ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ





Արտաշատի երկրորդ ժողովում Տանուտիրական Հայաստան հռչակելով` փաստորեն խռովություն բարձրացվեց, սակայն դրանից հետո եպիսկոպոսաց դասի ուժերը, այնուամենայնիվ, չբավականացրին հակառակորդին նեղելու և իշխանությունն ամբողջովին երկրի վրա տարածելու համար: Վարդանանց գործողություններին  հզոր  պատասխան  էր  տրվում  Վասակյանների  կողմից, բայց Վասակ Սյունին էլ  իր հերթին  չէր կարողանում անցնել երկրի խաղաղ կառավարմանը, որովհետև եկեղեցին թույլ չէր  տալիս: Երկիրը
անասելի լարվածության մեջ էր: Բացվում էր 451 թվականի գարունը: Լիցքաթափումը կենսական անհրաժեշտություն էր: Այն բավականաչափ զորքը, որ ուներ Հայաստանյայց եկեղեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ՝ պիտի գործեր, որովհետև մարտական պատրաստականության բերված բանակը սովորաբար չի կարող երկար ժամանակ անպատերազմ մնալ՝ կբարոյալքվի: Խռովարարները  ձմռան  ընթացքում  ամեն  ինչի  մասին մտածել ու հաշվարկել էին, իսկ որևէ օգնության հույս այլևս չունեին: Վասակ Սյունու դրությունը  շատ ավելի նպաստավոր էր: Նա ոչ միայն  Վարդանանց  հիմնովին  կտրել  էր  արտաքին  աշխարհից, այլև, հարկ եղած դեպքում, ինքը կարող էր աջակցություն ստանալ և Տիզբոնից, և ուրիշ կողմերից:  Ահա այսպիսի իրավիճակ էր, երբ եպիսկոպոսների ժողովը քաղաքական նկատառումներով զուտ ռազմական որոշում կայացրեց. կատարել խոշոր մի գործողություն և ամեն գնով հասնել տպավորիչ հաղթանակի: Եվ սկսեցին նախապատրաստվել… նահատակության:
 
Սակայն բաղձալի այս գաղափարը հնարավոր էր իրականություն դարձնել միայն նախահարձակ գործողությամբ, որովհետև գնալով Վասակի դիրքերն ամրապնդվում էին, և նա ու արքունիքը անիմաստ արյունահեղությունը կանխելու համար կարող էին առնվազն անընդհատ խուսափել ընդհարումներից: Ահա թե ինչու, Մեծ զատկի տոնից հետո սպարապետ Վարդան Մամիկոնյանը  «ազդարարեց այն ուխտապահներին,  որոնք տոնի  օրերի պատճառով  իրենց  տներն  էին գնացել» գալ–հավաքվել Արտաշատում: Զորատեսից հետո նա թեպետև ստուգեց–իմացավ դեռևս իրեն հետ միաբանվածներից շատերի երկմտությունն էլ, այնուամենայնիվ, ինքն իրեն սիրտ տվեց և իր զորքերին էլ քաջալերեց: Այնուհետև «սրանք բոլորը համախմբված հասան պատերազմի գործի  համար Արտազու դաշտը, և նրանց ընդհանուր թիվը եղավ վաթսուն և վեց հազար մարդ ձիավոր և հետևակ»:
 
Մաղաքիա Օրմանյանի հաշվարկով, «սույն 451 տարւոյ Զատիկը կը հանդիպէր Ապրիլ 8–ին, կամ հայկական ամսաթուով ահեկանի 6–ին, ճիշդ գարնանային եղանակին նոր բացվելուն օրերը» : Իսկ Հայոց եկեղեցու սուրբ ուխտի միաբանության բանակը դրանից մի քանի օր անց արդեն ճամբարել էր Տղմուտ գետի ափին, թեև ճակատամարտը պիտի տեղի ունենար մայիսի 26–ին: Թվում է, թե սա ընդամենը դեպքերի հաջորդականության թվարկում է, բայց, ցավոք, միայն դա չէ: Հիշենք,  որ մենք առաջին հերթին վարքագրության տիրույթում ենք, ուր անկարևոր ոչինչ չկա, և ամեն մի մանրուք նրբորեն մշակված է:

Արդ, առասպելն ասում է, թե պարսկական մեծաթիվ բանակի Հայաստան ներխուժելու լուրն առնելով, Վարդան զորավարն անմիջապես հավաքում է Հայոց բանակն ու արագ իջնում թշնամուն ընդառաջ, որպեսզի փակի նրա ճանապարհը դեպի  երկրի խորքը: Իրականում, տեսանք, մեկ ամիս առաջ Հայոց բանակը պարսկական սահմանի բերանին էր: Ստեփանոս Օրբելյանը անշփոթ ձևով է գրում այդ մասին. «Եվ երբ ամբողջ հույսը կտրեցին, մահը գերադասեցին կյանքից: Անցան Արտազ գավառը. մեկ ամիս անց մեծ պատերազմ եղավ, որտեղ  սուրբ Վարդանը ուրիշ ընկերներով  նահատակությամբ պսակվեց»: Սա անկյուն քշված
ճշմարտություն  է,  և առ այսօր շատ քիչ  պատմական  աշխատություններում կգտնենք նման անկեղծություն:
 
Ի՞նչ նրբություն կա այս մեջբերման մեջ: Եթե ասվում է պատմական ճշմարտությունը, ապա, բնականաբար, հարց  է առաջանում, թե հակառակորդի զորաշարժի մասին որևէ տեղեկություն չունենալով՝ հայկական զորքի այդքան խոշոր կենտրոնացման որևէ անհրաժեշտություն կա՞ր, թե՞ ոչ: Բացատրություն է տրվում, իբր, պարսիկները քանիցս Արտազ գավառով են ներխուժել Հայաստան: Քանիցս, բայց ոչ միշտ: Եվ ուրեմն, արդյո՞ք ամբողջ զորքով մի ճանապարհի վրա լրիվ ամիս նստելով են հայրենիք պաշտպանում: Մեկ տարի առաջ, երբ միաբանություն կար, նաև նպատակը մեկն էր՝ Հայոց ապստամբության առաջնորդ Վասակ Սյունին միանգամայն տրամաբանական և ռազմագիտական որոշում կայացրեց. բանակը երեք մասի բաժանելով, հիշենք,  մի զորաբաժին ուղարկեց երկրի հարավային մուտքերը փակելու, երկրորդը  պահեց Միջնաշխարհը պաշտպանելու և, վերջապես,   երրորդ   զորագունդը   արշավանքի  հանեց   Աղվանք՝ ապահովելու երկրի թիկունքը: Դրանով արդեն բացառելով որևէ կողմից անսպասելի ներխուժում, քանզի հակահարվածը կայծակնային կլիներ: Ուրեմն, երկրի պաշտպանության  մասին  իսկապես  մտածված էր: Բայց  հիմա՝ 451–ին, երբ Տանուտիրական Հայաստանի կառավարության բանակը ուղիղ մեկ ամիս Արտազում զորավարժանքներ էր անում՝  ու՞մ պաշտպանությանն էր թողնված ծավալուն Հայոց աշխարհը: Ընդունենք, որ պարսկական բանակին հարմար էր Հեր և Զարևանդ (Արտազ) գավառով  արագ հասնել  Արարատյան  դաշտ՝ Վարդանը փակեց, բայց չէ՞ որ Հայաստանի կենտրոն տանող էլի ուրիշ ճանապարհներ կային, որոնք բաց էին: Հետևաբար, ունեցած զորուժը երկար ժամանակ մի տեղ հավաքելը մի՞թե չէր նշանակում անպաշտպան դարձնել երկիրը  (թե՞ հայրենիքի ապահովությունը ուրացող Վասակի պարտականությունն էր):
 
Այստեղ արդեն պարզ երևում է, որ Վարդան Մամիկոնյանի գլխավորած Հայոց եկեղեցու սուրբ ուխտի վաթսունվեց հազարանոց բանակը ոչ թե հայրենյաց պաշտպանության, այլ զուտ նպատակային գործողության համար էր ճամբարել պարսկական սահմանագլխին (կրկնում  ենք, մենք կարդում ենք Եղիշե, իսկ  հեռատես Փարպեցին դեպքերը նկարագրում է այլ  հերթագայությամբ):
 
Վերն ասացինք, որ սպարապետը նախահարձակողական ծրագիր պիտի իրականացներ, որպեսզի հաջողության դեպքում Տիզբոնի դրած պայմանները վերանայելու հնարավորություն բացվեր:
 
Արկածախնդրությունն ակնհայտ է:
 
