ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ԶԱՅՐԱՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՆՈՐՄԱԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 22-ի առավոտյան Լատվիայի մայրաքաղաքում բացվեց Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վաղ առավոտյան արդեն այստեղ էին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները, այդ թվում առաջատար երկրների ղեկավարներ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրամիության տարբեր կառույցների ղեկավարներ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և այլոք:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, պետությունների ղեկավարները հերթով գալիս էին, նրանց մուտքի մոտ ողջունում էին Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ժան-Կլոդ Յունկերը և Դոնալդ Տուսկը, ինչպես նաև Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման: Նախագահները, վարչապետները, արտգործնախարարները կանգ էին առնում, լուսանկարվում նրանց հետ, հետո գնում նիստերի դահլիճ:

Առաջինը եկավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Պաշտոնյաներից ոմանք կանգնում էին լրագրողների մոտ, պատասխանում էին մի քանի հարցի:

Հայտնի դարձավ, որ փակ դիվանագիտական դռների հետևում լուրջ քննարկումներ էին ընթանում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստի մի քանի կետերի շուրջ:

Հայտնի է, որ մայիսի 21-ին եզրափակիչ փաստաթղթի եզրույթներից մեկի շուրջ վիճաբանություն էր ծագել, մասնավորապես՝ Հայաստանը և Բելառուսը դեմ էին արտահայտվել «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին և կարծում էին, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չպետք է լինի վերջնական փաստաթղթում:

Սակայն մայիսի 22-ին պարզվեց, որ որևէ առարկություն չկա, և այդ եզրույթը մնում է փաստաթղթում, որովհետև այն վերաբերում է ոչ թե Արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին, իսկ քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, ապա որևէ ազդեցություն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթին: Այդ իմաստով, կարծես թե հնարավոր եղավ հարթել այդ տարաձայնությունը, ինչպես հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Բարեբախտաբար, Ռիգայում բանակցությունները ներդաշնակ են ընթանում, և մենք կկարողանանք համաձայնել համատեղ հռչակագրի շուրջ, որտեղ հստակ պետք է լինի, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի: Սա Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր դիրքորոշումն է», - ասաց Մերկելը:

Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը առարկություններ ունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ձևակերպումների առնչությամբ: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ Եվրամիությունը աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա: Միջազգային իրավունքի որևէ սկզբունք առանձնացված չէր փաստաթղթում՝ ոչ տարածքային ամբողջականության և ոչ էլ ինքնորոշման: Սակայն հետագայում կարծես թե հաջողվեց հարթել այս բոլոր տարաձայնությունները, և տեքստը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, մնաց նույնը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը, անկասկած, Անգելա Մերկելն է, որի ամեն մի մեկնաբանություն և խոսք մեծ ուշադրությամբ է լսվում այստեղ:

Հայաստանի նախագահը շուրջ կես ժամ հանդիպում ունեցավ Անգելա Մերկելի հետ: Նրանք քննարկել են հայ - գերմանական միջպետական հարաբերությունները, գոհունակությամբ արձանագրել, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլայնվել և հարստացել է հայ - գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է շուրջ 6 տասնյակ համաձայնագրերով:
Հանդիպման ընթացքում նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Ռիգա գալուց առաջ, ի դեպ, կանցլեր Մերկելն ասել էր, թե Ուկրաինան և Վրաստանը առայժմ պատրաստ չեն Եվրամիության հետ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն ստանալու համար, առավել պատրաստ Վրաստանն է, իսկ Մոլդովան արդեն ստացել է այդպիսի հնարավորություն:

«Արևելյան գործընկերությունը Եվրամիության ընդարձակման գործիք չէ, այն ավելի շուտ գործիք է Եվրամիությանը մոտենալու համար՝ ահա այս հիմքի վրա ենք մենք վարելու բանակցությունները», - Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը մի փոքր հիասթափություն էր առաջացրել հատկապես վրացիների և ուկրաինացիների մոտ:

Սակայն հետո Եվրամիության մի շարք ղեկավարներ հայտարարեցին, թե Արևելյան գործընկերության այն երկրները, որոնք ուզում են միանալ Եվրամիությանը, պետք է այդպիսի ձգտման հնարավորություն ունենան, ամեն երկիր ինքն է որոշում, թե որքան է ցանկանում մոտենալ, մերձենալ Եվրամիությանը, որքան սերտ հարաբերություններ է ուզում հաստատել Բրյուսելի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
866 reads | 23.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com