ԲԼՈԳԵՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՑ»
Օգոստոսի 25-ին «Պատմություններ հարևաններից» խորագրով բլոգերային ճանաչողական ճամփորդության մասնակիցները կհանդիպեն Երևանում: Օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը 20 երիտասարդ մասնակիցներ՝ 10-ը՝ Հայաստանից, 10-ը՝ Թուրքիայից, հավաքվել են միասին ճամփորդելու Թուրքիայով և Հայաստանով: Իրենց տպավորությունների մասին նրանք գրում են http://nachbarschaft.orient-netzwerk.de/ բլոգում: Նրանց հաղորդակցման լեզուն գերմաներենն է:
 
Առաջին օրվա տպավորությունների մասին թուրք մասնակից Իպեկը ոգևորված գրում է. «Երբ էլ դիմեմ որևէ մեկին, անկեղծ զրույց է ծավալվում: Մենք բոլորս այստեղ ենք, քանի որ միմյանց հետ խոսել ենք ցանկանում»: Իր բլոգերային գործընկերուհի Նազլին հավելում է. «Կարևոր է, որ մենք խոսենք պատմությունից, ցեղասպանությունից, բայց նաև՝ մեր ընդհանրություններից»: Թեև, ինչպես Միքայելն է ասում, հաճախ է հարց ծագում՝ ինչը ում է պատկանում, ինչը ով է հնարել, «բայց կապ չունի, մենք կարող ենք միասին պարել, միասին ուտել: Մենք նույն պարերն ունենք, միևնույն կերակուրները, միևնույն սովորույթները»:
 
Ճամփորդությունն սկսվել է օգոստոսի 16-ին՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Այնտեղ ուսանողները ծանոթացել են լրագրության հիմունքներին, հանդիպել թուրքական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խորացրել հարցազրույց վարելու հմտությունների մասին իրենց գիտելիքները, որոնք գործնական կիրառություն են գտել Թուրքիայում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ զրույցներում: Այնուհետև գերմանացի պատմաբան Մեթին Յիլդիրիմի ուղեկցությամբ բլոգերները հայ և թուրք ժողովուրդների պատմության հետքերով մեկնել են Սամսուն, Օրդու և Տրապիզոն:

Երևանում՝ բլոգերային ճամփորդության վերջնականգառում, լրատվամիջոցներն ու հարցազրույցները նույնպես առաջնային են լինելու: Մասնակիցները կհավաքեն հայ-թուրքական ընտանեկան պատմություններ, կծանոթանան նաև ազգային փոքրամասնությունների, օրինակ՝ եզդիների ու մոլոկանների հայաստանյան իրականությանը: Բացի այդ՝ նրանք առօրյա կյանքի ու խնդիրների մասին կզրուցեն ներգաղթյալների, նաև այնպիսի խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, ինչպիսին խուլերն են:
 
Ճամփորդությունը համակարգում և իրականացնում է Երևանի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ /DAAD) տեղեկատվական կենտրոնը: Անկարայում ծրագրին աջակցում է Բիլքենտ համալսարանը, Երևանում՝ Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանը: Բլոգերային ճամփորդությունը ֆինանսավորվում է «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության զարգացմանն» ուղղված միջոցառումներին հատկացվող հատուկ միջոցներից, որոնք 2015թ. հաստատել է Գերմանիայի Բունդեսթագը: Երևանում ԳԱՓԾ տեղեկատվական կենտրոնը ծրագրի իրականացման համար ստացել է 28.000 եվրո:
 
Ամփոփագիր.
Գերմանիայի Բունդեսթագը   2015թ. «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության զարգացմանն» ուղղված միջոցառումների համար հատկացրել է 14 մլն եվրո հատուկ միջոցներ: Այս տարի առաջին անգամ այդ միջոցներից կօգտվեն Եվրամիության Արևելյան գործընկերության բոլոր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
 
Հայաստանը Գերմանիայի Բունդեսթագի հատուկ միջոցներից այս տարի օգտվում է առաջին անգամ: Հատուկ նախաձեռնությունների շրջանակում հավանության արժանացած մոտ 240 նախագծերից 70-ից ավելիի մեջ երկկողմ կամ տարածաշրջանային ձևաչափով ներառված են նաև հայաստանյան գործընկերները: Հայաստանում խրախուսվում է երկկողմ 12 ծրագիր՝ ընդհանուր 243.000 եվրո ֆինանսական աջակցությամբ: Բացի այդ՝ Հայաստանը մասնակցում է  ավելի քան 4,7մլն եվրո ֆինանսավորմամբ տարածաշրջանային 64 ծրագրերի:
 
Գերմանիայի խորհրդարանը քաղաքական առումով նպատակ է հետապնդում Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության շրջանում իրականացվող միջոցառումների միջոցով ամրապնդել բազմակարծությունը, փոխանցել ազատ-ժողովրդավարական հիմնարար արժեքներ և երիտասարդներին տալ տնտեսական և հասարակական հեռանկարներ՝ իրենց հայրենի երկրներում մասնակից դառնալու բաց, փոխգործունակ, ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության զարգացմանը: Բացի այդ՝ խնդիր է դրված խրախուսել քաղաքացիական հասարակությունների միջև գործակցային այնպիսի նախագծեր, որոնք կամրապնդեն տարածաշրջանում երկխոսության և փոխըմբռնման պատրաստակամությունը:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն








ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
652 reads | 27.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com