Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ




Վերջերս կրկին հաճախացել են խոսակցությունները ՀՀ զինանշանի վերաբերյալ: Հակված եմ ենթադրելու, որ այդ ամենն ինքնաբերաբար չի լինում, այլ ուղղորդվում եւ խրախուսվում է: Եվ եթե դա արվում է պետական մակարդակով (մամուլում կարդացի, որ ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է պետական հանձնաժողով, որն զբաղվում է տվյալ խնդրով), ապա առավել եւս ողջունելի է: Բայց ինչո՞ւ այդքան անհասկանալի ձեւով` գրեթե կիսածածուկ, հրապարակ հանելով, թող ներվի ինձ, նաեւ պատահական մարդկանց, որոնց խոսքը հիմնականում ոչ այնքան լուրջ կարծիք-տեսակետի, որքան թափառող ասեկոսեի տպավորություն է թողնում, քանզի նրանց ասածն ըստ էության չէ, խորություն չունի, արժեքը չափում են քմահաճությամբ` դուր գալ-չգալով:

Միգուցե հարգարժան մարմինը նախ հանրայնացնի՞ իր խնդիրներն ու նպատակները: Այդ դեպքում հնարավոր է, որ նրա շուրջը ոչ թե պարապ զրից անողներ հավաքվեն, այլ գիտակ ու սրտացավ մարդիկ համախմբվեն: Հարցն ունի իր պատմությունը, որին ծանոթանալու ցանկություն չունենալու պատճառով չի բացառվում, որ նորից հեծանիվ հայտնագործվի, այն էլ... քառակուսի անիվներով:

Նշեմ, որ խնդրո վերաբերյալ առաջին մտահոգությունները մամուլում հնչել են դեռեւս մեկուկես տասնամյակ առաջ, ըստ որում` խիստ առարկայորեն, մատնանշելով բոլոր այն աղավաղումները, որոնք կրել է մեր խեղճ զինանշանը: Հետեւաբար` իսկապես օգտակար կլինի, եթե ծանոթանանք հարցի նախապատմությանը (դիմում եմ հանձնաժողովին): Այնտեղ բացատրություններ կան, թե ո՛ր խեղումից ի՛նչ ավերումներ են տեղի ունեցել եւ, ընդհանրապես, ուսուցողական էլի բաներ կան:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն հոդվածը գրել եմ 2006 թվականին, սակայն չեմ տպագրել, որովհետեւ նախատեսել էի թերթերին հանձնել Ազգային ժողովում Զինանշանի մասին օրենքի քննարկման օրերին, բայց քննարկումն այնքան անձայն ու սրընթաց անցավ, որ ես պարզապես պահը բաց թողեցի (օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին): Հետո արդեն ժամանակավրեպ համարեցի: Այժմ քանի որ հարցը վերստին արդիական հնչեղություն է ստացել, ինչի համար անշուշտ ուրախ եմ եւ անկեղծորեն ողջունում եմ դրա նախաձեռնողներին, կարծում եմ` հոդվածն անպայման օգտակար կլինի ընդհանուր գործին: Վերջիվերջո, հնարավոր է, որ սպասվող սահմանադրական փոփոխություններում նորից ներառվեն ՀՀ պետական խորհրդանիշները: Իսկ դա պարզապես կենսական անհրաժեշտություն է...

