ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՇԹՐԵՆՑԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հունիսի 10-ի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի «Նախագահի մեծ շոուն» հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիեւը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել:
 
Խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է քան երբեւէ: Հեղինակն իր այս համոզմունքը հիմնավորում է՝ պատմելով ձերբակալված մտավորականների մասին: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը հուզում է գերմանական եւ եվրոպական քաղաքականությանը: Եվրոպական խորհրդարանը եկող չորեքշաբթի նախատեսված լիագումար նիստում թեման կքննարկի  Եվրոպական խորհրդի եւ Հանձնաժողովի հետ: Իսկ Դաշնային կառավարությունն առաջիկա օրերին պետք է պատասխանի ՙԱդրբեջանում աճող ռեպրեսիները՚ խորագրով Կանաչների հարցմանը:
 
Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու կատարած այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիեւն անձամբ, սակայն քննադատություն բարձրացնելու առիթը պատգամավորների կողմից չի օգտագործվել:
 
Խմբի անդամ Կանաչների ներկայացուցիչ Թաբեա Ռյոսներն ասում է. «Նախագահի հետ հանդիպմանը խրթին թեմաները քննարկման հնարավորություն չունեցան, ինչն ինձ անչափ զայրացրեց»: Նա պատմում է, որ իրենց նախապես ասվել էր՝ հանդիպումը կարճ է լինելու, թեմաները խրթին են, եւ Ալիեւը կբարկանա, եթե քննադատություն հնչի:
 
Թաբեա Ռյոսներն անչափ ուրախ է, որ Ալիեւի հետ հանդիպումից հետո ինքը հնարավորություն է ունեցել Բաքվում խոսել նաեւ քաղաքացիների հետ, ինչը իրականություն է դարձել Բաքվում Գերմանիայի դեսպանատան միջոցով:
 
Պաշտոնական ծրագրում, ի տարբերություն Թբիլիսիի ծրագրի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպում չի նախատեսվել, հիմնավորումը՝ օրակարգը խիստ հագեցած է:  Ռյոսները, այսպիսով, հրաժարվել է պաշտոնական ծրագրի պայմանավորվածություններից մեկից, որպեսզի հանդիպի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:
 
Հոդվածագիրը վեր է հանում Շթրենցի՝ Ալիեւի մոտեցումները պաշտպանելու հակումը: Նա, ինչպես Ալիեւը, մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող «կրկնակի ստանդարտներիե կապակցությամբ: «Tagesspiegel»-ին տված մեկնաբանությունում խորհրդարանական խմբի նախագահն ասում է, թե ակնհայտ է, որ կարծես, բացառապես Ադրբեջանն է քննադատության թիրախ դառնում: 
 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
745 reads | 12.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com