ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ. ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Հալեպում պատերազմի թոհուբոհի մեջ մնացած սիրիահայերից շատերը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ համացանցի օգնությամբ, Հայաստանի Կառավարությանը խնդրում են տարհանել իրենց: Հալեպից հեռանալ շատերն են ցանկանում, քանի որ վերջին օրերին հրթիռակոծությունները վերսկսվել են, իսկ դպրոցները՝ փակվել: Հալեպահայերը բարձրաձայնում են, որ գումար չկա՝ Հայաստան հասնելու համար. «Մենք մենակ խնդրում ենք Կառավարությունից, որ մեզ օգնեն անվտանգ Երեւան հասնել: Մեզ պես շատերը կան, բայց չեն կարողանում դուրս գալ, չգիտենք՝ ո՞ւմ դիմել, օգնություն էլ չկա, միայն ուտելիք՝ բրինձ, ոսպ…, ֆինանսական միջոցներ չկան Հալեպից դուրս գալու համար»:  «Ժողովուրդ» թերթում այս թեմայով տպագրվել է հարցազրույց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
 
Տիկին Հակոբյան, Հալեպում իրավիճակն օրեցօր անվերահսկելի է դառնում, ի՞նչ եք մտածում՝ տեղի հայ համայնքի անվտանգությանն ուղղված քայլեր ձեռնարկելու շուրջ:
 
Հ.Հ.-Ամեն օր կապի մեջ ենք եւ տեղյակ ենք՝ ինչ է կատարվում, ցավում եմ, որ այդ հրեշները քրիստոնեական աշխարհի վրա են հարձակվում, առավել եւս՝ հայկական թաղամասի: Իրենք ասում են, որ առայժմ ուժեղ վտանգը անցավ: Հարցը բարձրացրել եմ Կառավարությունում, վարչապետն ասաց՝ եթե իրենք նպատակահարմար համարեն, տարբեր ձեւերով երեխաներին դուրս կբերենք: Մենք չենք կարող իրենց փոխարեն որոշում կայացնել: Իրենք եթե որոշեն, մենք պատրաստ ենք բոլոր հարցերով իրենց օգնել: Հիմա սպասենք Հալեպի որոշմանը:
 
-Մինչեւ եր՞բ սպասեք, մինչեւ որ իրավիճակն ավելի՞ վատանա: Ի վերջո, Սիրիայում այս պատերազմի պատճառով զոհվել է ավելի քան 100 հայ:
 
Հ.Հ.-Մենք այստեղ խոսում ենք, իրենք այնտեղ ապրում են, իրենք են տեսնում դրա հնարավոր վտանգները: 4 տարի շարունակ ասում եմ՝ դուրս եկե՛ք, մի՛ մնացեք, միեւնույն է՝ պատերազմը կանգ չի առնում, բայց ես նրանց փոխարեն ինչպե՞ս որոշեմ: Իրենք սկզբնական շրջանում մեզ քննադատում էին, թե ինչո՞ւ ենք ասում՝ դուրս եկեք, ի վերջո, այդպես իրենց ծաղկուն համայնքը կքանդվի: Բայց Աստված հեռու տանի` վատ բան լինի, ավելի լավ չէ՝ օր առաջ դուրս գան:
 
-Այս օրերին սփյուռքի նախարարությանը մեղադրում են, որ Դուք ասում եք, թե մի քանի անհատների պահանջները բավարար չեն, որպեսզի մարդկանց տարհանեք Հալեպից: Պարտադիր պետք է հարյուր հոգի միանգամի՞ց դիմի, որ նախարարությունը հասկանա իրավիճակի լրջությունը:
 