Իհարկե, այս մասին մատենագիրները լռում են,  որովհետև դա չէր կարող ասքի ու վարքագրության համար հիմք ծառայել, և մեզ ուրիշ Վարդան զորավար են ներկայացնում, որը շտապում  է  թշնամուն  վտարել  հայրենիքի սահմաններից:  Այս տարբերակում արդեն առատահորդ հերոսություն, նվիրվածություն, անձնազոհություն, պաթոս, հայրենասիրություն, վերջապես, նահատակության անհրաժեշտության գաղափար կա: Իսկ թե ինչ գաղափար է  նահատակությունը, որը, վերաճելով, դառնում է  նահատակապաշտության գաղափարախոսություն, առանձին կանդրադառնանք: Հիմա փորձենք մոտավորապես վերստեղծել այն մթնոլորտը, որ այդ  մեկ ամսվա ընթացքում տիրում էր Ավարայրի դաշտում:
 
Մի մեծ և աննախադեպ բան  էր կատարվում.  հերոսական  ոգի, հայրենասիրական պոռթկում, խաբեություն, սուտ,  անհիմն խոստումներ,  ունեցածի  կորստի համար վախ. այս  ամենի  շաղախը կար, գումարած՝ լարվածություն,  լարվածություն,  լարվածություն:
 
Երկուսն էլ  այստեղ էին՝ Վասակ Սյունին և Վարդան Մամիկոնյանը: Երկուսն էլ  իրենց զորքով էին,  որը փաստորեն  երկատված  Հայոց բանակն էր: Եվ հիմա նրանք  իջել էին Արտազ. մեկը՝ ցանկությամբ, մյուսը՝ ստիպված: Վասակը «երեցների հետ շրջում էր, նրանց միջոցով  արքայի կողմից պատգամներ էր հայտնում, և երդմամբ  հավատացնում էր, որ կարող են նորից քրիստոնեությունը պաշտել»: Նա ամեն կերպ փորձում էր կանխել կռիվը:  Ճակատամարտն ինքնին աղետ էր լինելու, իսկ Վասակը Հայոց աշխարհի կենսունակության շարունակությունն էր ուզում: Նա վստահաբար գիտեր, որ կարող է և կործանվել մի ամբողջ տեսանելի Հայաստան:
Վարդանը, բնականաբար, իր զորաբանակի ու  յուրային հոգևորականների հետ էր: Մատենագիրներն այնքան  են նահատակության ցանկության մեջ թաթախել դեպքերը, որ, ինքնակամ անձը զոհաբերելու տենչանքից բացի, սպարապետ Վարդան Մամիկոնյանի որևէ այլ մտահղացման կամ ծրագրի նշույլ իսկ չի երևում: Բայց նահատակության  գաղափարով  հազարավոր մարդկանց մի  տեղ հավաքելու  համար զորավար  լինելն   ամենևին  պարտադիր  չէր:
 
Եպիսկոպոսաց դասի կամեցածն իրականացնելը մինչ այդ կատարվածի ամփոփում ու ավարտ էր դառնում: Նոր գաղափարը պարուրել էր բոլորին:  Հովսեփ Հողոցմեցին, Ղևոնդ երեցը, բազմաթիվ ուրիշ հոգևորականներ զօր ու գիշեր զինվորներին նահատակության էին  նախապատրաստում,  իսկ փորձառու  զորականներից  բաղկացած ջոկատներն  ասպատակում  էին  սահմանամերձ  պարսկական շրջանները՝ հրահրելով Պարսից բանակի երևալը: «Եվ Հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար, երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու Պարսից զորքերի բազմությունը և, եթե հնար լիներ, գրգռելու, որ շուտ
գան…»: Նման ամեն  մի  հաջողված  փորձ մեծ ոգևորություն էր առաջացնում Հայոց բանակատեղիում:
 
Ի՞նչ   բան   էր  նախահարձակությամբ  հակառակորդին  իր վրա շարժելու մարտավարությունը. խելահեղությու՞ն էր դա, թե՞ սթափ հաշվարկ:  Իհարկե,  առաջինը,  բայց և  երկրորդն  իր տրամաբանությունն ուներ,   մանավանդ որ դրա ավանդույթը նույնպես կար: Սակայն, սովորաբար այդպես գործում են նրանք, ովքեր կորցնելու քիչ բան   են ունենում,  ինչպես  նաև նրանք,  ովքեր հիմնովին  նախապատրաստված են լինում  միակ  ճակատամարտին:  Իսկ Վարդան զորավարը, անսալով եկեղեցու պահանջին, տեղում, ճակատամարտի նախօրյակին էր փորձում մարտունակ զորք կազմավորել՝ հոգալով հավաքվածների  հանդերձանքի ու  սպառազինության  մասին, աշխարհազորայիններին վարժեցնելով զենքին: Դեպի Վիրք ու Աղվանք նախորդ տարվա հաջող ռազմարշավն էր նրան  հույս ներշնչում: Նույն օրինակով նաև ինքն էր գոտեպնդվում ու քաջալերում իր զինակիցներին: Նա հիշեցնում էր բոլորին.  «Իսկ արդ՝ երկու և երեք կռիվների մեջ ինքը՝ Տերը, մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ  անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը  ջնջեցինք,  ոչնչացրինք…»: Այս ոգին պետք էր մանավանդ աշխարհազորին, որովհետև միանգամայն տարբեր էին 450 և 451 թվականների Եկեղեցու ուխտի բանակները: Վարդանանց մարտական բարձր ոգի էր հարկավոր մանավանդ հիմա, որովհետև ճակատամարտի  պահանջն  օդում կանգնած էր:   Ի  վերջո,  իրենք անհրաժեշտություն դարձրին ճակատամարտը, համարելով, որ միայն այս ձևով  կարող են հանգուցալուծել չափազանց բարդացած իրադրությունը:
 
Քաղաքացիական պատերազմը չլուծեց ամենագլխավորը՝ իշխանության  հարցը,  և հիմա  հայկական  երկու  բանակները պիտի հանդիպեին  Տղմուտի  ափին: Վարդան Մամիկոնյանի զորքի թիվը հայտնի է, իսկ պարսկական կողմում հայոց զորագնդի մասին թեև  տեղեկություններ չկան, բայց, ըստ Օրմանյանի հաշվարկի,  «նկատի առնելով  Վասակի  հետևող նախարարներուն թիվը, իրաւունք կ’ունենանք 40.000—է ավելի ենթադրել»:
 
Փաստորեն, ճակատամարտը ոչ այնքան պարսիկ զավթիչների դեմ, որքան հայոց ներքին պատերազմն ավարտելու համար պիտի լիներ: Չափազանց քաղաքականացված,  չափազանց  մեծ  թվով հարցերի  լուծման  ակնկալիք պարունակող,  չափազանց  շատ կրոնական  երանգ ստացած ճակատամարտ  էր  տեղի  ունենալու: Թեև Վասակին  մենք չենք տեսել պատերազմների մեջ, իսկ Վարդանն էլ  երբեք քաղաքական դեմք չի եղել,  բայց հիմա Վասակը զենքով պիտի պաշտպաներ իր քաղաքական նվաճումները,  իսկ Վարդանը  պիտի փորձեր քաղաքական հաղթանակ դարձնել  իր զենքի  ակնկալ հաջողությունը: Սպասվելիք հաջողությունը…
 
Չնայած Վասակը կարողացել էր քաղաքականապես մեկուսացնել Վարդանանց, իսկ փոքր անց աստիճանաբար նրանց պիտի նաև դուրս մղեր Հայաստանի պարսկական բաժնից, սակայն դեռ  հնարավոր էր ամեն ինչ փոխել: Հետևաբար, ճակատամարտն անհրաժեշտություն էր՝ միջոց  էր, պայման և, ամենաաներևակայելին՝ ցանկացած ելքով շահեկան էր եպիսկոպոսաց համար:
 
Եկեղեցու հայրերը հաշվարկել էին, որ ճակատամարտի սկիզբն  ինքնին պիտի ավետեր իրենց ամենաահեղ հակառակորդի՝ Վասակ Սյունու քաղաքական պարտությունը. կնշանակեր նա անկարող կառավարիչ եղավ և չկարողացավ խաղաղություն   հաստատել   երկրում: Նկատի էին առել  նաև սեփական  պարտությունը,  որի դեպքում  զոհվածները կդառնային  նահատակներ  և այդ   կերպափոխությունը  կծառայեր Եկեղեցու փառաբանմանն ու նրա հիմքերի ամրապնդմանը: Դե, իսկ հաղթությունն իր պայմանները  կթելադրեր Տիզբոնին և Եկեղեցուն ամբողջովին  Հայոց  աշխարհի  տերը  կդարձներ,  թեև  այդ  Հայաստանն արդեն ոչ թե տարբեր, այլ ուրիշ, միանգամայն ուրիշ կլիներ՝ հանուն քրիստոսասիրության ցանկացած պահի զոհաբերության պատրաստ…
 
