ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԺԱՄԸ ՀՆՉԵԼ Է

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռևս որոշ ժամանակ կշարունակեն տարաբնույթ մեկնաբանությունների և քաղաքական կանխատեսական վերլուծումների դուռ բացել։ Վերլուծումներն արդեն հատել են ներթուրքական զարգացումների առավելագույն սահմանը և անցել աշխարհաքաղաքական ծրագրերի տարածք, որտեղ դրական հետևանքներ չեն վերապահվել Թուրքիայի ճակատագրին։ Ճգնաժամ, բաժանում, մասնատում բառերը այսօր հաճախ են երևում տարբեր վերլուծական կենտրոններից բխող հրապարակումներում։

Ընտրությունները մեկնաբանելիս պետք է անպայման հիշել Էրդողանի նախընտրական հռետորաբանությունն ու ընտրաճառերի ընթացքում կատարած մեղադրանքները, թե ովքեր են Թուրքիայի թուլացումն ու մասնատումը առաջադրողները։ Այս բոլորի դիմաց Էրդողանը  խոստանում էր հաղթել` թույլ չտալու համար իր երկրի մասնատումը։ Հիմա երբ նա ընդունում է, որ չի հաղթել, նշանակում է՝ Թուրքիայի  մասնատման գործընթացն սկսել է։

Էրդողանի համոզմամբ մասնատման գործընթացի գլխավոր պատասխանատուն նկատվում է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, իսկ  Թուրքիայի մասնատումը ցանկացողների շարքում են արևմտամետ լրագրողները և հայկական լոբբին, այսինքն` հայկական Սփյուռքը։ Պատահական չէր, որ Էրդողանի ընտրաճառերում գլխավոր մեղադրանքներն ու ամբաստանությունները ուղղված լինեին քրդամետ կուսակցությանը։ Այսօր Թուրքիայի կայունությանը, նույնիսկ աբողջականությանը սպառնացող համար առաջին խնդիրը քրդական հարցն է և Թուրքիայի նախագահն իր մրցակից ուժերից ավելի, ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր անցողիկ շեմը հատել-չհատելու ընտրապայքարում եղող Դեմիրթաշի կուսակցության վրա։
Քրդամետ կուսակցությունը չէր խոսում քրդերի իրավունքների մասին, այլ հանդես էր գալիս իբրև Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, իբրև խտրականության դեմ պայքարող ուժ։ Փոքրամասնությունները, սակայն, կարող են ըստ էության մեծամասնության վերածվել, եթե ինքնության խնդիրները սուր քաղաքական հնչեղություն ունենան և եթե, իհարկե, արտաքին ներշնչումներ և քաջալերանքներ ստանան։ Վերջապես, ազգությամբ թուրքն ու ազգությամբ այլազգի և քաղաքացիությամբ թուրքը ցեղային տարբեր հասկացություններ են։

Ազգությամբ թուրքը Թուրքիայում կարող է արագ ոստումներով փոքրամասնության վերածվել, երբ պայմանները հասունանան ներքին եւ արտաքին մակարդակների վրա։  Էրդողանի պայքարի կենտրոնացման և երկրի բաժանման վտանգի արծարծման մեջ այս հանգամանքները հավանաբար գերակշռել են։
 
Թվում էր կարճ ժամանակ առաջ, որ Էրդողան-Գյուլեն պայքարից հաղթական դուրս էր եկել առաջինը։ Որոշ ժամանակ անհրաժեշտ է, կարողանալ ճիշտ գնահատական տալու, Գյուլենի դերակատարությունը այս ընտրություններում։ Իշխող կուսակցությունում ճեղքեր անպայման, բայց նաև` անհավանական պետք չէ նկատել այլոց սատարելու մարտավարությունը` պատժելու գործող նախագահին։ Ահա այստեղ է, որ ԱՄՆ-ում հաստատված Գյուլենը տարբեր ուժերի առընթեր ծառայած լինի նոր օսմանականության հավակնոտ ծրագրեր իրականացնելու հայտարարություններ կատարած նորօրյա սուլթանին զսպելու ընդհանուր քաղաքականությանը։