Հ.Հ.-Մենք չենք խոսում մեկ-երկուսի հետ, մենք խոսում ենք համայնքի շտաբ ղեկավարության հետ, որոնք կազմակերպում են ամբողջ համայնքը, դրանք դաշնակցությունն է, ռամկավարները, հնչակները, Անթիլիասի հոգեւոր առաջնորդը, Էջմիածնի հոգեւոր առաջնորդը, բոլորն իրար հետ են, մենք մեկ-երկու մարդու կարծիքն ինչպե՞ս կարող ենք հաշվի առնել: Նշեմ, որ մեր խնդիրը ինֆորմացիան հասկանալն է, ինֆորմացիան ներկայացնել է, ուրիշ գործիք նախարարությունը չունի:
 
-Փորձե՞լ եք հասկանալ՝ ինչու է Հալեպի հայ համայնքի ղեկավարությունը բնակիչներին տարհանելու որոշումը ուշացնում:
 
Հ.Հ.-Իրենք այնտեղ իրավիճակը շատ ավելի ճիշտ են պատկերացնում, քան մենք: Իրենք ասում են՝ կան ռումբեր, բայց չկա մասսայական հարձակում: Այսինքն՝ զորքը չի մտել հայկական թաղամաս, միայն հրթիռներ են նետում, ու կարծես թե այս ամենը սովորական է դարձել իրենց համար:
 
-Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում նախարարությունն ասում է, թե ամեն ինչ վերահսկում է, բայց ավելի ուշ ակնհայտ է դառնում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, եւ այս դեպքում նախարարին են մեղադրում անգործության մեջ: Չե՞ք վախենում, որ նման խնդրի առաջ կկանգնեք, եթե հիմա Հալեպի հայ համայնքի ղեկավարությանը չասեք, որ մարդկանց կյանքը չվտանգելու համար պետք է շտապ որոշումներ կայացնել:
 
Հ.Հ.-Նախ՝ բոլոր խնդիրների պատասխանատուն նախարարությունը չէ: Նախարարությունն ընդամենը պետք է կարողանա ինֆորմացիան ճիշտ հասկանալ եւ այն ներկայացնել: Վտանգի խնդիրը միշտ կա, բայց եթե մարդն իր տանից դուրս չի գալիս, ինչ անեմ, ասեք՝ ի՞նչ անեմ, ի՞նչ եք առաջարկում:
 
-Զարմանալի հակասություն կա. մարդիկ ասում են՝ օգնե՛ք, Դուք ասում եք՝ իրենք չեն ցանկանում դուրս գալ իրենց տանից:
 
Հ.Հ.-Գիտեք, գուցե Դուք մի երկուսին եք հանդիպում, բայց համայնքում 20.000 մարդ կա, ու այդ 20.000-ը նույն կարծիքին չեն, կան մարդիկ, որ ուզում են օր առաջ գան, կան մարդիկ, որ իրենց մոտեցումները տարբեր են: Ավելին՝ ճամփայի խնդիր կա, անվտանգության հարց կա: Հալեպից Բեյրութ հասնելու խնդիր կա, օդանավ այսօր իջեցնել հնարավոր չէ, նրանք պետք է հասնեն Դամասկոս, Դամասկոսից՝ Բեյրութ: Այնպես որ, այդ բոլոր հարցերը պետք է ուսումնասիրենք, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, մեր բոլոր գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն, մասսայական հանելն այդքան հեշտ գործ չէ: Հանձնարարությունը տրված է, եւ բոլոր գերատեսչություններն այս ուղղությամբ աշխատում են: Հիմա, օրինակ, երեխաներին բերեցինք, պետք է ընդունենք այդ երեխաներին ճամբարներում, բայց դրանք արդեն սփյուռքի նախարարությանը չեն ենթարկվում: Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, չենք կարող չօգնել, եթե նրանք պահանջում են: Բայց եթե նրանք այս պահին ասում են, որ դրա վտանգը չկա, դեռեւս դպրոցները պետք է գործեն, ես ոնց կարող եմ ասել՝ չէ, թող չգործեն:
 
Քնար Մանուկյան

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2724 reads | 19.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com