Վերջապես ճակատամարտը հարկավորվել էր նաև Տիզբոնի համար. պիտի վերացվեր  բուն  երկրի գլխին մշտապես  կախված սպառնալիքը: Չմոռանանք,  որ  հենց հայկական վտանգի  պատճառով, Տիգրան Բ.-ի  կողմից պարթևների մայրաքաղաք   Էկբատանը  նվաճելուց    հետո,   հրատապ  դարձավ  պարթևական արքունիքը Հայաստանից հեռու  մի վայր  տեղափոխելու հարցը, և Որոդես  Բ.-ն (55-37թթ.)  իր մայրաքաղաքը դարձրեց Տիզբոնը: Անշուշտ,  բոլորովին թարմ  էին  նաև Վասակ Սյունու  պապի` Սյունյաց տեր Անդոկի` «հազար յոթ հարյուր ընտիր մարդկանցով» արքայանիստ  Տիզբոն  խուժելու և  կողոպտելու    մասին հիշողությունները: Ուրեմն,  Պարսից  արքունիքը  Արտազում ճամբարած Հայոց զորքի վրա բանակ էր ուղարկում այնպիսի մի  առաջադրանքով,  ինչպիսին Վարդան Մամիկոնյանն  էր Վասակ Սյունուց  ստացել Աղվանք արշավելուց առաջ: Տղմուտի ափին պարսիկները պիտի կանխեին Հայոց զորքի հավանական ներխուժումը Պարսից երկիր, ինչպես որ Վարդանը Խաղխաղում չեզոքացրեց Սեբուխտի գլխավորած պարսկական զորագնդի վտանգը Հայոց աշխարհի  համար: Այսինքն՝  պարսիկները  Տղմուտի  ափին պաշտպանական ճակատամարտ պիտի տային: Այս ամենով հանդերձ, Ավարայրում  նաև վերջին երկու տարվա բուռն իրադարձությունների վերջակետը պիտի դրվեր:
 
Երեք  փուլ ունեցավ հայ կյանքը այդ  շրջանում: Առաջինը՝ Հազկերտ Բ.-ի  անունից կրոնափոխության  առաջարկով նամակի Արտաշատ հասնելուց մինչև Փայտակարանում Մեծ հազարապետ Միհրներսեհի և Հայոց մարզպան Վասակ Սյունու հանդիպումն ընդգրկող հատվածն էր, որն էլ  հենց Հայոց մեծ ապստամբությունն էր Սասանյան Պարսկաստանի դեմ:
 
Երկրորդը՝ Արտաշատի II ժողովից մինչև Եկեղեցու սուրբ ուխտի բանակի Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ իջնելը Արտազ գավառ՝ Տղմուտ գետի ափ: Դա հայրենակործան քաղաքացիական պատերազմի շրջանն էր:
 
Երրորդը՝ Ավարայրի  ճակատամարտն  էր:  Փաստորեն,  թեև  կրոնական պատերազմ  չստացվեց,  բայց կրոնական ճակատամարտ,  այնուամենայնիվ, հաջողվեց…
 
451 թվականի մայիսի 26–ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Անիմաստ է  մարտն իր մանրամասնություններով նկարագրել,  վերջապես,  հնարավոր  չէ  Եղիշեից  ու  Դեմիրճյանից լավ պատմել, բայց մի քանի ընդհանուր տեղեկություններ բերենք և որոշ դրվագների վրա ուշադրություն դարձնենք:
 
Նախ՝ ճակատամարտի նշանակությունը գնահատելու փորձ անգամ անելիս հարկ է  նկատի ունենալ  մի կարևոր հանգամանք, այն է` այդ  ժամանակների Հայաստանում կատարված ցանկացած խոշոր իրադարձություն  բացառվում  էր, որ միայն տեղական հնչեղություն ունենար:
 
Հիշենք. կրոնափոխության առաջարկի նամակում պարզորոշ ասվում էր, որ Հայոց մեծամեծների կողմից այն ընդունելու դեպքում, ինքնաբերաբար, նրանց կմիանան նաև Վրաց և Աղվանից իշխանները:  Իզուր  չէր  նաև Պարսից  թագավորը  հայերի  դեմ որևէ ձեռնարկ անելիս ամեն ինչ նախապես համաձայնեցնում բյուզանդական կայսեր  հետ, և նման շատ ուրիշ փաստարկներ: Եվ հիմա էլ  ճակատամարտը  մեծ արձագանք պիտի գտներ  մինչև Հնդկաստան ու մինչև աֆրիկյան ափեր: Ի վերջո, Վարդանանց հնարավոր  հաղթության դեպքում  մինչև իսկ աշխարհաքաղաքական փոփոխություններ  կարող  էին  լինել,  որովհետև վտանգ էր  կախվում անմիջապես Տիզբոնի վրա:
 
Ի դեպ, մեկ ճակատամարտով ճակատագրական փոփոխություններ կատարելու մասին շատ բան  կա ասված և, առաջին հերթին, թե ինչպես ճակատամարտ շահելով՝ հնարավոր է լինում  աշխարհակալ պետություն  կործանել  կամ թագավորական  դինաստիա  վերացնել (օրինակ, մարերը այսպես կործանեցին Ասորեստանը, պարսիկները՝ Մարաստանը, Ալեքսանդր Մակեդոնացին՝ Աքեմենյանների թագավորական հարստությունը  և այլն): Իրանի  առանձնահատկություններից էր, որ այդ  երկրում դինաստիաները ոչ թե նույն պետության մեջ իրար  էին  հաջորդում, այլ իրենք   էին պետություն ստեղծում  իրենց պատկերացումով: Եվ հիմա, ի տարբերություն Աքեմենյանների դարաշրջանի, երբ Պարսկաստանը համադաշնություն էր, Սասանյանների պետությունը դարձել էր բավական ազդու  տպավորություն թողնող ժողովուրդների   մի  համակուտակ,  որը կառավարելու համար, այնուամենայնիվ, կարող էր դրսից կամ ներսից մեկ այլ զորեղ ուժ հավակնել: Ինչպես որ VII դարում զորեղ եղան արաբները և նվաճեցին Սասանյան Պարսկաստանը:
 
Այս բաներն ասում ենք, որովհետև վերջին շրջանում ոմանց կողմից փորձեր են լինում նսեմացնել մեզ ու մեր  պատմությունը, իբր, միշտ էլ աննշմար ազգ ենք  եղել և այն, ինչ մեզ համար մեծ իրադարձություն   է համարվում, պարսիկները նույնիսկ չեն հիշում: Դա, իհարկե, այդպես  չէ:  Եթե  միայն հայերի  երկյուղից մայրաքաղաք տեղափոխելը բավարար փաստ չէ,  ապա հատուկ նրանց  համար փոքրիկ մեջբերում էլ անենք Աղվանքի վերաբերյալ իրանցի նշանավոր  պատմաբան  Էնայաթոլլա  Ռեզայի մենագրությունից,  ուր հստակ գրված է, թե հայերի  ուժն այնքան  էր, որ Հազկերտ Բ.–ին մեծապես  անհանգստացնում  էր  «Հայոց  մեծերի  ազդեցությունը  և արդյունքում Բյուզանդիայի ազդեցության վտանգը Կովկասի պետություններում, այդ  թվում՝ Իբերիայում (Վրաստան) և Աղվանքում (Առան)»:
 
Իսկ 1500 տարի առաջ նույն բանն ասել է և մեր Ղազար Փարպեցին: Նորից կարդանք այն հատվածը, որտեղ  նա ներկայացնում է Միհրներսեհ հազարապետի խորհուրդը Հազկերտ Բ.-ին.  «Արդ,  քանի՞  աշխարհներ  են,  որոնց դուք  եք  իշխում աստվածաբար… Նախ և առաջ, Հայոց մեծ աշխարհը, որ անհրաժեշտ  է  ու  օգտակար… Դուք ինքներդ և բոլոր Արիները գիտեն, թե ինչպիսի մեծ ու պիտանի երկիր է  Հայոց աշխարհը, բայց մոտ ու սահմանակից կայսեր  իշխանությանը և միևնույն օրենքն (կրոնը) ու պաշտանմունքի ձևերն ունի,  որի համար էլ   կայսրը  նրանց  վրա ազդեցություն  ունի: Եվ եթե հայերին ընտանեցնենք մեր օրենքներին… կսիրեն մեզ և Արյաց աշխարհը, և կայսրից, նրա կրոնից ու երկրից կհեռանան: Եվ եթե հայերը սրտանց մերը լինեն, վրացիներն ու աղվանները մերն են ու մերը»:
 
Այսպիսով, կարելի  է այդ  նսեմացնողների աչքի առաջ պահել Սասանյան Պարսկաստանի քարտեզը, որից հետո, վստահ ենք, նրանք անմիջապես պայծառացում կունենան: Ուղիղ մեկ տարի (450 թ.) Մեծ Հայքը, Վիրքը և Աղվանքը  ենթակա  չէին  Տիզբոնին: Եվ քանի  որ Հայաստանը  Սասանյանների աշխարհակալության  մեջ երկրորդ երկիրն էր, ապա, անշուշտ, Ավարայրի ճակատամարտը համաիրանական նշանակություն ուներ, այլապես, զորաբանակում մարտական փղեր չէին լինի և, ամենակարևորը, կռվին չէր մասնակցի Մատյան գունդը՝ Պարսից զորքի ամենաքաջ և լավ սպառազինված հեծյալների 10 հազարանոց ընտրանին, որը նաև Անմահների գունդ էր կոչվում: Իսկ պարսիկները չեն  ուզում հիշել Ավարայրը, որովհետև հին ավանդույթի համաձայն,  նրանք  հիշում են միայն բացարձակ հաղթանակները...
 
