՞կ բան եմ ասում: Ռոմանտի՞կ միտք է: Ամենեւին: Ծախսված փողերը հետ են վերադառնալու երկրի վստահելի իմեյջի ստեղծման, ներքին կյանքի մասին ստույգ եւ ստուգված տեղեկատվության ու պրոֆեսիոնալ մեկնաբանությունների միջոցով, նույնիսկ թերությունների մատնանշումով ստեղծվելիք գրավչության ստեղծմամբ, որից առաջին օգտվողները կլինեն հենց իրենք՝ նման պրոյեկտը ֆինանսավորող ընկերությունները:

Վերեւում ասացի, որ այս գործում իշխանությունները գործ չունեն: Սխալվեցի: Ունեն, այն էլ շատ մեծ՝ բացել ասպարեզը նման նախաձեռնությունների առջեւ: Եվ քաշվել մի կողմ:

Հակոբ Ավետիքյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
351 reads | 31.07.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com