ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ





 

Արաբակա՞ն, թե համաշխարհայի՞ն երևույթ

Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրն օրգանապես կապակցված  է նոր աշխարհակարգ ստեղծելու համար մեծ տերությունների սուր պայքարի և քաղաքական մարտահրավերների հետ: Իսկ եթե գոյություն ունի հարավկովկասյան հանրապետություններին սպառնացող  ռազմական վտանգ, ապա այն առնչվում  է Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) հետ, եթե ոչ այսօր, ապա գուշակելի ապագայում:
 
Հետսառպատերազմյան քաղաքական քարտեզի վրա հայտնված այս հրեշամանուկը ‹‹Արաբական գարնան›› ծնունդ է, որի կայացման գործում իրենց չափաբաժինն ունեն  Պարսից ծոցի երկրներն ու ԱՄՆ-ը: Վերջինս ոչնչացրեց Իրաքը, որի տարածքում 2003 թ. առաջացավ սուննի իսլամական արմատական խմբավորումը: Հետո  այն դարձավ ԻԼԻՊ, որին սանձելու  կամ գոնե չափավորելու Վաշինգտոնի ճիգերը հաջողությամբ չեն պսակվում, իսկ  Իրանից և Սիրիայից բացի  հարևաններից ոչ մեկը շահագրգռված չէ ԻԼԻՊ-ի վերացման մեջ:
 
Որոշ մասնագետների կարծիքով, ԻԼԻՊ-ը զուտ արաբական աշխարհի ծնունդ  է,  և նրա տարածումն այլ տարածաշրջաններ քիչ է հավանական: Այս տեսակետը մեզ վիճահարույց է թվում: Արդեն այսօր, ձգտելով հսկողություն հաստատել 10 միլիոնանոց բնակչություն ունեցող իրաքյան և սիրիական հսկայական տարածքների վրա, մուսուլման-ահաբեկիչները սպառնում են  թափանցել իրենցից շատ հեոու գտնվող երկրներ` Ֆրանսիա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Կանադա, Չինաստան… չէ՞ որ խոսքը վերաբերում է համաշխարհային խալիֆաթ ստեղծելու խելահեղ նկրտումներին: Զինը դուրս է գալիս շշից:
 
ԻԼԻՊ-ֆենոմենը հատուկ հետաքրքություն է ներկայացնում դասական քաղաքագիտության առումով: Այն փորձում  է սրբագրել սրանից գրեթե 400  տարի առաջ` Երեսունամյա պատերազմից հետո կնքված Վեստֆալյան պայմանագրի  առանցքային դրույթը, համաձայն որի  պատերազմ հայտարարելու,  վարելու և խաղաղություն հաստատելու մենաշնորհը պետությանն է: Իսլամական ֆունդամենտալիզմի առաջամարտիկ ԻԼԻՊ-ը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ պետությունները սկսում են կորցնել պատերազմելու և ուժ գործադրելու լեգիտիմությունը և, որ  ահաբեկչությունը  պետք է դառնա համաշխարհային քաղաքականության ոչ պետական, բայց կոլեկտիվ սուբյեկտ:
 
Եվ ոչ միայն փորձում է, այլև այդ պոստուլատը կիրարկում  է Մերձավոր Արևելքում, որտեղ տեղի է ունենում պետական, հասարակական և քաղաքակրթական համակարգերի փլուզում:  ԻԼԻՊ-ի գրոհայինները նվաճում են տարածքներ,  հավակնում են պետական ստատուս-քվոյի, ստեղծում են քվազիպետական կառույցներ, իշխանության վարչական ու  ֆինանսական օրգաններ, մտնում են համաշխարհային մեդիա դաշտ: Եվ այս ամենից հետո ասել, թե իսլամական ահաբեկչությունը չի սողոսկի այլ տարածքներ, կլինի անհոգություն, եթե ոչ քաղաքական կարճատեսություն: ԻԼԻՊ-ը ռեալ սպառնալիք է մարդկային հասարակությանը` անկախ երկրից, ազգությունից և կրոնական դավանանքից: Հավանաբար այսպիսի սպառնալիքն ու դրանից բխող հակամարտությունները նկատի ունի Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, երբ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված իր խոսքում ասում է, որ դրանք ‹‹փաստացիորեն վերածվում են անարդարացի բռնության՝ խառնվելով ազգային և  կրոնական տարբերությունների շահագործմանը›› և ավելացնում, որ ‹‹Բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները նման հանցագործություններին պետք է հակազդեն պարտքի հաստատուն զգացում՝ չզիջելով երկդիմիությանն ու փոխզիջմանը››:
 