Եվ ուրեմն,  Պարսից  բանակը գլխավորում  էր  զորահրամանատար Մուշկան Նիսալավուրտը, Հայոց բանակը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Երկուսն էլ փորձառու զորավարներ էին, արժանավոր հակառակորդներ: Մայիսյան այդ օրը, վաղ առավոտյան, երկու  հրամանատարներից  յուրաքանչյուրը  սկսում  է   հարդարել  իր զորքի ճակատը:  Մուշկան  Նիսալավուրտը,  ինչպես  որ ընդունված էր այն ժամանակ պատերազմել, աջ և ձախ թևեր է  ստեղծում,  իսկ կենտրոնում  ինքն   է  մնում՝  Մատյան  գնդի  հետ: Աջ թևում հայոց գունդն էր՝  Վասակ  Սյունու  գլխավորությամբ,  ինչպես  նաև Հոնաց, Ապարհացի, Կատշաց և Գեղաց «բազմաթիվ ընտիր–ընտիր զորականներ»: Այս վերջին երեքը Կասպից ծովի հարավային և հարավ-արևմտյան ափերին ապրող լեռնցի ժողովուրդներ էին:
 
Նույն  գործողությունը  կատարվում  է  նաև հայկական  կողմում: Սակայն  բանակը մարտակարգի  բերելիս  արդեն Վարդան զորավարն անբնական մի քայլ  է անում. նա բռնում է ոչ թե  կենտրոնը կամ հրամանատարական դիտակետը, ինչպես ընդունված էր ռազմարվեստի  կանոններով, այլ ձախ թևը: Համենայն դեպս, ուսումնասիրողներն ուրիշ կերպ չեն մեկնաբանում Եղիշեի հայտնածը, թե Մուշկան Նիսալավուրտը  «պատվեր  տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ Հայոց զորավարի»: Իսկ տողեր ցած մեր ռազմերգու պատմիչն ավելի որոշակիորեն է մատնանշում, որ Վարդանը մյուս զորամասերին զորագլուխներ նշանակելուց հետո «ինքը վերցրեց չորրորդ զորամասը և իրեն նիզակակից՝ քաջ Արշավրին և իր հարազատ եղբայր Համազասպյանին», այսինքն՝ պահեստազորը,  որն ամենևին  էլ   փորձառու  մարտավարի տեղը  չէր: Սովորույթի համաձայն,  ինչպես պարսկական բանակում էր կարգ սահմանված, որ  մարտական զորադասավորության  ժամանակ արքաներին (կամ  գլխավոր  հրամանատարներին)  տեղ  էր  հատկացվում ռազմաշարքի մեջտեղում, այնպես էլ «հայկական զորքերի գերագույն   հրամանատարի  զորակայանն  էր   մարտի ժամանակ գտնվում բանակի  մարտական կարգերի կենտրոնում կամ հետևում,  այնպիսի վայրում,  որտեղից  կարելի   էր   դիտել ճակատամարտի դաշտը և անել լրացուցիչ կարգադրություններ»: 
 
Վարդանը, անշուշտ, քաջ  տեղյակ էր  այդ   ամենին. Խաղխաղում, օրինակ, նա կենտրոնում էր: Ուրեմն` ուրիշ բան  կար: Փարպեցին ավելի պարզ է ասում. Վարդանը «ձախ կողմից ինքը պատրաստվեց իր գնդով՝ Առավեղյան Փափագ իշխանի և Հայոց ուրիշ իշխան–նախարարների հետ միասին, քանզի այն կողմից ավելի էին երևում Սյունի զորական գնդի և այլ զորավոր արանց դրոշների նշանները»: Քիչ անց տեսնում ենք, որ ճակատագրի ընտրությամբ թե կռվի ընթացքի պահանջով` Վասակ Սյունին  և Վարդան Մամիկոնյանը  հենց այդ  թևում են վերջին անգամ բախվում...
 
Ճակատամարտը հիմնականում Վարդանանց առավելությամբ է ընթանում մինչև այն պահը, երբ պարսից աջ թևը, այսինքն՝ Սյունյաց գունդը և լեռնականները, սկսում են նեղել Հայոց բանակի ձախ կողմին: Նախախնամությունն  իրենն արեց: Վարդանը,  տեսնելով  Թաթուլ Վանանդեցու գնդի ընկրկումը, անձամբ է շտապում օգնության:
 
Բազմափորձ զորավարի  այս որոշումը,  իրավ, շատ հապճեպ կայացրած կարելի է  համարել, եթե չնկատենք մի հոգեբանական նրբություն: Վասակյանների և Վարդանանց քաղաքացիական պատերազմի ընթացքում ոչ մի խոշոր ճակատամարտ տեղի չէր ունեցել, այլ հիմնականում փոխադարձ հարձակումներ,  ավերումներ ու կոտորածներ էին եղել: Հիմա, երբ միայն պայմանականորեն է հնարավոր  Նիսալավուրտի  բանակը պարսկական  համարել,  երբ ընդհանուր հրամանատարությունն անկարևորելու դեպքում դժվար կլինի հաստատ ասել՝ պարսից զորաբանա՞կն էր օգնության հասել մարզպան Վասակ Սյունուն, թե՞ Վասակն էր իր զինակից հայ նախարարներով պարսիկներին միացել շուրջ 40 հազարանոց զորքով, հիմա, երբ միանգամայն պարզ էր, որ վերջին առճակատումն էր, վերջին կռիվը,  գուցեև  մենամարտը,  երբ ամեն  մեկի ճշմարտությունն  արդեն սրով  պիտի վեր  հանվեր, հիմա, երբ նահանջել՝ նշանակում էր մերժվել հենց յուրայինների կողմից  ու անարգվել, հիմա, այս պահին  երկու ախոյանների  իրար  վրա խոյանալը,  հավանաբար,  անխուսափելի էր:
 
Արդյո՞ք անխուսափելի էր...
 
Թեև Վանանդեցու գունդն ընկրկել էր, բայց չկար ոչ մի հուսահատական վիճակ, չկար խուճապահար նահանջ, որպեսզի հարկավոր լիներ  զորավարի  անձնական հերոսությամբ բեկում մտցնել  կռվի ընթացքի մեջ: Չենք կարծում նաև, որ Վարդանն ամբողջ էությամբ տոգորված էր մարտիրոսության պսակին արժանանալու տենչանքով:  Որքան էլ  ասենք, թե Հայոց տանուտեր կարգվելուց հետո նա ոչ այնքան  քաղաքական կամ վարչարարական, որքան կրոնական գործչի էր նման, բայց և այնպես, զորավար էր, մարտական հսկայական կենսագրություն ունեցող փորձառու մի այր, և անհավատալի է, որ նա չզգար ճակատամարտի վճռորոշ պահը (ըստ X դ. տարեգիր Մեսրոպ Վայոցձորեցու, Վարդանը մեծ հմտությամբ  ու քաջությամբ 42 ճակատամարտ է վարել): Այնուամենայնիվ, անհասկանալի, անըմբռնելի մի բան  կա Վարդանի որոշման մեջ. ինչ ասել է՝ փոքրաթիվ թիկնազորով անձամբ մխրճվել հակառակորդի շարքերը: Ամեն ինչ անել, որպեսզի վերջին ճակատամարտը կայանա, իսկ հետո ճակատամարտում շտապել ու հաղթությունը մատուցել հակառակորդի՞ն:  Չէ՞  որ  նույնիսկ  ճակատամարտը  տանուլ  տալու դեպքում նա պարտավոր էր մտածել պատերազմի ավարտի մասին:
 
