«ԱՆԻԶՈՏՐՈՊ ՍԱԼԵՐԻ ԵՎ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԱՍԻՄՊՏՈՏԻԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱՆԳԼԵՐԵՆ
«World Scientific Publishing» (Համաշխարհային Գիտություն  հրատարակչություն) հրատարակչությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Անիզոտրոպ սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» լայնածավալ մենագրության անգլերեն տարբերակը: Գիրքը բաղկացած է 376 էջից, 11 գլխից: Գիրքը նվիրված է ժամանակակից տեխնիկայի, սարքաշինության և շինարարության հիմնական կոնստրուկցիաների, սարքերի և կառույցների բաղկացուցիչ տարրերի ամրությանը, կայունությանը և հուսալիությանը:

     Մինչև վերջին տասնամյակները այդ խնդիրները լուծվել են վարկածների մեթոդով: Ձողերի ու հեծանների համար ընդունվել է Բեռնուլի-Էյլերի հարթ կտրվածքների վարկածը, սալերի և թաղանթների համար` Կիրխհոֆ-Լյավի չդեֆորմացվող նորմալների վարկածը (դասական տեսության վարկածներ):  Հայտնի են նաև ավելի քիչ սխալի հանգեցնող վարկածներով ճշգրտված տեսությունները (Ռայսներ, Ս.Համբարձումյան, Տիմոշենկո):

     Անհրաժեշտություն էր առաջացել ի հայտ բերել բոլոր այդ տեսությունների կիրառելիության շրջակները, ինչպես նաև գտնել կիրառությունների համար հույժ կարևոր խնդիրների այնպիսի դասերի լուծումներ, որոնց համար վերոհիշյալ վարկածները կիրառելի չեն:

     Լենսեր Աղալովյանի մենագրությունը նվիրված է այդ հույժ կարևոր հարցերի ուսումնասիրությանը: Ցույց է տրված, որ դասական և ճշգրտված տեսությունները, որոնք դիտարկում են միայն մեկ դասի խնդիրներ, համապատասխանում են ասիմպտոտիկ ներկայացման մեկ-երկու մոտավորություններին: Այնուհանդերձ, այդ տեսություններով ստացվող արդյունքները բավարար են լայն շրջանակի կիրառությունների համար:

     Լենսեր Աղալովյանի կողմից մաթեմատիկորեն ապացուցված է, որ դասական ու ճշգրտված տեսությունների վարկածները կիրառելի չեն նոր դասի եզրային  խնդիրների լուծման համար: Խնդիրների այդ դասերը հիմնականն են սեյսմակայուն կառույցների հիմքերի և հիմնատակերի հաշվարկներում, իսկ դինամիկ խնդիրներում` շերտավոր միջավայրում սեյսմիկ ալիքների տարածման, կառուցվածքների  վրա նրանց ազդեցության ուսումնասիրության հարցերում:  Նրա կողմից գտնված է դասականից սկզբունքորեն տարբերվող ասիմպտոտիկա, որը թույլ է տվել լուծել այդ դասի խնդիրները: Նշված են այն դեպքերը, երբ հնարավոր է ստանալ մաթեմատիկորեն ճշգրիտ լուծումներ:

     Լենսեր Աղալովյանի կողմից մշակված մոտեցումը կարող է հիմք հանդիսանալ  նոր տիպի կարևոր կիրառական խնդիրներ լուծելու համար, մասնավորապես ուսումնասիրել բարակ մարմինների և ֆիզիկական բազմաբնույթ դաշտերի փոխազդեցության հույժ կարևոր հարցերը:

Մենագրության ռուսերեն տարբերակը հրատարակվել է “Наука, физ.мат.лит., Москва” հրատարակչության կողմից և արժանացել մասնագետների ամենաբարձր գնահատականին:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
709 reads | 19.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com