Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ
Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա:
 
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարևոր է համարել՝ միաժամանակ, բարձր գնահատելով սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ իր այցը սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում է՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի Նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։

Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշել է. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք»։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել 2015-ի ապրիլին՝ Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, ինչը հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսևորումն է:

Սիրիայի Նախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի Նախագահն ընդգծել է, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարևոր է հանդուրժողականության և բազմազանության տեսանկյունից։ Նախագահ Ասադը, արժևորելով հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման և երկրում կայունության ապահովման գործում, խնդրել է նաև իր բարեմաղթանքները և հարգանքի հավաստիքը փոխանցել սիրիահայ համայնքին, որոնց ներկայացուցիչների հետ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց օրվա երկրորդ կեսին։

Սիրիայի Նախագահը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմին:

Շնորհակալություն հայտնելով Սիրիա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով։

Սիրիայում ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով:
Այս համատեքստում Սիրիայի արտգործնախարարը արժևորել է ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։

Այցի օրակարգում էր Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ:
Նախարար Նալբանդյանն արժևորել է Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ կարևորելով խորհրդարանականների դերը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման գործում:
Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող խնդիրներ։

Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։

Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը։ Այդ համատեքստում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և կարևորեց հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դամասկոսի և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների առաջնորդներին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։

«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է և իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում», - շեշտել է արտգործնախարար Նալբանդյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն են հայտնել Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության և ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցության դրսևորում։ Սիրիահայերը կարևորել են Դամասկոսում Հայաստանի դեսպանության և Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
654 reads | 28.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com