Մատենագիրներից  ոչ մեկը տեղեկություն  չի  թողել,  թե ճակատամարտի  հաջող  ելքի  դեպքում  Վարդանն ինչ  ծրագրեր  պիտի իրականացներ: Միայն չասենք, իհարկե, անկախություն պիտի ձեռք բերեր  երկրի  համար  ու   ինքն էլ    թագավոր   օծվեր:  Եթե   նման գաղափար կար, ապա ինչպե՞ս  է, որ պատերազմական սովորական մի պահի նա որոշում է իր  անձը վտանգել, իսկ շրջապատող զինակիցներն  ու նիզակակիրներն էլ դա հեշտորեն թույլ են տալիս: Չէ՞ որ նրանց համար ինքը գրեթե թագավոր պիտի դիտվեր: Եթե Վարդանը հավատ ուներ իր զորուժի վրա և մտածում էր, որ կարող է պարսից զորքին հաղթելով տրոհել Սասանյան պետությունը, առնվազն Հայաստանը, Վիրքը և Աղվանքը անջատել ու քրիստոնեական մի ընդհանուր աշխարհ ստեղծել, ապա ինչո՞վ կարող էր այդ ծրագրի իրագործմանը նպաստել իր անձի զոհաբերությունը:
 
Սովորաբար Վասակն է ներկայացվում իբրև բարդ ու հակասական ներաշխարհ ունեցող կերպար, իսկ Վարդանի էությունը պարզ և ուղղագիծ է համարվում. նա հայրենասերի տիպար է և ազգի  անձնազոհ  պահապան զինվոր:  Բայց  նրանցից ո՞վ էր ավելի  ենթակա անձ՝ Վասակ Սյունին Պարսից արքայից արքայի՞ն, թե՞ Վարդան Մամիկոնյանը Հայաստանյայց եկեղեցու հայրերին: Ո՞վ էր նախահարձակության մարտավարություն ընտրել, ճակատամարտ տալու վճիռ ընդունել՝ սպարապետ Վարդան Մամիկոնյա՞նը, թե՞ Եկեղեցու սուրբ ուխտը: Վարդան զորավարը  կատարո՞ղ  էր, թե՞ որոշող:  Եվ վերջապես, կաթողիկոսական  տեղապահն  ու   եպիսկոպոսներն արդյո՞ք անհասկանալի մի հանգստությամբ չթողեցին, որպեսզի Սահակ Պարթևի գուրգուրած թոռը, նրա վիթխարի հարստությունը ժառանգած Վարդան Մամիկոնյանն իրենց աչքի  առաջ ինքնազոհաբերվի: Սրանք հստակ պատասխան չունեցող և մտորելու տեղիք տվող հարցեր  են, որոնք նախորդում են այս մեն մի հարցին. ինչո՞ւ,  այնուամենայնիվ,  հարձակվելով  Վասակ  Սյունու  թևի վրա և խորանալով թիկունք, Վարդանը թույլ  տվեց, որպեսզի իրեն շրջապատեն: Գուցե նա ձգտում էր բացարձակ ազատությա՞ն:
 
Գուցե նահատակությունն  իսկապե՞ս  երջանիկ  ավարտ է  բերում  անհանգիստ հոգուն: Իսկ գուցե  նա երկիրը թողնում  էր  Վասակին` համոզվելով, որ Վասակի գո՞րծն է ճշմարիտ…
 
Դառնանք զորավար Վարդանի ևս մեկ հանելուկային քայլին: Նա, լինելով ճակատամարտող բանակի գլխավոր հրամանատարը, ինչպես  արդեն ասացինք,  ոչ միայն  ընդամենը  մեկ թևի ղեկավարությունն  է ստանձնում, այլև իրեն տեղակալ կամ փոխարինող չի նշանակում     (փաստորեն    Եկեղեցու     սուրբ    ուխտի     բանակի գործողությունները  Ավարայրում չէին  համակարգվում), որի հետևանքը  պարզապես աղետալի  է  լինում.  իր զոհվելուց  հետո «այնուհետև էլ  ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովվեին մնացած  զորքերը»:
 
Սա  ի՞նչ  բան  է՝  անփութությո՞ւն, ավելորդ ինքնավստահությո՞ւն, թե՞ մտածված քայլ՝ այսինքն պետք չէր,  որ իր զոհվելուց  հետո  բանակն ընդհանուր  հրամանատա՞ր ունենար:  Դժվար է  համաձայնել այսպիսի եզրահանգմանը, բայց նաև դժվար է հասկանալ արվածը: Վարդանը ոչ թե անտրամաբանական, այլ տրամաբանությանը հակառակ քայլեր է անում: Մեր այս դիտողության համար անուղղակի  հիմք կարող է  հանդիսանալ համանման մի  իրադրությանը  վերաբերող  հետևյալ  օրինակը.  Մանազկերտի ճակատամարտի (1071 թ.) նախօրյակին սելջուկյան թուրքերի գլխավոր հրամանատար սուլթան Ալփասլանը հայտարարում  է իր զորքին և մերձավորներին. «Ես կռվելու եմ [ճակատագրին] հնազանդ և համբերատար կերպով. եթե ողջ մնամ, դա կլինի Ալլահի ողորմությունը, իսկ եթե նահատակվեմ, ապա իմ որդին Մելիք շահը, իմ գահաժառանգն է»: Իսկ իր երկիրն ասպատակող թուրքական բանակի  դեմ դուրս եկած Բյուզանդիայի  զորավար  կայսր Ռոմանոս Դ. Դիոգենեսի մասին էլ  հայտնի է, որ «իր հետ եղող  կնոջ որդի Անդրոնիկոսին նա կայսր  նշանակելով իր մոտ էր պահում որպես  պատանդ կամ համազորավար, որպեսզի բազում արշավանքների ժամանակ, եթե հանկարծ  իրեն բան  պատահի,  նա իր վրա վերցնի ղեկավարությունը»:
 
Վերջապես մենք ունեցել ենք թագավորի անձի անձեռնմխելիության, ճակատամարտում նրա անվտանգության մասին հոգալու սեփական էջ: Մանուկ  Աբեղյանի կարծիքով, Բուզանդը    Բագավանի ճակատամարտի գեղեցիկ  պատմությունը հորինել    է  հատուկ այդ գաղափարը ծավալելու նպատակով: Բայց  այդ  դեպքում մեզ  հասկանալի չէ,  թե ինչու    է  օտարին  օրինակ ներկայացնում: Ինչևէ,  Բուզանդը  գրում է. «Երբ  Պարսից և Հունաց երկու գնդերը եկան իրար  մոտեցան և պատրաստվում էին կռվի, Հայոց Պապ թագավորն էլ  զինվեց  ու պատրաստվեց ճակատամարտի մեջ մտնելու:
 
Բայց  Տերենտը՝ Հունաց զորավարը, թույլ չտվեց, որ Պապ թագավորը կռվի մեջ մտնի: Նա ասաց. «Հունաց թագավորը մեզ ուղարկեց քեզ համար, թե գնացեք նրան պահպանեցեք: Արդ՝ եթե քեզ  մի բան պատահի, մենք  ի՞նչ երեսով պետք է տեսնենք մեր թագավորին կամ ի՞նչ  պիտի պատասխանենք: Եթե մենք այստեղ առանց քեզ կենդանի   մնանք  ու  մեր թագավորի  մոտ հասնենք,  մենք գլխապարտ կմնանք մեր թագավորի առաջ: Դու, արքա, արա՜, ինչ որ ասում ենք քեզ. ա՜ռ Ներսես եպիսկոպոսապետին, գնա՜ Նպատ լեռը,  մի ամուր անվտանգ տեղ   նստի՜ր, և թող սուրբ Ներսես եպիսկոպոսապետը աղոթք անի և խնդրի Աստծուց, որ մեզ հաղթություն  տա: Այնտեղից բարձրից  կնայես   և  կտեսնես մեր ջանքերն   ու   աշխատանքը պատերազմի ընթացքում, ամեն մեկի քաջությունն  ու երկչոտությունը, որ քո առաջ կկատարվին»:
 