Տարածաշրջանային առումով Արևմուտքի համար Անկարան անհրաժեշտ էր իսլամական ահաբեկչությունը հովանավորելու, ֆինանսավորելու, տարածք տրամադրելու և այդ տարածքներից դեպի Իրաք և Սիրիա անարգել անցքեր տրամադրելու։ Հնչե՞լ է արդյոք Անկարայի դերակատարությունը կասեցնելու ժամանակը։ Դժվար է  բացարձակ հաստատում կատարելը, այսուհանդերձ, վարքագծի որոշակի  պատկերացում կարող է փոխանցել նախագահ Օբամայի հայտարարությունը։

Գերմանիայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում Միացյալ Նահանգների նախագահ Օբաման կոչ է արել կոալիցիոն գործընկերներին` քայլեր ձեռնարկել «Իսլամական պետություն» խմբավորմանը միացող օտարերկրյա զինյալների հոսքը Թուրքիայի սահմանով դադարեցնելու համար: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են զինյալներն անցնում Սիրիա, և հետո, շատ հաճախ, Իրաք: Ամեն ինչ չէ, որ հնարավոր է կանխարգելել, սակայն ավելի համակարգված աշխատանքի, ավելի լավ հետախուզության, թուրք-սիրիական սահմանին ավելի արդյունավետ դիտարկում անցկացնելու պարագայում շատ բան կարելի է կանխել։ Թուրքիայի իշխանություններն ընդունում են խնդիրը, բայց իրենց կարողությունները լիարժեք չեն օգտագործում»,-ասել է Օբաման։

Թեև այստեղ կոչ է արվել և ոչ թե խիստ դատապարտենք. Թեև նուրբ է քննադատությունը և դրական ակնկալություն փոխանցող ասելաձեւ օգտագործվել է, այսուհանդերձ այս մակարդակով եւ այս բովանդակությամբ պաշտոնապես առաջին անգամն է, որ Վաշինգտոնը նման ազդարարություն է ուղղում Անկարային։ Հայտարարության վրա հիմնվելով կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը ընդգծում է պաշտոնապես, որ Անկարան ֆինանսավորել, աջակցել եւ հովանավորել է իսլամ ահաբեկիչներին. աւելին. ժամն է կասեցնելու այս ընթացքը։ Հարցական  է մնում իհարկե, որ ԱՄՆ-ի համար իսկապես պահը հասե՞լ է ԻՊ-ի տրամադրվող թուրքական աջակցությունը կասեցնելու. այս հարցից ավելի կարևորը Անկարայի վրա Վաշինգտոնի ճնշման պաշտոնականացումն է։
Հայկական առնչությունների որոնումը այս ամբողջում օրինաչափ մոտեցում է։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ճանաչումների միջազգային երթը, կատարված հայտարարությունները համոզիչ են դարձնում այն, որ Ցեղասպանության հարցը իբրև Անկարայի դեմ կիրառվող ճնշամիջոց սկսել էր ստանալ աշխահաքաղաքական օրակարգի կարգավիճակ։

Թե Ցեղասպանության ճանաչումների շարքը և թե Գալիպոլիի հակաքայլին միջազգային ընտանիքի չընդառաջելը և ընդհանրապես նշումը ստվերում թողելը Էրդողանին ու իր կուսակիցներին պիտի համոզած լինեին, որ փայլուն արդյունքներ չեն սպասում իրենց` խորհրդարանական ընտրություններում։ Պետք է համոզված լինեին նաև, որ ԻՊ-ի անարգել օժանդակությունները տվյալ պահին քաղաքական գին ունեն վճարելի։ Անկարան սկսել է վճարել իր առջեւ դրվող քաղաքական պարտամուրհակները:

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
740 reads | 13.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com