ԻԼԻՊ-ը թակում է Կովկասի դարպասները

Ադրբեջան: Համադրելով տարբեր աղբյուրների տվյալները` կարող ենք  փաստել, որ Սիրիայում և Իրաքում կռվում են 500-ից ավելի ադրբեջանցի վարձականներ, որոնց թիվը ժամանակ առ ժամանակ փոխվում է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիներ կան և՛ իսլամական  ահաբեկիչների, և՛ Դամասկոսի կառավարական զորքերի շարքերում, որոնք կռվում են իրար դեմ:   Ըստ երևույթին, վարձկանի համար միևնույն է, ում արյունն է թափում և ում համար է իր արյունը թափվում. հոտը նույնն է:  Միայն թե վճարեն: Ստացվում է, որ փողի համար ադրբեջանցին սպանում է ադրբեջանցուն: Իզուր չի ասված, որ այսօր Մերձավոր Արևելքում բոլորը կռվում են բոլորի դեմ:  
 
‹‹Աշխատանքի բաժանումը›› այստեղ հստակ է և կարգավորված: Ադրբեջանցիները միանում են ‹‹էքստրեմիստական ինտերնացիոնալին›› Թուրքիայի ճանապարով, իսկ Սիրիայի ասադամետ ուժերին` Իրանի: Սակայն բոլոր ձվերը միևնույն զամբյուղի մեջ չդնելը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանի համար վտանգը նվազում է: Ամենևին: Մերձավոր Արևելքում երկու կողմից կռվողներն ուշ թե շուտ վերադառնալու են Ադրբեջան: Վերադառնալու են որպես պրոֆեսիոնալ քիլերներ, որոնք սպանելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չեն, իսկ թիրախ միշտ կգտնվի:  Դրանք լավ մարզված, իսլամական հորիզոնական լայն կապեր ունեցող և մինչև ուղն ու ծուծը դեգրադացված տարրեր են, որոնք լուրջ պրոբլեմներ են ստեղծելու երկրի համար: Նրանք արդեն գծում են Ադրբեջանն իր ածխաջրային հարուստ պաշարներով ‹‹Իսլամական պետության››  մեջ ներառելու հեռուն գնացող պլաններ: Բաքուն լրջորեն  մտահոգված է Մերձավոր Արևելք ‹‹գործուղված›› հայրենակիցների և, ընդհանրապես, ԻԼԻՊ-ից բխող վտանգով: Դրանով է նաև բացատրվում հանգամանքը, որ Ադրբեջանը խուսափում է  արմատական իսլամի դեմ գործող կոալիցիոն ուժերին միանալուց` ավելացնելով տարբեր պատճառներով իր դեմ Վաշինգտոնի ունեցած դժգոհությունը: Բացի այդ, Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի թույլտվության  գնալ նման քայլի: Գաղտնիք չէ, որ Անկարան երկակի խաղ է խաղում. մի կողմից դատապարտում է ահաբեկչությունը, մյուս կողմից օգնում ու քաջալերում է ԻԼԻՊ-ին: Չմոռանանք՝ թուրքական դիվանագիտությունը սերում է  բյուզանդական դիվանագիտությունից` խարդախել, դավել, նենգել:
 
Իսլամական ֆունդամենտալիզմի հավանական ծնունդը Ադրբեջանում խիստ անհանգստացնում է Իրանին, որի տվյալներով, այդ անդրկովկասյան հանրապետությունում ապրում են 40 հազար սալաֆիտներ, որոնց մի մասն, ինչպես ասվեց, ռազմական պատրաստություն է անցնում ահաբեկիչների  ջոկատներում: Սրան գումարվում է Իսլամական պետության ազդեցության ոլորտների տարածումը Կասպիական ավազանում:  ԻԼԻՊ-Ադրբեջան կապի ֆոնին կարելի է սպասել իրանա-ադրբեջանական հարաբերություններին բարդացում, որոնք առանց այդ էլ մեղրամիս չեն ապրում:
 