Պապ թագավորը համաձայնվեց այս խոսքերին, իր հետ վերցրեց   Ներսես քահանայապետին և ելավ նստեց Նպատ լեռան վրա, իսկ  Հունաց ու  Հայոց զորքերն  իջան պատերազմի տեղը: Այսպիսով, տեսնում ենք, թե ինչպես են սովորաբար նախապատրաստվում  վճռական ճակատամարտերին:  Հետևաբար, կարելի՞  է հասկանալ  Վարդանի  կատարած  վարմունքը,  երբ, զորքը բախտի քմահաճույքին հանձնելով, ամեն–ամեն  ինչը կորցնելու ցավից հոգեցունց վիճակում գտնվող մարդու  հուսահատությամբ մխրճվում է պարսկական բանակի շարքերն ու հակառակորդին հնարավորություն տալիս շրջապատել իրեն: Այն էլ` երբ ընդհանուր իրավիճակը դա չէր թելադրում, ավելին, երբ ամենևին կարիք չկար,  որպեսզի վերջին ուժերը   ի  մի  բերելով, իբրև պարտություն  կրող բանակի հրամանատար, անձամբ վճռական գրոհի տաներ իր զինվորներին:
 
Դեռևս ճակատամարտի կեսն էր և, մանավանդ մյուս թևերում, հայերի դրությունը գերազանցող էր, հետևաբար, հախուռն այդ պոռթկումի փոխարեն գուցե ճիշտ լիներ սառնասրտորեն ընդհանուր մա՞րտը վարել: Չենք կարծում, թե Վարդանը լավ ռազմագետ լինելով, նաև  ռազմարվեստի պատմության հմուտ  գիտակ էր   և հիմա կամենում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու մարտավարությունը Իսոսի  ճակատամարտում:  Շուրջ յոթ  դար առաջ տեղի  ունեցած ճակատագրական այդ  մարտում Ալեքսանդրն էլ  էր թևում`  բանակի աջ մասում, իսկ Դարեհը` իր զորքի կենտրոնում: Ալեքսանդրը հենց իր գլխավորած թևում է   հարձակումը   զարգացնում  և Դարեհին փախուստի   մատնում:  Սակայն  չէ՞  որ  դա կատարվեց շնորհիվ այն բանի,  որ մակեդոնացիների  անպարտելի փաղանգը չկտրվեց Ալեքսանդրից, իսկ Ավարայրում Վարդանն իր փոքրաթիվ ջոկատով մենակ մնաց:  Անճարակությո՞ւն, դավաճանությո՞ւն, թե՞ դավադրություն էր դա յուրայինների կողմից...
 
Ի դեպ, զոհված «մեծամեծ նախարարների» մեջ չկան Վարդանի նիզակակիցների՝  Արշավիր Կամսարականի  և Համազասպ Մամիկոնյանի, ինչպես նաև ձախ թևի հրամանատար Թաթուլ Վանանդեցու անունները: Սա նշանակում է, որ վերջին պահին նրանք Վարդանի կողքին  չեն եղել: Ուրեմն,  մի՞թե թշնամու շարքերի «տագնապն ու իրարանցումը» ավելացնելու գործողության մեջ Վարդանի միայն անձնական թիկնազորով լինելը չէր պատճառը, որ հակառակորդին հաջողվեց շրջապատել նրան:  Իսկ ի՞նչ տեղ,  դիրք ու պարտականություններ ունեին Հայոց բանակում նիզակակիցները. նրանք հրամանատարի  համհա՞րզն էին,  թիկնապա՞հը,  թե՞  տեղակալը:
 
Բառարանում  կարդում  ենք. «Համհարզ–նիզակակից,  թիկնապահ: Նիզակակից–զինակից: Թիկնապահ–զինվոր, որ պաշտպանում է բարձրաստիճան անձի (միապետի, հրամանատարի, իշխանի և այլ- նի) կյանքը, համհարզ»:
 
Բառի բացատրությունը մեջբերում ենք մի նպատակով. փորձենք հասկանալ՝ եթե Արշավիր Կամսարականն ու Համազասպ Մամիկոնյանը  Վարդանի  թիկնապահներն  էին,  ապա ինչո՞ւ իրենց  պարտականությունը չէին կատարում՝ սեփական անձով չէին  պաշտպանում  գլխավոր  հրամանատարին:  Իսկ եթե հատուկ առաջադրանքով էին  նրանք  մնացել  թիկունքում, ապա ի՞նչ առաջադրանք  էր  դա և ու՞մ կողմից   էր տրվել...  Ինչևէ,  թշնամուն հասնելով ու այլևս հետ չնայելով` «կորովի Վարդանն իր քաջ նիզակակիցներով (այստեղ՝ մարտակիցներ իմաստով.- Հ.Դ.)  մեծ կոտորած արեց այնտեղ,  ուր և հենց ինքն էլ  արժանի եղավ ստանալու կատարյալ  նահատակության  պսակը»: Եվ նահատակության լուսավոր պսակով էլ  մշտապես ներկայացվում է Հայոց սպարապետը, որովհետև նա անմահացավ՝ «հանուն մեծ գործի  գիտակցաբար մահը հանձն առնելով»:
 
Սակայն թե որն էր, այնուամենայնիվ, այդ մեծ գործը, հանուն ինչի էին «գնում դեպի  բաղձալի նահատակություն», հայոց մեջ արդյո՞ք բոլորն   էին տենչում մարտիրոսվել՝ հանգամանալից կանդրադառնանք իր տեղում: Իսկ հիմա, թե ինչպես պատահեց բեկումը, և թե ինչպես ճակատամարտի ելքը կատարյալ անորոշության մատնվեց:  Համենայն դեպս,  գոնե այդպես ենք կամենում ընդունել Եղիշեի ասած «երկու կողմերն էլ պարտություն կրեցին» խոսքերը, որպեսզի հաղթության մեզ մատուցված տեսակը՝ բարոյական հաղթանակը, ինչ-որ հիմք ունենա: «Բայց  որովհետև Հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ  ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված ժողովվեին մնացած զորքերը»,- գրում է Եղիշեն ու  ավելի  առեղծվածային  դարձնում  Վարդան Մամիկոնյանի  կերպարը:  Չլինեին այս տողերը,  կարծում ենք, որևէ ուսումնասիրողի մտքով չէր կարող անցնել (պարզապես հիմք չէր ունենա), թե ինչու Վարդանն այս ձևով  զոհվեց  և ինչպես  եղավ, որ ճակատամարտի ավարտը մինչև հիմա տարբեր գնահատականների է  արժանանում (թեև արդեն պատմագիտության կողմից էլ է այն կանոնացվել): Բայց կան այս տողերը,  Եղիշեն է  գրել: Իսկ Փարպեցուն  դիմելն օգուտ չունի,  որովհետև նրա նկարագրածն առավել  ծանր է  կարդալ (և հիմնականում այն անտեսում են), պարզապես մեծ ամոթ ես զգում Հայոց բանակի անճարակորեն պատերազմելու համար:
 
Խորաթափանց Դերենիկ Դեմիրճյանը «Վարդանանք» պատմավեպը  գրելիս   նույնպես   Վարդանի   գործողությունների   հետ կապված երկու հարցի՝ թշնամու թիկունք խրվելու և իրեն տեղակալ կամ փոխարինող  չընտրելու  որոշումների  բանական պատասխանները գտնելու առջև է  կանգնել: Նրա գեղարվեստական այն լուծումները, թե Վարդանը կամենում էր մխրճվելով մահացու խոցում կատարել, որպեսզի հետո վիրավոր թշնամուն արնաքամ անի  պաշտպանական և պարտիզանական կռիվներում՝  գեղարվեստական հորինվածք է  և ընդամենը անտրամաբանականը բացատրելու  ճիգ: Պարզ չէ՞,  որ կյանքի գնով թեկուզ   մի հազարով ավելի հակառակորդի զինվոր կոտորելով, թշնամու ահռելի բանակին հնարավոր չէր ծունկի բերել, և երկրորդ՝ սպարապետի փոխարեն նույն գործողությունը մի՞թե չէր կարող որևէ զորագնդի հրամանատար կատարել: Ի  վերջո,  ինչպես վերն ասացինք, պատերազմի  մեջ և ճակատամարտում  գլխավոր  հրամանատարի կյանքն ամենևին էլ  անձնական չէ, այլապես թիկնազորի անհրաժեշտություն ինչո՞ւ պիտի լիներ:
 
Իհարկե, հակառակորդի շարքերի մի հատվածում ինքնաոչնչացման գնով նախճիր կազմակերպելը հերոսական արարք է, բայց, ցավոք, ոչ ավելի: Հարձակման ուղղությունն  էլ  գոնե Պարսից բանակի հրամանատարական բլրի կողմը  չէր և ստացվում է, որ Հայոց սպարապետը զինվորական  գործում  զգացմունքներով  էր  առաջնորդվում: Դեմիրճյանը նույնպես Վարդանի կողմից երկրորդ անբացատրելի քայլը այն է համարում, որ ինքնազոհության վճիռ կայացնելով, բանակը գլխավորելու   համար իրեն փոխարինող  չի նշանակում: Այսինքն, չկար նշանակված ու բոլորին հայտարարված որևէ զորահրամանատար, որը պիտի սպարապետին  բան  պատահելու դեպքում կազմակերպված ձևով  ճակատամարտն ավարտեր:
 
