ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՀԵՏ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ






Հայաբնակ պատմական Շիշլին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկն է և համեմատաբար հանգիստ տարածք է համարվում, եթե հաշվի չառնենք ազգայնականների կողմից հայերի և հույների դեմ մերթընդմերթ կազմակերպվող հարձակումները, ինչպես նաև անարխիստների մայիսմեկյան ավանդական ընդհարումները ոստիկանության հետ:
 
Գարնանային մի ուշ գիշեր տուն եմ վերադառնում համայնքային հերթական միջոցառումից, և հանկարծ իմ բնակարանի մուտքի դռան մեջ տեսնում եմ ամբողջ բոյով մեկ փռված ու բարձր խռմփացնող մի հսկայամարմին, ցնցոտիավոր սուբյեկտի: Բնակարան մուտք գործելու համար ստիպված պետք է ցատկեի այդ էակի վրայով, կամ նրան արթնացնեի՝ հաշվի առնելով անկանխատեսելի հետևանքները: Նախ փորձեցի թեթևակի հրել, սակայն նա ինչ-որ անհոդաբաշխ գռմռոց արձակեց, շուռ եկավ մյուս կողքի վրա ու շարունակեց հանգիստ խռմփացնել:  Սուբյեկտը հիմնավոր էր տեղավորվել, գլխի տակ դնելով մի քանի տակ ծալված հաստ ստվարաթղթի կտոր:
 
Անհանգստացա, մտածելով, որ թուրքական հերթական սադրանքն է: Շիշլիի իմ բնակված թաղում մուրացիկներ և անտուն թափառականներ համարյա չէին հանդիպում: Ուսումնասիրեցի շրջակայքը՝ դատարկություն էր: Միայն հեռվում երևում էին հրեական Սինագոգի պահակակետում հավաքված ոստիկանների ծխախոտի կրակները: Մոտ 200 մետր հեռու գտնվող հրեական Սինագոգը 2003 թվականին ռմբահարվել էր, և դրանից հետո այնտեղ հաստատվել էր մշտական ոստիկանական հերթապահություն: Գիշերները ոստիկաններն իրար գլխի էին հավաքվում ու ծիծաղաշարժ պատմություններով կարճում հերթապահությունը:  
 
Կամացուկ հրհրելով, սուբյեկտին սկսեցի տեղափոխել, որպեսզի կարողանամ բանալիով բացել մուտքի դուռը: Իմ հրմշտոցի արդյունքում խեղճը համարյա հայտնվեց օդում և երբ բանալիով մի կերպ բացեցի դուռը և նրա վրայով ցատկելով հայտնվեցի շքամուտքում, նա դրմփոցով գլորվեց աստիճաններից ցած և սարսափած արթնացավ՝ չհասկանալով ինչ է կատարվում: Ես արդեն ներսում էի, իսկ նա առանց ուշադրություն դարձնելու պատահածին, կրկին փորձում էր հարմարվել աստիճանավանդակի «փափուկ» քարերի վրա, կիսատ քունը շարունակելու նպատակով:
 
Առավոտյան տնից դուրս գալով, տեսա, որ նրա գլխատակի ստվարաթղթի կտորը խնամքով դրված էր մուտքի դռան հետնամասում: Վերցրի ու նետեցի աղբարկղ, որպեսզի հաջորդ գիշերներին ևս շքամուտքը չվերածվի գիշերակացի: Մի ամբողջ շաբաթ ամեն առավոտ նմանատիպ մի հաստ ստվարաթուղթ հայտնվում էր մուտքի դռան հետևում, և ես ամեն օր բարեխղճաբար այն նետում էի աղբարկղ:  
 
Կիրակի օրը սովորականից ավելի ուշ պատրաստվում էի դուրս գալ տնից, երբ մուտքի մոտ տեսա, որ հարևանությամբ գործող կրպակի ծերունի տերը մի հաստ ստվարաթուղթ է դնում աստիճաններին, որպեսզի դրանց վրա դրվող երկաթե վանդակաճաղերը չվնասեն մարմարը: Ինձ տեսնելով, սովորականի նման բարևեց և արևելյան քաղաքավարական կարճատև զրույցից հետո հուզմունքով ասաց. «Չեմ հասկանում, ու՞մ կարող է խանգարել այս թղթի կտորը, որ ամեն անգամ անհայտանում է իմ դրած տեղից, քաղաքն ինչի՞ է վերածվում, որտեղից ասես, ով ասես եկել լցվել է, էս ի՞նչ օրի հասանք, մի կտոր թուղթը ստիպված տանում-բերում եմ, որ աստիճանները չվնասեմ»:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1623 reads | 08.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com