ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԱՀՎԱՆ» ՊԱՏՃԱՌԸ՝ HDP, CHP, MHP
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքները սառը ցնցուղ էին նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, քանի որ մեծ հավանականությամբ ձախողվեց երկիրը նախագահական հանրապետություն դարձնելու՝ նրա պլանը: Ըստ քաղաքական վերլուծաբան Մուշեղ Խուդավերդյանի՝ նույնիսկ նախագահի աթոռը չօգնեց Ռեջեփ Էրդողանին՝ իշխող կուսակցության համար ապահովելու բացարձակ մեծամասնություն երկրի խորհրդարանում: խորհրդարանի  ընտրությունը AKP-ի համար ամենաանհաջողն էր գործունեության 12 տարվա ընթացքում: 41%-ը Էրդողանին հնարավորություն չի տա միակուսակցական կառավարություն կազմել և փոխելով սահմանադրությունը՝ անցնել նախագահական կառավարման: Էրդողանը փաստացի դառնում է խամաճիկ ու կամակատար ապագա կոալիցիոն կառավարության ու վարչապետի ձեռքում:

Էրդողանին 0-ից աճեցնելով ու վարչապետի պաշտոնին հասցնելով՝ ամերիկյան ռազմավարական միտքը նպատակ ուներ Թուրքիան նրա շնորհիվ դարձնել իր ամենահուսալի ֆորպոստը Մերձավոր Արևելքում: Եղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, զարգացավ տնտեսությունը, բայց ոգևորված Էրդողանը որոշեց անտեսել գերտերությունների շահերն ու խաղալ իր կանոններով:

Մուշեղ Խուդավերդյանը համոզված է՝ Էրդողանի քաղաքական կնքահայր Ֆեթհուլլահ Գյուլենը սկսել է պատժիչ գործողությունները:
Նոր խորհրդարան և նոր կառավարություն ունեցող Թուրքիայում անկասկած կփոխվի նաև վերաբերմունքը ՀՀ նկատմամբ: Նախ, առաջին անգամ խորհրդարան են մտնում երեք հայ պատգամավորներ, ապա ավելի քան 13% ձայն ստացած քրդամետ HDP-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, պաշտպանում է Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները: Առաջիկա տարիներին HDP-ն կփորձի մեծացնել կողմնակիցների թիվը, իսկ Հայաստանի ու հայերի գործոնը կարող է լինել որոշիչ:

Թե ինչ տեսք կստանա Թուրքիայի նոր կառավարությունն ու ով կլինի վարչապետը, հայտնի կդառնա առաջիկա 40 օրվա ընթացքում, թուրքական թնջուկը, սակայն, չի ստանա արագ լուծում: Մի կողմից կենաց մահու պայքարում են Էրդողանն ու Գյուլենը, մյուս կողմից 16% ստացած ազգայնամոլներն ու 25% ունեցող քեմալիստներն են ձգտում իշխանափոխության:

Խորհրդարան մտած երեք ընդդիմադիր կուսակցությունները ունեն խոր հակասություններ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կառույցի հետ, ուստի քիչ հավանական է գործակցությունը, բայց անկանխատեսելի սցենարները հատուկ են Թուրքիային: Ամենատարբեր վարկածներ ու համոզմունքներ՝ սկսած նախագահին անվստահություն հայտնելուց մինչև արտահերթ ընտրություն ու Թուրքիայի մասնատում: Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը շեշտում է՝ սա ոչ միայն խորհրդարան մտնող կուսակցությունների, այլև Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելու՝ ժողովրդի ընտրությունն էր: Իրադարձությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը չընտրեց Էրդողանի տարբերակը:

Անակնկալ էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստացած ձայների քանակը: Դրանց առյուծի բաժինը HDP-ն ձեռք բերեց Արևմտյան Հայաստանում՝ հիմնականում տեղի քրդերի ու հայերի շնորհիվ: Կան վարկածներ, որ HDP-ն արևմտյան նախագիծ է՝ Թուրքիայում խաղաղ իշխանափոխություն անելու, քրդական հակամարտությունը լուծելու և երկիրը ավտորիտար ռեժիմից հանելու համար: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը տեղյակ չի, որ իշխանությունը բանակցում է PKK-ի առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի հետ: Թուրքագետը նաև տեղյակ չէ, որ Էրդողանի աշխատասենյակում ակտիվ քննարկվում է Թուրքիան դաշնային հանրապետություն դարձնելու թեման՝ մասնատումից խուսափելու համար:

Փոխարենը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատողը ճակատագրական է համարում երեք հայ պատգամավորների մուտքը Թուրքիայի խորհրդարան: Նրանք նոր թափ կհաղորդեն հնարավոր հաշտեցմանը: Հայ թուրքագետը կոչ է անում զգույշ և կոռեկտ խոսել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին, Վահրամ Տեր-Մաթևոսյանի համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմն էլ գործի և փորձի գործակցել Թուրքիայի խորհրդարանականների հետ, խոսել կնճռոտ հարցերի մասին և հայկական հարցը մտցնել խորհրդարան:
 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
909 reads | 10.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com