Ինչպիսի զինանշան ենք ուզում, կամՙ ինչ ենք ուզում մենք մեր զինանշանից


Նախ ասեմ, որ առաջին անգամ չեմ գրիչ վերցնում Հայոց զինանշանի մասին գրելու համար, այսինքն, խնդրո վերաբերյալ ասելիքս հանպատրաստից չէ, այլ, որոշ առումով, հանրագումար է: Ժամանակին Հայաստանի եւ Սփյուռքի թերթերում տպագրված իմ հրապարակումներում անդրադարձել եմ կամայական փոփոխությունների պատճառով զինանշանի գաղափարազուրկ ու ոգեզուրկ դառնալու տխուր փաստին, ապա դեռեւս 2001 թվականին նույն թեմայով կլոր սեղան կազմակերպել ՀՀ պետական զինանշանի մրցույթի ժյուրիի անդամների եւ ճանաչված մտավորականների մասնակցությամբ, այնուհետեւ օրենսդրական առաջարկության կարգով Ազգային ժողով եմ ներկայացրել «Պետական խորհրդանիշերի կիրառման մասին» օրենքի նախագիծ (հնարավոր է` այն պահպանված լինի ՀՅԴ խմբակցության արխիվում): Բնականաբար, ուրախալի է, որ այս մտահոգությունները լսելի եղան եւ իրենց չափով նպաստեցին հետագա առավել լայն քննարկումների ծավալմանն ու, ամենակարեւորը, սահմանադրական փոփոխություն կատարելուն:

Եվ հիմա, երբ առաջիկայում Ազգային ժողովը վերջնականապես պիտի հաստատի մեր պետական խորհրդանիշերի մանրամասն նկարագրությունն ու կիրառման կարգը, ինչպես նաեւ նրանց ձեւախեղումներից պաշտպանելու օրենք ընդունի, ապա կարծում ենք, որ, այնուամենայնիվ, ավելորդ չի լինի գոնե ընդհանուր գծերով վերհիշել կամ նոր միայն ծանոթանալ ՀՀ զինանշանի խորհուրդին ու պատմությանը: Ցավոք, դրա կարիքն իսկապես զգացվում է, քանզի մենք այլեւս այն սերնդից չենք, որի ուսյալ որեւէ ներկայացուցիչ բավականաչափ ծանոթ էր նաեւ հերալդիկայի կանոններին: Սակայն մեր անգրագիտությունն ամենեւին մեզ այնքան ազատություն չպիտի տա, որպեսզի պետության զինանշանի մասին արտահայտվենք` չափանիշ ունենալով սեփական ճաշակը միայն (առավել եւս` հաճախ չհղկված, չկրթված, չձեւավորված ճաշակը): Եվ քանի որ, հավանական է, մարդիկ լինեն նորից, ովքեր կարող են օրենքի նախագծի քննարկումը ոչ թե այն լրացնելու եւ ամրագրելու, այլ արդեն սովորական դարձած սխալն ու անօրինականը նույնությամբ թողնելու առիթ համարել, ապա փորձենք կանխավ անդրադառնալ նրանց կողմից միշտ բերվող մի քանի պատճառաբանությունների:

Հնաոճության մասին

Մեր պետական զինանշանի ճիշտ տեսքը (թամանյանական - կոջոյանական) չհավանողները սովորաբար խոսում են նրա հնաոճությունից, պատկերների առատությունից եւ այն պատրաստելու բարդությունից: Առաջին հերթին, ուրեմն, հնաոճության մասին: Հայտնի է, որ զինանշանը տվյալ երկրի (քաղաքի, տոհմի) խորհրդանշական դեմքն է, նրա պատմության եւ ավանդույթների խտացված արտահայտությունը: Ընդ որում` հայերեն «զինանշանին» համարժեք «գերբ» բառը գերմաներենից, ինչպես նաեւ որոշ սլավոնական (լեհերեն, չեխերեն, սերբերեն) լեզուներից թարգմանած նշանակում է «ժառանգություն», «ժառանգ»: Արդ` ի՞նչ ժառանգություն է մեզ փոխանցում ՀՀ պետական զինանշանը: Ինչպես գիտենք, զինանշանի վահանի վրա զետեղված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները, իսկ կենտրոնում Մեծ եւ Փոքր Մասիսներն են` Նոյյան տապանով, որոնք ե՛ւ մեր ազգային սկիզբն են խորհրդանշում, ե՛ւ համախմբվելու ու միասնականանալու պատգամ են հղում մեզ: Ի դեպ, զինանշանի հիմնական գաղափարներից մեկը հենց տիրոջ տոհմիկությունն ընդգծելն է: Ժառանգականությանը եւ մեր ազգային կենսագրության շարունակությանը վերաբերող առավել արծարծվող հարցերից մեկն էլ սա է. այնուամենայնիվ, ինչո՞ւ է այսպիսի կոմպոզիցիա (հորինվածք) մտածվել եւ ոչ թե մեկ ուրիշը: Պատասխանը մեկն է. մեր զինանշանը նախատիպեր է ունեցել: Առաջին անգամ պայմանանշանների նման համադրությունը որպես հայկական ինքնուրույն պետականության խորհրդանիշ (սիմվոլիկա) երեւացել է XVIII դարի վերջին: Դա այն շրջանն էր, երբ հայ հասարակական-քաղաքական գործիչներն ազգային անկախությունը վերականգնելու իրենց հույսերը կապում էին Անդրկովկաս շարժվող Ռուսաստանի հետ:

Եվ ահա Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը 1783թ. ռուսական կայսերական արքունիք է ներկայացնում Ռուսաստանի հովանու ներքո Հայոց պետության վերականգնման երկու ծրագիր, որից առաջինը իր եւ Հովհաննես Լազարյանի մշակած Հայկական թագավորություն, իսկ երկրորդը` Շահամիր Շահամիրյանի եւ նրա համախոհների կողմից առաջարկվող Հայկական Հանրապետություն ստեղծելու նախագծերն էին: Առանձին կետերով ներկայացված էր նաեւ ապագա պետության սիմվոլիկան` թագավորական զինանշանը, դրոշը, շքանշանները: Այնուհետեւ նույն զինանշանը, ընդամենը մասնակի փոփոխություններով, տեսնում ենք 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայկական կամավորական ջոկատների դրոշների վրա (այդ դրոշների մի մասը պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում): Փաստորեն սկսում էր ավանդական դառնալ այս հիմքի վրա կառուցված ազգային խորհրդանիշերի գործածությունը: Վստահաբար կարող ենք ասել, որ Առաջին հանրապետության զինանշանի հեղինակներ Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը ծանոթ էին այդ խորհրդանիշերին եւ նպատակ ունեին պահպանել գենետիկ կապը արղությանական զինանշանի հետ: Նրանք առաջնորդվում էին այն սկզբունքով, որ վերածնվող պետության զինանշանը պետք է հենվի անցյալի ազգային պետական սիմվոլիկայի ավանդույթների վրա:

Այսպիսով, Առաջին հանրապետության զինանշանը, որն անփոփոխ կերպով օրենքով ընդունվել է նաեւ Երրորդ հանրապետության համար, խորհրդանշում է հայ ժողովրդի պատմական ուղին, ինչպես նաեւ նրա ազատագրական պայքարի ոգին, որն էլ տրամաբանորեն հանգեցրել է ազգային անկախ պետության հիմնադրմանը: Սա է խորհուրդը Հայոց զինանշանի: Իսկ մեր խնդիրն է անխաթար պահպանել ազգային-պետական այս խորհրդանիշը, քանզի նրա գծագրության մեջ դույզն-ինչ փոփոխություն կատարելու դեպքում անգամ, փոխվում է ամբողջ կոմպոզիցիայի իմաստը (օրինակ` գործածվող տարբերակում վահանի վրայի հարստությունների զինանշաններն իրար միացնող պարանաձեւ հյուսվածքը վերացնողն անգիտորեն ոչնչացրել է այդ թագավորությունների շաղկապվածության ու մեկ ժողովրդին պատկանելու գաղափարը, եւ ամբողջն ընդամենը կենդանապատկեր հախճասալիկներով մի խճանկար է դարձրել):