Վրաստան: ԻԼԻՊ-ի և արմատական այլ խայտաբղետ խմբերում առկա են վրացիներ կամ վրացական անձնագիր ունեցող չեչեն գրոհայիններ` Պոնտիական կիրճից, որտեղ տեղակայված են պրոֆեսիոնալ վարձկանների կայանատեղիներ  մարզման, բուժման  և հանգստի համար: Վրաստանից ԻԼԻՊ-ում կռվողների թիվը, չճշգրտված տվյալներով, կազմում է մինչև 200 մարդ: Վրացիները բարձր դիրքեր են գրավում գրոհայինների շարքերում, որոնց մեջ առանձնանում է  Թարխան Բատիաշվիլին, նույն ինքը` Աբու-Ումար աշ-Շիշանին, որի մայրը չեչեն է, հայրը` վրացի: Մարզվել է Պոնտիական կիրճի ռազմական կենտրոնում և աչքի է ընկել Մոսուլի օպերացիայի ժամանակ: Վրացական անձնագիր ունեցող իսլամիստները  կարող են  Վրաստան թափանցել ուղիղ ճանապարհով, ինչպես նաև Դաղստանով, Հյուսիսային Կովկասով, Ադրբեջանով և Հայաստանով:
 
Հայաստան: Իսլամական էքստրեմիզմի ներթափանցման հավանականությունը Հայաստան գրեթե զրոյական է: Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են: Իրանի հետ 35 կիլոմետրանոց սահմանը պահպանվում է  երկու կողմից: Սիրիայում և Իրաքում կռվող իսլամիստերի շարքերում, բարեբախտաբար, հայեր չկան, ինչը ևս բացառում է ահաբեկիչների ներթափանցումը Հայաստան:  Սակայն անտեսել ԻԼԻՊ-ի վտանգը Հայաստանի  համար մոլորություն կլիներ:
 
Ճիշտ է, ծայրահեղական սուննիզմը և ջիհադի հայեցակարգը, մեր կարծիքով, ներկայումս անմիջական վտանգ չեն ներկայացնում հանրապետության համար: Դրա հետ մեկտեղ իսլամիզմի աշխուժացումը Ադրբեջանում, նրա և Վրաստանի որոշակի առնչությունները Մերձավոր Արևելքի իսլամական արմատական կառույցների, առաջին հերթին,  ԻԼԻՊ-ի  հետ, կարող են միջնորդված սպառնալիք ներկայացնել ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության համար:

Ադրբեջանի քաղաքական և հոգևոր շրջանակներից, օրինակ,  բազմաթիվ կոչեր են հնչել  իսլամական ֆունդամենտալիզմի սլաքն ուղղել  դեպի Երևան ու Ստեփանակերտ: Հայատյաց, էթնոկրոնական կոչեր են հնչում անգամ Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդ Ալաշուքյուր  Փաշա Զադեի շուրթերից: Բացառված չէ ԻԼԻՊ-ի և Թուրքիայի իշխանությունների ջանքերի համատեղումը հակահայկական գործողությունների ուղղությամբ:

Հայաստանի անվտանգության երաշխիքը հավանական վտանքի դեմ հանդիման` նրա զինված ուժերն են և միջուկային հովանոցի տակ գտնվելը,  Հայաստանի վրա տարածվող Ռուսաստանի անվտանգության դոկտրինան, երկու երկրների միևնույն ռազմապաշտպանական (ՀԱՊԿ) համակարգում գտնվելը և, վերջապես, ՀՀ տարածքում  տեղակայված ռուսական ռազմաբազան:

Գոյություն ունի մի շատ կարևոր հանգամանք ևս: Սուննիզմը հավասարապես սպառնում է և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին: Այդ իսկ պատճառով, հայ-ռուսական հարաբերությունների հիմնական կռվաններից մեկը մուսուլմանական ահագնացող վտանգին համատեղ դիմակայելու հրամայականն է, որը ներկա քաղաքական իրադրության զարգացմանն համընթաց դառնում է բացարձակ անհրաժեշտություն:  Ընդ որում, այդ գործընթացում որքան Ռուսաստանն է պետք Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2724 reads | 12.05.2015
|
avatar

avatar
0
1
Որտեղ է Քրիստոնիա աշխարը:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com