Եվ Դեմիրճյանը ստիպված հորինում  է. ըստ նրա՝ Վարդանը Հայոց երկիրն ապավեն է թողնում Ատոմ Գնունուն: Ափսոս, որ այդպես միայն վեպում  է,  իսկ իրականում,  եթե պատասխանատու մեկը լիներ, ապա ամենայն հավանականությամբ ճակատամարտն ուրիշ ավարտ կունենար: Բայց  հանճարեղ է  Եղիշեն: Նա ոչ մի կասկած չունի,  թե ինչի համար է  պատերազմում Վարդանը: Նույնիսկ նրա պաթետիկ պատմելաոճն է կտրուկ փոխվում  հաշվենկատ գրառության, երբ խոսում է Վարդանի խելահեղ հարվածի և նրանից հետո Հայոց բանակի անգլուխ  մնալու  մասին:  Կրկին  կարդանք. նա պարզապես չի գրում Վարդանի զոհվելու մասին, այլ Հայոց զորքի սպարապետ Վարդան զորավարի զոհվելը դարձնում է  նահատակություն, հիմնավորելով, որ իսկապես «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»: Այն տպավորությունն է առաջանում, որ Վարդանը  պիտի զոհաբերվեր,  և նա ինքնակամ  զոհաբերվում  է:   Իսկ մանավանդ վերջին պայմանը շատ էր անհրաժեշտ եկեղեցուն: Մեր պարտքը կատարենք և նշենք, որ սպարապետ ու զորավար Վարդան Մամիկոնյանն ընկավ հերոսի մահով: Զինվորի ցանկալի մահով՝ կռվի դաշտում, ձիու վրա, սուրը ձեռքին, զինակիցների հետ թիկունք թիկունքի: Նրա մահը սգաց նաև Հազկերտ արքան...
 
Անպայման առասպել  է  Թովմա Արծրունու  հիշատակած  պատմությունը Վարդանի զոհվելու մասին, որ հիմա կբերենք, բայց ենթիմաստ ունեցող  առասպել  է:  Հետաքրքիր  է,  որ  ճակատամարտի ականատես–պատմիչ  Եղիշեն իր պատմության  մեջ չունի  նման մանրամասն: «Աչքերը վեր  բարձրացրեց սուրբ Վարդանը և տեսավ անօրեն Վասակին՝ Սյունյաց տիրոջը, որի մարդիկ փութապես Վարդանին գցեցին փղերի լավ զինված գնդերի մեջ»,- գրում է Թովման: Թե որքանով է ճշմարիտ X դար հասած այս պատմությունը, թերևս էական չէ, բայց ասում է  այն մասին, որ հայ մարդու  հոգում նրանց միավորող ինչ-որ կապ միշտ է եղել,  և միանշանակորեն որպես  հակադիր հերոսներ  չեն ընդունվել:  Կարդանք ու տեսնենք, որ խոսքն ամենևին էլ  «սուրբ մարդու» և «անօրեն» մեկի դեմ–դիմաց  դուրս գալու մասին չէ, այլ Վարդանի ու Վասակի հրաժեշտի մասին, ինչը եկեղեցական հեղինակն այլ կերպ չէր կարող ներկայացնել: Նրանք պետք է հրաժեշտ տային միմյանց: Ցավոք, մինչ այդ չկարողացան խնայել իրար:  Այսպես մենք կորցրինք Վարդան Մամիկոնյանին: Այդ առաքինի զորավարն ավելին կարող էր անել, քան նահատակվելը:
 
Նա կարող էր շարունակել ծառայել Հայրենիքին...
 
Նշել  ենք, որ Հայոց  եկեղեցական  դասը  նույնպես  այնտեղ  էր՝ ռազմի դաշտում: Եկել էին մարտիկներին ոգևորելու և զանգվածային նահատակության իրողությունն արձանագրելու: Հոգևորականությունը Վարդանանց պատերազմում ընդհանրապես, և հոգևորականությունը Ավարայրի ճակատամարտում. տարողունակ թեմաներ են և ուսումնասիրման կարոտ, հատկապես, պատմական հոգեբանության տեսանկյունից: Բայց  հիմա փորձենք միայն Ավարայրի ճակատամարտին անմիջականորեն առնչված եկեղեցական գործիչներին անդրադառնալ: Նրանք  շատ էին: Զորքի  հետ Արտազու դաշտ «եկան սուրբ Հովսեփը, սուրբ Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ քահանաներ, և է՜լ  ավելի բազմաթիվ (հոգևոր)  պաշտոնյաներ: Որովհետև նրանք էլ ամենևին չվախեցան պատերազմի գալ նրանց հետ, քանի որ ո՜չ թե մարմնական էին համարում այն կռիվը,  այլ հոգևոր  առաքինության կռիվ, ցանկանում էին իրենք էլ քաջ զինվորներին մահակից լինել»: Ցանկանում էին, բայց... չեղան:
 
Չկա այդպիսի փաստ: Ճակատամարտում  գոնե մեկ  եկեղեցական  չզոհվեց: Եթե ինչ-ինչ  բացատրության համար պիտի ասենք, թե հոգևորականն իրավունք  չուներ բռնություն գործադրել` կռվին ո՞նց մասնակցեին, այդ  դեպքում  հիշենք   նույն հոգևոր  անձանց կատարածները  Անգղում,  Զարեհավանում  և այլուր: Հիմա  նրանց  մասին  խոսենք մեկ այլ առումով: Հայոց  ապստամբության,  այնուհետև  Հայաստանում  քաղաքացիական պատերազմի  ողջ ընթացքն  անհնար  է   պատկերացնել առանց Հայաստանյայց եկեղեցու հայրերի վճռական մասնակցության և առանց եպիսկոպոսական ժողովների  որոշումների: Իսկ Տղմուտի ափին երկու բանակների խոշոր ընդհարում կազմակերպելու գործում նրանց դերակատարությունը պարզապես բացառիկ է: Նույնիսկ ճակատամարտի նախօրյակին Հայոց աշխարհի եկեղեցական ամենահզոր և ազդեցիկ քարոզիչն ու հռետորը՝ Ղևոնդ երեցը, ամեն տաղանդ գործադրեց, որպեսզի կրոնական հայտարարված կռիվը տեղի ունենա: Նահատակության գնացողները առանց արյուն թափելու  չպիտի  խաղաղվեին:  Ու մինչև հիմա  էլ  կարծես թե Հայաստանյայց եկեղեցու համար Ղևոնդ երեցի (նաև ղևոնդյանների) գործը  շատ ավելի  արժեք  ունի,  քան Վարդանանց  զոհաբերությունը:
 
Հիշենք, թե կռիվը  հրահրելիս  որքան ջերմեռանդ  էին  մեր հոգևոր պաշտոնյաները:  Ղևոնդ  երեցը զորքին ուղղված  իր խոսքում շեշտում  էր. «Այսօր եպիսկոպոսները և երեցներն  ու սարկավագները, սաղմոսերգուներն ու  գրակարդացները,  ամեն  մեկը սահմանված կանոնով իբրև սպառազինված և պատերազմի պատրաստված՝ կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին»: Հրաշալի էր ու ոգևորիչ: Բայց  երբ ճակատամարտի  ավարտին  մոտ սկսվում  է  Հայոց  զորքի անկանոն  նահանջը, չգիտես ինչպես, նրանք պարզապես անհետանում են: Ոչ մի մատենագիր չի հիշատակում, թե այդ  պահին ուր էին գաղափարի մեր ջատագովները:  Մինչև անգամ ճակատամարտի  ականատես Եղիշեն իր սեփական տեղը չի նշում,  որպեսզի գոնե այս կամ այն չափով կռահենք. ինքը կամ այլ  մի հոգևորական արդյո՞ք մասնակից են եղել կռվին (ինչը սակայն չխանգարեց, որպեսզի եկեղեցին գործողությունն արձանագրողին` Եղիշեին, նահատակներին հավասար տոնելի սրբերի շարքը  դասի): Սարդարապատում, օրինակ, տեսնում   ենք  իրենց կազմած ջոկատների   գլուխ  անցած հոգևորականներին մարտնչելիս: Նրանց  նպատակն իսկապես թշնամուն ջարդելն էր: Ահա թե ինչու երբեք ու երբեք չի կարելի  նույնանշանակ համարել Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը: Դրանք միանգամայն տարբեր խորհուրդ ունեն...