Պատկերների առատության մասին

Վերը ներկայացրինք զինանշանի հիմքի վահանի վրա եղած պատկերները, այժմ անդրադառնանք վահանակիրների` առյուծի եւ արծվի կերպարներին (նրանք այսօրվա ձեւախեղված տարբերակում ոչ թե վահանակիրներ են, այլ վահանին հպվածներ): Պետք է գիտենալ, որ առհասարակ հերալդիկայի հիմնական կանոններով է պայմանավորված նման դերակատարություն ունեցող ֆիգուրների առկայությունը: Եվ նորից պատահաբար կամ ուրիշներին նմանակելով չէ, որ ընտրվել են առյուծը եւ արծիվը, որովհետեւ դրանք հայոց թագավորական նշաններն են: Հայերի համար թռչնազգիների մեջ սրբագույնը արծիվն էր: Նրա անունն անգամ ար-արեգակնային արմատից է: Առյուծը եւս արեգակնային կենդանի էր: Ի դեպ, ըստ հռոմեական պատմիչների, Հռոմ առյուծ էր ներմուծվում հենց Հայաստանից: Առյուծը խորհրդանշում է ուժ, արիություն եւ վեհանձնություն, իսկ արծիվը` հզորություն եւ երկարակեցություն: Նրանց բերանի բաց լինելը ոչ թե նշանակում է ագրեսիվություն (ինչպես մեկնաբանեցին մեր գիտակներն ու փակեցին խեղճերի բերանները), այլ երկիրը պաշտպանելու պատրաստակամություն: Արդ, եթե գտնում ենք, որ մեր ազգային ինքնությունը բնորոշող այս հատկանիշները կորցրել ենք, ապա իհարկե ավելորդ կարող ենք համարել նաեւ դրանց խորհրդանիշերը բուն իմաստով պահպանելը:

Այլափոխումներ

Ինչ վերաբերում է զինանշանի ստորին մասի հարդարանքին, ապա գուցե իսկապես արժե քննարկել եւ այնտեղ ինչ-ինչ փոփոխություններ կատարել: Նախ ասենք, որ ինչ վերաբերում է այն մտահոգությունը, իբր մեր զինանշանը շատ է հնաշունչ եւ գազաններով ծանրաբեռնված, դժվար չէ փարատել` վերջինս համեմատելով արեւմտյան բովանդակության երիտասարդ երկրներ Կանադայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիական Միության կամ թեկուզ Իսլանդիայի զինանշանների հետ: Շատ է խոսվել նաեւ զինանշանի գծագրության մասին, իբր նրա կոջոյանական կատարումը պակաս գեղարվեստական է ու չի բավարարում ժամանակակից պահանջներին: Եվ քանի որ ներկայիս դարաշրջանն իր օրենքներն է թելադրում դիզայնի ասպարեզում, հետեւաբար մենք չենք կարող այդ ամենից մի կողմ քաշված մնալ: Բայց որեւէ մեկը կարո՞ղ է երեւակայել, թե ինչ կմնա զինանշանից մի քանի տասնամյակ անց, եթե մենք նրան անընդհատ «դիմահարդարենք» դիզայնի արդիական համարվող փոփոխական ոճերի պահանջով: Դատարկ խոսակցություններ կան նաեւ այն մասին, իբր ՀՀ զինանշանը դժվար է պատրաստել (փորագրել, ձուլել եւ այլն): Դա առնվազն ինքնաթերագնահատություն է: Հայ արհեստավորը միշտ էլ վարպետորեն կատարել է այն գործը, որն իրեն պատվիրվել է: Մյուս անհիմն անհանգստությունն էլ վերաբերում է զինանշանի վերականգնման հետ կապված ծախսերին:
Չարժե արհեստականորեն նման հարց առաջացնել: Կարելի է պարզապես 3-5 տարի անցումային ժամկետ սահմանել, այդ ընթացքում ընդունելի համարելով նաեւ զինանշանի այժմյան պատկերով փաստաթղթերն ու բլանկերը, ըստ այդմ դրանք փոխելու համար բյուջետային հատկացումներ չանել:

