ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԿՐԵՄԼԸ ՎԱՂՈՒՑ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի տարածաշրջանային դերակատարման և գերտերությունների հետ նոր տեսակի հարաբերությունների մասին Lragir.am-ը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
 
Հարց-Պարոն ՆավասարդյանԵԱՀԿ նախագծերի համակարգող գրասենյակի փակումը Ադրբեջանում,  hաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացում, ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել:
 
Ա.Ն.-ԵԱՀԿ գրասենյակն առավելապես ներկայացուցչական մեխանիզմ է և որոշակի դեր չի խաղում քաղաքական խնդիրների` տվյալ դեպքում ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործում: Այնպես որ, գրասենյակի փակումը չի բերի աննախադեպ զարգացումների, և Ադրբեջան–ԵԱՀԿ հարաբերությունների լարվածության վերացման դեպքում կարող է վերաբացվել:
 
Հարց-Կարծիք կա, որ Բաքվում տեղի ունեցող եվրոպական խաղերը կարող են շրջադարձային նշանակություն ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, ինչպես Սոչիի օլիմպիադան Ուկրաինայի համար։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։
 
Ա.Ն.-Կիսում եմ մասամբ: Բացառված չէ, որ խաղերից հետո իրադրությունը կարող է սրվել: Սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների, հատկապես պատերազմի սանձազերծումը բացառում եմ: Նման դեպքերին նախորդում են հատուկ մոբլիզացիա, զորքերի տեղաշարժ, ռազմահավաք և այլ զանգվածային միջոցառումներ, որոնք կողմերի մոտ առկա չեն: Ի դեպ, պատմության մեջ եղել է նման դեպք, երբ Օլիմպիական խաղերին հաջորդել է պատերազմը. 1936 թվականին ֆաշիստական Գերմանիան այդ խաղերից երեք տարի անց սկսեց Երկրորդ համաշխարհայինը: Հավանաբար նման մտքեր են մթագնում Ալիևի բանականությունը՝ մոռացության տալով Հիտլերի վախՃանը:
 
Հարց-Ադրբեջանը խոսում է այն մասին, որ հնարավոր է անդամակցի ԵՏՄ-ին, եթե լուծվի Ղարաբաղյան խնդիրը։ Այդ առաջարկը Ռուսաստանն ինչպե՞ս կընդունի։
 
Ա.Ն.-Առաջարկն Ադրբեջանի կողմից զուտ դիվանագիտական հնարք է: Նման ձեռնարկի կապակցությամբ պրոֆեսիոնալ ժարգոնով ասում են. ‹‹հարցն օրորվում է դիվանագիտական ճոճանակի վրա››: Բաքուն չի պատրաստվում դառնալ ԵՏՄ-ի անդամ, անգամ եթե Արևմուտքի հետ անվերադարձ փչանան նրա հարաբերությունները` ինչն, ի դեպ, շատ էլ հավանական չէ: Գալով Ռուսաստանին, ապա նա, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից և տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու ձգտումից, սիրով կգնար ընդառաջ: Սակայն այդ դեպքում անգամ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը  իր լուծումը չէր գտնի: Մոսկվան քաջ պատկերացնում է, որ իրադրության  ստատուս-քվոյի խախտումը կհանգեցնի պատերազմական գործողությունների, որին Մոսկվան երբեք չի գնա: Բացի այս ամենից, իմ կարծիքով, Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունում Կրեմլը վաղուց կայացրել է որոշում. Հայաստանն իր համար ‹‹ինստիտուցիոնալ գործընկեր›› է , Ադրբեջանը` ‹‹սիտուացիոն հաճախորդ››:
 
Հարց-Եթե ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում փաստաթուղթը, որտեղ գրված է, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, դառնա նաև բանաձև, ի՞նչ խնդիրների կհանգեցնի։
 
Ա.Ն.-Ոչ մի խնդրի չի հանգեցնի, քանի որ այդ հանձնաժողովի որոշումները դեկլարատիվ բնույթ են կրում և իրավական ուժ չունեն:
 
Հարց-Ադրբեջանը փորձում է ընդլայնել Մինսկի խմբի ֆորմատը։ Ուորլիքը օրերս հայտարարել է, որ ժամանակն է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Կկարողանա՞ Ուորլիքը քայլեր ձեռնարկել ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ։
 
Ա.Ն.-Հարցն այստեղ Ուորլիքը չէ: Մինսկի խմբի ձևաչափը կարող է փոխվել միայն ընդհանուր համաձայնությամբ` այն կոնսենսուսային հարց է: Իսկ Բաքվի և Թուրքիայի  ցանկությունը ԵԱՀԿ-ի հասակակիցն է և հավանաբար նրա հետ էլ կծերանա:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
866 reads | 15.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com