ԻՐԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եզրափակիչ փակ նիստից հետո Twitter-ի իր էջում հաստատել է, որ Իրանի և «վեցյակի» միջև համաձայնություն է ձեռք բերվել: «Իրանի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, ձեռք է բերվել համաձայնություն»,- գրել է Ֆեդերիկա Մոգերինին:
 
Լրատվամիջոցները  Իրանի և «վեցյակի» միջև գործարքի պայմաններն են հրապարակել: Ըստ դրանց՝ Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը: Tert.am-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կվերացնի 8 տարի հետո կամ իրանական ատոմի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ընդգրկուն եզրակացության տրամադրումից հետո:

Reuters-ի տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են, որ Իրանին զենք մատակարարելու ՄԱԿ-ի էմբարգոն ուժի մեջ կմնա առաջիկա 5 տարվա, իսկ հրթիռների և տեխնոլոգիաների մատակարարման էմբարգոն՝ 8 տարվա ընթացքում: Իրանի միջուկային ոլորտում գիտական հետազոտությունների վրա սահմանվող սահմանափակումները կպահպանվեն 8 տարով։

Իրանը համաձայնել է 15 տարվա ընթացքում ուրանը 3.67 տոկոսից բարձր չհարստացնել։

Իրանը և «վեցյակը» համաձայնության կատարման մոնիթորինգի համար առնվազն 2 տարին մեկ կհանդիպեն։

ԵՄ-ն կհանի Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական սահմանափակումները ԱԷՄԳ-ի կողմից «վեցյակի» հետ Թեհրանի պայմանավորվածությունների կատարումը հաստատելուց հետո:
 
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի համոզմամբ, թեև Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդել Իրանի վրա, սակայն ձեռք բերված համաձայնությունը Իրանի զարգացման մեջ պատմական կետ է։
«Ես շատ գոհ եմ, որ մենք այսօր համաձայնության ենք եկել»,- հայտարարել է նա, գրում է News.am-ը։
 
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով, Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը հիմնված է ոչ թե կողմերի վստահության, այլ ստուգման վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակցությունների մասնակիցները հաստատուն ընտրություն են կատարել կայունության օգտին։
«Իրանը հնարավորություն կստանա ԱԷՄԳ հսկողության եւ դրան հաջորդող պատժամիջոցների չեղարկման պայմաններում զարգացնել միջուկային ծրագիրը, այդ թվում՝ ուրանի հարստացումը։ Դա կարեւոր է Ռուսաստանի եւ Թեհրանի միջեւ համագործակցության մասշտաբային պլանների իրականացման առումով»,-ասված է Պուտինի հայտարարության մեջ։
Իրանական համաձայնության առիթով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն:
«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։ Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
872 reads | 14.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com