Զինանշանի այլափոխման հաջորդ բացատրությունն էլ այն է, թե դա ընդամենը կնիքային տարբերակն է եւ ընդունված ձեւ է: Նման բան ասողները հավանաբար իրենք էլ չեն պատկերացնում, որ դրանով հաստատում են անօրինականությունը: Նրանք պարզապես չգիտեն, որ կնիքը զինանշանի փոխարեն չի կարելի գործածել (ինչպես մենք հիմա անում ենք), որովհետեւ կնիքը պատկանելություն մատնանշող ատրիբուտ է, իսկ զինանշանը` ժառանգական տարբերանշան, տվյալ դեպքում` պետության պաշտոնական խորհրդանշան է, որով ներկայանում եւ ներկայացնում են: Ասենք նաեւ, որ հին ժամանակներում զինանշանի վրա աղավաղումներ կատարելն ամենամեծ անարգանքն էր համարվում ինչպես անձի, այնպես էլ երկրի համար:

Միայն օրինական եղանակով

Եվ վերջին նկատառումը. ՀՀ պետական զինանշանն ամենեւին էլ հեղափոխական ոգեւորության պահին չի ընդունվել, այլ ամեն ինչ կատարվել է շատ հանգիստ, մտածված եւ օրինական եղանակով: Ստեղծվել է ժյուրի, երկու անգամ հայտարարվել է մրցույթ: Առաջին մրցույթին ներկայացվել է 150 աշխատանք, իսկ երկրորդի համար դրանցից ընտրվել է 12 նախագիծ: Ի վերջո, ժյուրին ընդհանուր համաձայնությամբ ընտրել եւ Գերագույն խորհուրդ է ներկայացրել Թամանյանի ու Կոջոյանի հեղինակած Առաջին հանրապետության զինանշանը, որը վերագծել էր Սեյրան Խաթլամաջյանը: Այնուհետեւ ԳԽ-ն ընդունել է որոշում, իսկ ՀՀ նախագահը 1992թ. ապրիլի 19-ին ստորագրել է օրենքը: Այն ունի հետեւյալ բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1920 թվականի հուլիսին հաստատված զինանշանը ընդունել որպես Հայաստանի Հանրապետության պետական զինանշան»: Նշենք նաեւ, որ երեք տարի անց ընդունված ՀՀ առաջին Սահմանադրության համապատասխան հոդվածով բովանդակային որեւէ փոփոխություն չի կատարվել օրենքի մեջ: Զինանշանի նույն նկարագրությունը պահպանվել է նաեւ ներկայիս Սահմանադրության մեջ: Սակայն փաստ է, որ այսօրվա գործածվողը ամենեւին չի համապատասխանում օրենքով ընդունված այն զինանշանին, որը 1920 թվականի հուլիսին հաստատվածն է: Հենց նման հակաօրինականության անթույլատրելիությունն է ստիպել, որպեսզի սահմանադրական հոդվածի փոփոխություն կատարվի եւ նորից պետական զինանշանի մասին առանձին օրենք ընդունվի:
Զինանշանը երկրի դեմքն է, իսկ տեղի ունեցած կամայական փոփոխությունների պատճառով (շուրջ 30 խեղաթյուրումներ) այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ու իր ժողովրդին ներկայանում է կեղծ խորհրդանիշով: Կարելի է, իհարկե, ամենայն մանրամասնությամբ նշել բոլոր խեղաթյուրումները (ինչպես մեկ-երկուսի համար վերն արվեց), սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվի, եթե չհամոզվենք ու չընդունենք, որ կատարված այլափոխությունն իսկապես ամբողջովին ոգեզրկել է զինանշանը, չեզոքացրել ներկոմպոզիցիոն տրամաբանական փոխկապակցությունները` կուռ կառուցվածքը վերածելով ազդեցիկությունից ու զորավորությունից զուրկ խռիվ մի գծանկարի: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության զինանշանի մանրամասն նկարագրությունը օրենքով սահմանելիս, պետք է վերականգնել սկզբնական (թամանյանական-կոջոյանական) տեսքը, որովհետեւ նա է ազդեցիկը, ոգեկիրն ու իմաստավորը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1941 reads | 29.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com