ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
Տարածաշրջանային այցով փետրվարի 18-ին Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը: Ամերիկացի պաշտոնյան Բաքվի և Թբիլիսիի բանակցություններից հետո Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների հարցեր, խոսել ԱՄՆ-ի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական հետագա կապերի մասին: Վիկտորյա Նուլանդը ԱՄՆ դեսպանատանը ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել իր տարածաշրջանային այցի և դրա արդյունքների մասին:

Հանրապետության նախագահին Վիկտորյա Նուլանդը փոխանցել է ԱՄՆ իշխանության կոչը՝ անել անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, պայքարել կոռուպցիայի և կեղտոտ փողերի դեմ, շարունակել բանակցային գործընթացը Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Փետրվարի 16-ին տխրահռչակ արձանագրությունները հետ կանչելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը Նուլանդը չի մեկնաբանում, բայց հավատում է՝ Հայաստանն ու Թուրքիան մի օր հաշտվելու են:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ես քննարկել եմ հարևանների հետ հարաբերությունների հարցերը: Ամերիկյան տեսանկյունից, մենք շարունակում ենք հավատալ, որ հայ-թուրքական հարաբերությունները դրական ընթացք ստանալու հնարավորություն ունեն և այսօր տարածաշրջանային զարգացումների կենտրոնում են»,-ասել է Նուլանդը:

Տիկին Նուլանդը գնացել է Ծիծեռնակաբերդ և հուզվել: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հուզվում է նաև հայ-ադրբեջանական հակամարտության համար: ԱՄՆ-ը մտահոգ է, որ սահմանին վերջին ամիսներին ավելացել են բախումները, կան բազմաթիվ զոհեր երկու կողմից: Այդ մասին խոսել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ, ասում է՝ ստացել է երաշխիքներ առաջիկա շաբաթներին տևական հրադադար հաստատելու մասին: Վիկտորյա Նուլանդը Բաքվում հայտարարություն էր արել Արցախում 2014-ի ամռանը ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ-հանցագործների մասին, նույնը կրկնում է Երևանում:

«Ես գիտեմ, որ եղել է սոսկալի հանցագործություն, բայց մենք կոչ ենք անում հայկական կողմին՝ անել մարդկային ժեստ և գերիներին վերադարձնել»:

Վիկտորյա Նուլանդը, սակայն, չի նշել, որ ադրբեջանցի Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը ոչ թե գերիներ, այլ ռազմական հանցագործներ են, որոնք դիվերսիա անելու համար խախտել են Արցախի սահմանը, հարձակվել խաղաղ բնակիչների վրա և դաժանաբար սպանել անչափահաս տղայի: Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան գործողությունների ժամանակ մեկ զինվոր կորցնելու դիմաց ամերիկացիները մահապատժի էին ենթարկում տասնյակ արաբների: Նույն՝ ամերիկյան  տրամաբանությամբ, հայկական կողմը ունի բարոյական բոլոր իրավունքները՝ ոչ միայն ցմահ դատապարտելու ադրբեջանցի հանցագործներին, այլև Բաքու ուղարկելու նրանց դիակները: Դա թշնամուն ժեստ անելու ամենահասկանալի ձևն է:

Նաիրի Հոխիկյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1807 reads | 19.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com