«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»
Երևանում մեկնարկել է «Ճանաչենք մեր հարևաններին» խորագրով միջոցառումների շարքը, որը նախաձեռնել են Հայաստանի հանրապետական կուսակցության Նոր Նորքի և Կենտրոնի Երիտասարդական կազմակերպությունների գաղափարաքարոզչական-քաղաքական հանձնախմբերը:

Առաջին հանդիպումը նվիրված է եղել Թուրքիային։ Երիտասարդները զեկուցումներ են կարդացել այդ երկրի արտաքին քաղաքական ուղղություններին, զինված ուժերին, կուսակցություններին, թուրքական ազգային ինքնությանը վերաբերող թեմաներով:

ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշել է, որ նման միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի երիտասարդները, որոնք հետագայում գուցե դառնան ակտիվ քաղաքական գործիչներ, առավելագույն պատկերացումներ կազմեն մեր հարևանների մասին, հատկապես նրանց մասին, ում հետ ունենք տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրներ։

Միջոցառման ժամանակ զեկուցող Աննա Մկրտչյանը ներկայացրել է Թուրքիայում թուրք լինել կամ չլինելու խնդիրը։ Նա նշել է, որ ներկայում Թուրքիայում պետական մակարդակով տարվում է երկրի բնակչության թրքացման քաղաքականությունը, ինչը բացատրվում է երկրի միասնության, տարածքային ամբողջականության անվտանգությունը պահպանելու նկատառումով։ Եվ այդ ռազմավարությունը մշակվել է դեռևս Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից։ Այն գործում է մինչ օրս և արտացոլված է այդ երկրի սահմանադրության մեջ։ Բանախոսը նաև նկատել է, որ այժմ Թուրքիայում կան մի շարք սահմանափակումներ՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ։ Դա հանգեցնում է նրան, որ շատ հաճախ ազգային փոքրամասնությունները թաքցնում են թե′ իրենց ազգային պատկանելությունը, թե′ դավանած կրոնը։

Նորիկ Ղլիջյանը խոսել է Թուրքիայի ազգայնական շարժման մասին։ Երիտասարդ հանրապետականը նկատել է, որ թուրք ազգայնականների ծրագրերում մեծ տեղ է գրավում պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Պանթուրքիզմի էությունը մեկ միասնական մահմեդական միավորում ստեղծելն է՝ թուրքալեզու պետությունների միավորմամբ, որտեղ Թուրքիան պետք է ունենա առաջնորդի դեր։ Եվ Հայաստանը թուրանական պետության ստեղծման ճանապարհին խոչընդոտ է, ինչը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին։

Զեկուցումներն ուղեկցվել են տեսանյութերով։ Թեմաների ներկայացումներից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
422 reads | 22.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com