ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԳԵՆԵՐԱԼԸ. ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼ
Այս օրերին Թուրքիայում սգում են հայտնի գրող Յաշար Քեմալի մահը: Նա այն եզակի գործիչներից էր, որը կյանքի ընթացքում ամեն ինչ արեց՝ պահպանելու Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կառույցները: Յաշար Քեմալի շնորհիվ 1951-ին չքանդվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, իսկ վերջին տարիներին կրկին նրա ջանքերով եկեղեցում պատարագ անելու թույլտվություն տրվեց:

Յաշար Քեմալի մահը պետական սուգ համարեցին նույնիսկ թուրք պաշտոնյաները՝ շեշտելով, որ նա Թուրքիայի մշակույթը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքիայի, բայց ոչ թուրքական մշակույթը: Կյանքի ընթացքում Քեմալը միշտ հայտարարել է, որ պետք է հարգել օտար մշակույթները, սովորել դրանցից և կատարելագործել սեփականը: Նա միշտ դեմ է եղել թուրքական քաղաքականությանը՝ ոչնչացնել այն ամենը, ինչ թուրքական չէ: 1951-ին՝ ցեղասպանությունից 3 տասնամյակ անց, Թուրքիայի իշխանությունը որոշեց քրդերի ձեռքով քանդել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին: Լինելով վանեցի քուրդ՝ Յաշար Քեմալը հանդես եկավ հայկական հազարամյա արժեքը պահպանելու նախաձեռնությամբ՝ թուրքերին ու քրդերին համոզելով գոնե մեկ անգամ չանել ոճրագործություն:

Յաշար Քեմալի կյանքը, սակայն, զերծ չի եղել վայրիվերումներից: Իշխանությունը հաճախ է քաղաքական հետապնդումներ արել, շինծու քրեական գործեր սարքել՝ միևնույն ժամանակ փորձելով գործակցել հեղինակավոր գրողի հետ՝ նրբորեն մասնակցելու հակահայկական քարոզչությանը: Եղել է պայմանավորվածություն, թե ոչ, հայտնի չէ, բայց իր ոչ մի գրքում Յաշար Քեմալը բաց տեքստով չի խոսել հայոց ցեղասպանության մասին:

Յաշար Քեմալին 2013-ին Հայաստանի Հանրապետությունը պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար։ Թուրքերն այսօր էլ մեղադրում են Քեմալին՝ հայերի հետ բարեկամություն անելու և Թուրքիայի շահերը անտեսելու համար: Իր ստեղծագործություններում Քեմալը ներկայացնում էր գյուղական կյանքը, արյան վրեժը, հողային հակամարտությունը:  Նրան անվանում են թուրքերեն խոսքի գեներալ, կա նաև հաստատուն կարծիք, որ Քեմալը ճանաչում ձեռք բերեց թուրքական իշխանության չափավոր հանդուրժողականության, քրդական ծագման և հրեա կնոջ շնորհիվ:

Նաիրի Հոխիկյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1086 reads | 04.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com