ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ






Սովորականից ժամից մի փոքր շուտ հասնելով Հունաստանում ՀՀ դեսպանություն՝ միջանցքի սպասասրահում տեսա աթոռին կծկված փոքրամարմին, տխուր դեմքով, խեղճուկրակ տեսքով մի տղամարդու: Կարծելով, թե հյուպատոսի հերթական այցելուներից է, բարևեցի և անցա աշխատասենյակս:
 
Քիչ անց ներս մտավ դեսպանության քարտուղարուհին և փոքր ինչ անհանգստացած ասաց. «Սա պարոնը վիսկի կուզե, ի՞նչ ընեմ»: Սովորաբար հյուպատոսական հարցերով դեսպանություն այցելած ՀՀ քաղաքացիները նման պահանջներ առաջ չեն քաշում:

Զարմացած հարցրի.
-Ո՞ր պարոնը:
-Փոլիսներուն (ոստիկանների) բերած պարոնը,- ասաց  քարտուղարուհին:
Ավելի զարմացա:
-Ի՞նչ փոլիսներ:


Պարզվում է, առավոտյան երկու ոստիկան այդ մարդուն բերել են դեսպանություն, որպեսզի հյուպատոսը նրան վերադարձի վկայական տրամադրի, որ կարողանան Հայաստան ուղարկել:
 
Հույն ոստիկանները երևի աշխարհի ամենադինջ ոստիկաններն են: Բերելով մարդուն դեսպանություն, հանձնարարել են նստել և սպասել, քարտուղարուհուց թույլտվություն են խնդրել, որ նա կարողանա նստել միջանցքում, իսկ իրենք գնացել են ֆրապե (հունական լուծվող սուրճ) խմելու: Ֆրապե խմելը Հունաստանում համարյա սրբազան արարողություն է, նույնիսկ պետական ծառայողներին չի կարելի անհանգստացնել ֆրապե խմելիս: Պատահել է, որ քաղաքային ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան և վայելել իր ֆրապեն, իսկ ուղևորները համբերատար սպասել են: Հունաստանի հաճախակի ճգնաժամերի բազմաթիվ պատճառներում առավոտյան ֆրապե խմելը ևս իր ուրույն տեղն ունի:
 
Մոտեցա մարդուն, ծանոթացանք, անուն, ազգանունը ծանոթ թվացին, սակայն չէի կարողանում մտաբերել: Կարճատև զրույցից հետո հանկարծ հիշեցի: Մի քանի ամիս առաջ հյուպատոսը պատմել էր հունական ոստիկանության հետ գրագրության մասին, որով նախապատրաստվում էր հունական բանտից մի հայ կրկնահանցագործի տեղափոխել Հայաստան: Խոսքը մարդասպանի մասին էր: Սպանել էր Հայաստանում, փախել էր Հունաստան, կրկին սպանել, ձերբակալվել, դատապարտվել, իսկ հիմա հույները վերադարձնում էին Հայաստան, իր պատժի մնացորդն այնտեղ կրելու:
 
Մինչև իմ գալը նա առնվազն կես ժամ համարյա մենակ մնացել էր դեսպանատանը: Ոստիկանները գործավարուհուն չէին զգուշացրել, որ հանցագործի են բերել, հյուպատոսը ևս չէր տեղեկացվել այդ օրվա այցի մասին, տեղյակ չէր նաև հայկական ավիաուղիների ներկայացուցիչը, որ ինքնաթիռով հանցագործ էր տեղափոխվելու, չէր տեղեկացվել նաև մեր ոստիկանությունը, որպեսզի դիմավորեին օդանավակայանում: Խոսքը կրկնակի մարդասպանի մասին էր, որը մի քանի տարի թաքնվել էր ոստիկանությունից:
 
Քարտուղարուհուն խնդրեցի վիսկի բերել: Մի-մի բաժակ խմեցինք, զրուցեցինք, չհերքեց, որ սպանել էր, ափսոսում էր կատարվածի համար, հաշտվել էր իր վիճակի հետ, անտարբեր էր դարձել իր ճակատագրի նկատմամբ:
 
Դեսպանություն մտած հյուպատոսը, տեսնելով մեզ առավոտ շուտ վիսկիի բաժակներով, շատ զարմացավ, իսկ երբ իմացավ՝ ում հետ եմ խմում, իսկապես անհանգստացավ: Վարորդին ուղարկեցինք ոստիկանների հետևից: Եկան ֆրապեի կիսատ բաժակներով, դժգոհ, որ կիսատ էին թողել արարողությունը:
 
Արագ ավարտեցինք բոլոր փաստաթղթերի պատրաստումը, կապվեցինք հայկական ավիաուղիների ներկայացուցչի հետ, վերջինս՝ Հայաստանի ոստիկանության: Բարեբախտաբար ինքնաթիռում տեղ գտնվեց նաև հույն ուղեկցող ոստիկանի համար: Հույները դրա մասին չէին էլ մտածել: Այս ժամանակահատվածում մարդը տխուր ու անտարբեր նստած էր դեսպանատանը հույն ոստիկանների ընկերակցությամբ: Որոշ ժամանակ անց ոստիկանները հայտարարեցին, որ ընդմիջման ժամ է և իրենք պետք է գնան ճաշելու:
 
Հունական ընդմիջումը մի առանձին պատմության նյութ կարող է դառնալ: Այն սկսում է կեսօրին և տևում մինչև ցերեկվա ժամը չորսը: Նախատեսվում է նաև հետճաշյա քուն: Ընդմիջումից կես ժամ առաջ և կես ժամ հետո պետական ծառայողներին որևէ հարցով դիմելը վիրավորանք է ընկալվում, և կարող եք վստահ լինել, որ նույնիսկ համապատասխան պաշտոնյայի աշխատավայրում գտնելու դեպքում իսկ հարցը լուծում չի ստանա, ավելին, կառաջանան նոր բարդություններ:
 
Ոստիկաններին համոզեցինք ճաշել տեղում, մասնակցեց նաև դատապարտյալը: Կրկին անտարբեր էր ու տխուր: Նայելով այդ փոքրակազմ, վտիտ տղամարդուն երբեք չէիք կարող պատկերացնել, որ առնվազն երկու մարդ էր սպանել: Նրան բարի վերադարձ, ապաշխարություն և հոգեկան հանգստություն մաղթեցինք:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1115 reads | 16.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com