Հիմա ասենք, թե ինչու ենք այսքան առաջ բերում, ընդգծում ճակատամարտում  հոգևոր  անձանց մասնակցութան  հարցը:  Առաջին հերթին  նրա համար, որ արդար է,  երբ գնահատական  է  տրվում, առավել ևս,  երբ մեծարվում է  անհատն ըստ իր վաստակի, խելքի կամ  քաջության:   Ճակատամարտում   զոհված   նախարարների անունները թվելիս Եղիշեն նույնպես բնորոշում է յուրաքանչյուրին.  

Մամիկոնյանց ցեղից Քաջ Վարդանը,
Խորխոռունյաց ցեղից Կորովի Խորենը,
Պալունյաց ցեղից Արի Ատակը,
Գնթունյաց  ցեղից Զարմանալի Տաճատը,
Դիմաքսյանց ցեղից Իմաստուն Հմայակը,
Քաջբերունյաց ցեղից Հրաշակերտ Ներսեհը,
Գնունյաց ցեղից Մանուկ Վահանը,
Ընծայնոց ցեղից Արդար Արսենը,
Սրվանձտյան ցեղից Հառաջադեմ Գարեգինը:

 
Այս որակումները,  իհարկե, միայն  հավուր պատշաճի  չեն, այլ հատկանիշներ են, որոնք դիպուկ ներկայացնում են ամեն մի անհատին  առանձին: Այսինքն՝ մարդն իր գործով ու բնավորությամբ համապատասխանել է տրված գնահատականին:
 
Ուզում ենք հավատալ, որ նույն սկզբունքով ու ցանկությամբ էլ Հայաստանյայց եկեղեցին իր Ղևոնդ երեցին տվել է «Ավարայրի արծիվ» պատվանունը: Այսինքն՝ եկեղեցին առանձնակի մեծարանքի է  արժանացրել, այսօրվա լեզվով ասած, քարոզչականի պատասխանատուին, հավատի թշնամիների դեմ արիաբար մարտնչելու ոգեշնչումով Հայոց զորքին կռվի կոչողին՝ ընդհանուր համապատկեր դարձնելով  զորականությանը: Սակայն պատվանուններ կան, որոնք բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար եզակի  են, տրվում են բացառիկներին ու հազվադեպ, միմիայն սխրանքի կամ աննախադեպ մեծագործության համար: Հիմա
կարո՞ղ ենք ասել, թե Հայոց բանակի զորապետերին՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանին  «քաջ», զորաթևի  հրամանատար  Խորեն Խորխոռունուն  «կորովի»  և կամ նախարար Արտակ  Պալունուն «արի» ասելով, նրանց որ արժանիքն ենք հայտարարում: Այս ձևով նրանց  ինչպե՞ս ենք առանձնացնում ամբողջ 66 հազարանոց բանակի մեջ, ո՞ր իսկական զինվորը չէր քաջ, արի  և կորովի: Եվ կամ հնարավո՞ր է պատկերացնել հակառակը. լինել սպարապետ և քաջ չլինել, լինել զորապետ և արի չլինել: Իսկ քարոզիչ լինել և «արծիվ» չլինել՝  շատ հավանական  է:  Ավելի՜ն,  քարոզիչը,  եթե նաև անձնապես չի հերոսացել, ինչպե՞ս կարող է «արծիվ» պատվանունին արժանանալ... Քարոզիչը՝ արծիվ, գլխավոր հրամանատարը՝ պարզապես քա՞ջ:  Անհամաձայնելի է: Նույնիսկ  դարեր անց...
 
Ինչևէ: Եկեղեցու կողմնակալ վերաբերմունքի այս բացատրությունները ընդամենը մեկ բան  պարզելու համար արեցինք: Եղիշեն ասում է, թե Վարդանի զոհվելուց հետո «ոչ ոք գլխավոր չկար», որպեսզի մնացածը նրա շուրջը ժողովվեին, բայց այս դեպքում ինքնաբերաբար հարց  է առաջանում. ինչպես թե, իսկ ու՞ր էր Ավարայրի արծիվը, ի՞նչ էր անում Ղևոնդ երեցը: Ենթադրենք, թե բոլոր կորովի ու արի  հրամանատարները ծանր իրավիճակում անկորով ու անարի դարձան, բայց ինչպե՞ս կարող էր «արծիվն» ընդհանրապես անհետանալ  և մարտից հետո  միայն հայտնվել  ամուր բերդերից մեկում: Մի՞թե նա չէր, որ պիտի զորապետերի անճարակության դեպքում եթե ոչ սպարապետին փոխարիներ, ապա գոնե կռվողների անխուճապ  նահանջը  կազմակերպեր: Եվ եթե նա չէր  այդ  անհատը, ապա «արծիվ» պատվանունն  ինչո՞ւ  հորինվեց  նրա համար: Թող մեկը պարզի,  թե մարդկանց մարտի մղելուց  հետո  ի՞նչ  կամք է պետք ունենալ, որպեսզի ոգևորողը նրանց հետ չմասնակցի կռվին: Իսկ գուցե հաղթելու փոխարեն ա՞յլ նպատակ կար...
 
Ճակատամարտը շարունակվեց «և պատերազմի գործը երկարելով՝ օրը տարաժամեց և երեկոյան դեմ դադարեց»,- արձանագրում է   Եղիշեն, այնուհետև,  կռվի ավարտի  նկարագրությունից  հետո ընդհանրացնում. «Ոչ թե մի կողմը  հաղթեց, և մյուս կողմը պարտվեց,  այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ  պարտություն կրեցին»: Նման պարզ համեմատությամբ Եղիշեն ամփոփում է  պատմական  մի  ամբողջ  ժամանակաշրջան: Նրա տված այս գնահատականը ամենահարմարը և ամենատարածվածն է մինչև  հիմա, ու թեև որոշ պատմաբաններ Ավարայրը համարում են հայոց  հաղթանակ, սակայն  քիչ չեն նաև հակառակ  կարծիք  ունեցողները: Բայց  ինչո՞ւ և ինչպե՞ս  է, որ ճակատամարտը հնարավոր է լինում խորհրդանշական ոչ-ոքիով ավարտել, եթե հաղթող կամ պարտվող կողմը սովորաբար որոշվում է  արդյունքով: Մանավանդ որ հանրագիտարանային  ամփոփումն  այսպիսին  է.   «Հայոց  զորքն ուներ 66.000 մարտիկ, իսկ Պարսից բանակում կար 80–90.000 մարտիկ՝
գումարած 13 մարտական փիղ: Ճակատամարտում հայերից զոհվեցին 1036, իսկ պարսիկներից՝  3544 մարդ: Վիրավորվածների  հետ մեկտեղ պարսիկների կորուստը կազմել է բանակի մոտ 20 %–ը, իսկ հայերինը՝ 8 %–ից ոչ ավելի»: Ավելացնենք, որ հայերից քաջաբար զոհվեցին «ինը մեծամեծ նախարարներ», իսկ պարսիկների կողմից,  զարմանալի մի զուգադիպությամբ, կրկին «ինը հոգի խիստ պատվավորներից էին»: Թե ինչ ուժգնությամբ կռվեցին հայերը և ինչ կոտորած արեցին՝ խոսում է այն փաստը, որ պարսից զորքի 3544 սպանված զինվորի դիմաց «նույն տեղում» հայերն ընդամենը 287 զոհ տվեցին (այսինքն՝ 1:12 հարաբերությամբ), իսկ մնացած 740-ին` բուն ճակատամարտից հետո, այլ տեղերում, փախուստի մեջ: Ի դեպ, ըստ Ադոնցի, հայերը Վասակի միջնորդության շնորհիվ միայն փրկվեցին հետագա շատ ավելի մեծ ջարդերից:  Գուցե: Բայց  դա կարծիք է հետոյի մասին, իսկ ճակատամարտի վերաբերյալ ռազմագիտական ի՞նչ  չափանիշներ նկատի ունենալով ենք ասում թե այն հայերի հաղթությամբ չի պսակվել (անշուշտ, հաշվի առնելով նաև Հայոց զորքի գլխավոր հրամանատար, սպարապետ Վարդան Մամիկոնյանի  կորուստը: Ի՞նչ  պատճառ  կա, որ Ավարայրը  մենք չենք համարձակվում  լոկ բարոյական  հաղթանակ չհամարել:  Ահա այս և էլի ուրիշ հարցերի պատասխանները պիտի գտնենք... Տիզբոնի ճանապարհին, երբ քիչ անց ուխտապահ նախարարներին տեսնենք դատվելու գնալիս:
 
Փաստորեն մեր ամենաճակատագրական ճակատամարտի մասին մեզ հասած աղքատիկ տեղեկությունները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան ընդհանուր ճշգրիտ պատկերացում տալիս:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
4757 reads | 17.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com