ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Այսօր ֆրանսիան համաշխարհային տետեսության կարևորագույն դերակատարներից մեկն է՝ շնորհիվ այն հանգամանքի, որ 1945թ. հետո Ֆրանսիան դարձավ բաց ամբողջ աշխարհի համար՝ հրաժարվելով պրոտեկցիոնիզմի հին ավանդույթից: Սակայն դա չի նշանակում, որ Ֆրանսիան հրաժարվել է արտաքին առևտրի կարգավորումից: Ազատականացման ֆոնի վրա Ֆրանսիան, ինչպես նաև այլ զարգացած երկրներ, անցան նոր, ավելի ճկուն պրոտեկցիոնիստական խոչընդոտների օգտագործմանը:

Մաքսատուրքերի տեղը զբաղեցրեցին ոչ սակագնային պրոտեկցիոնիզմի միջոցները, նախ և առաջ՝ քանակական սահմանափակումները, ստանդարտները, տեխնիկական պայմանները, էկոլոգիական անվտանգության նորմերը և այլն:

Համաշխարհային շուկայում Ֆրանսիայի կայուն դիրքը և տնտեսական առաջընթացը ապահովելու համար ֆրանսիան հսկայական աշխատանք է տանում ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր մասնագիտացված գործակալությունների միջոցով:

Արտաքին տնտեսական հարաբերությունների և տնտեսական դիվանագիտության իրականացման գործում առաջնային դերը վերապահված է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը, որը մաքսիմալ ձևով ներգրավված է ԵՄ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ հարաբերությունների հետ կապված խնդիրների կոորդինացման գործում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կազմում ձևավորվել են հատուկ մասնագիտացված վարչություններ և բաժիններ, որոնք կոորդինացնում և իրականացնում են Ֆրանսիայի արտաքին տնտեսական քաղաքականությունը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակում, այնպես էլ երկկողմ տնտեսական հարաբերություններում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կազմում գործում է Միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր վարչությունը, որը ստեղծվել է Համագործակցության հարցերի նախարարության հիմքի վրա: Այն, ի թիվս այլ պարտավորությունների, մշակում է նաև միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման ոլորտում քաղաքականությունը, պլանավորում է դրա իրականացման միջոցները, սահմանում և իրականացնում է օտար երկրների տնտեսական, սոցիալական և պետական զարգացման վրա ներգործությունը, զբաղվում գիտական հետազոտությունների ոլորտներում համագործակցությամբ, ապահովում է Ֆրանսիայի մասնակցությունը կապի և ինֆորմատիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման գործում: Միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր վարչության կազմի մեջ, ի թիվս այլ բաժինների, մտնում են նաև տարածքային դեպարտամենտները, որոնք զբաղվում են երկրի տնտեսական և սոցիալական դիրքի հարցերով տվյալ աշխարհագրական տարածաշրջանում, Ֆրանսիայի հարաբերություններով այլ երկրների հետ և տնտեսական զարգացման կոորդինացմամբ:

Միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր վարչության կազմի մեջ ձևավորվել են Տնտեսական և ֆինանսական հարցերով գլխավոր վարչությունը և Մշակույթի և տեխնիկական համագործակցության հարցերով գլխավոր վարչությունը: Այս երկու վարչությունները անմիջական պատասխանատվություն են կրում Արտաքին գործերի նախարարության շրջանակում տնտեսական դիվանագիտության իրականացման համար:

Տնտեսական և Ֆինանսական հարցերով գլխավոր վարչությունը հետևում է միջազգային տնտեսական և ֆինանսական հարցերին և զգայուն տեխնոլոգիաների արտահանման հարցերին, շահագրգռված գերատեսչությունների հետ համատեղ բանակցություններ է վարում իր իրավասության տակ գտնվող միջազգային պայմանագրերի կնքման շուրջ, ներառյալ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ համաձայնագրեր, աջակցում և կոորդինացնում է նախարարության կապերը ձեռնարկությունների հետ:

Տնտեսական և ֆինանսական հարցելով գլխավոր վարչությումը իրականացնում է նաև Ֆրանսիայի ընդունած քաղաքական որոշումների տնտեսական հետևանքների, ինչպես նաև առանձին երկրների հետ քաղաքական կապերի տնտեսական, ֆինանսական և տեխնիկական ասպեկտների վերաբերյալ եզրակացություններ տալու պարտավորությունը: Վարչությունը միավորում է ինչպես տարածքային, այնպես էլ ֆունկցիոնալ մի շարք բաժիններ, որոնք զբաղվում են տնտեսական համագործակցության երկկողմ համաձայնագրերի հարցերով, ընդհանուր հարցերով, արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների մասնավոր շահերի, տնտեսական և ֆինանսական համաձայնագրերի, ներդրումների, արտահանման ֆինանսավորման, շուկայի և այլ հարցերով:

Նրա առանձին բաժինները զբաղվում են Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի հետ տնտեսական հարաբերություններով, միջազգային տնտեսական կազմակերպությունների գործունեության հարցերով, այդ թվում նաև ՄԱԿ-ի, Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի համապատասխան մարմինների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի և սակագների գլխավոր համաձայնության (ГАТТ) և այլն, արևմտաեվրոպական տնտեսական կազմակերպությունների հարցերով՝ ներառյալ Եվրոպական տնտեսական համայնքը: Ընդհանուր խնդիրների բաժինը զբաղվում է էներգիայի, տրանսպորտի, արդյունաբերության, սեփականության և այլ հացերով:
ԱԳՆ կազմում գործում է նաև տնտեսական և ֆինանսական հարցերով բյուրո, որը գտնվում է տնտեսական ու քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի ենթակայության տակ:

Մշակույթի և տեխնիկական համագործակցության հարցերով գլխավոր վարչությունը կոորդինացնում է բոլոր գերատեսչությունների, հաստատությունների և կազմակերպությունների արտաքին քաղաքական գործունեությունը գիտության և տեխնիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում: Նրա մեջ մտնող բաժինների միջոցով կառավարումը ապահովում է համագործակցությունը և կապերը առանձին երկրների հետ մշակութային և տեխնիկական փոխանակումների հարցերով, ինչպես նաև կապերը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Ֆրանսիայի արտաքին տնտեսական քաղաքականության իրամանացման գործում կարևոր դերակատարություն ունի նաև Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը: Ավելին, կարելի է ասել, որ Ֆրանսիայի արտաքին տնտեսական քաղաքականության մշակման գործում հիմնական դերը պատկանում է ոչ թե ԱԳՆ-ին, այլ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը, որն իրականացնում է արտաքին տնտեսական հարաբերությունների հատուկ կառավարումը:

Նախարարությունն արտասահմանում գործող ֆրանսիայի դեսպանություններում և հյուպատոսություններում ունի իր աշխատակիցները՝ առևտրային և ֆինանսական հարցերով: Ֆրանսիայի օտարերկրյա դիվանագիտական ծառայությունը զգալի փոփոխություններ է կրել հատկապես հետպատերազմյան շրջանում: Բացի սովորական դիվանագիտական աշխատակիցներից Ֆրանսիայի դեսպանատներում և հյուպատոսություններում Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից սկսեցին ուղարկվել տնտեսական հարցերով ռեֆերենտներ, ինչպես նաև ֆինանսական կցորդներ: Նույնիսկ աշխատակիցների սակավաթիվ կազմ ունեցող օտարերկրյա առաքելություններին տրամադրվում է տնտեսական հարցերով ռեֆերենտ: Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, նրա ներկայացուցիչները արտասահմանում պատասխանատու են առևտրի և արտահանումների զարգացման ուղղությամբ ջանքերի և ֆրանսիական գործարար շրջանակների համար կոմերցիոն տեղեկատվության ապահովման համար: Արտաքին տնտեսական բնույթի ցուցումներ՝ հատկապես առևտրի հետ կապված, տրվում են նաև այլ երկրներ և, առաջին հերթին, զարգացող երկրներ մեկնող դիվանագիտական առաքելություններին:

Արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման գործընթացում ներգրավված է նաև Օտարերկրյա ներդրումների Ֆրանսիական գործակալություն, որը ստեղծվել է 2001թ. Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ: Օտարերկրյա ներդրումների Ֆրանսիական գործակալությունը կոչված է նպաստել երկրում գիտական կարդերի, օտարերկրյա ուսանողների, տարբեր մակարդակների, կապիտալների և ստրատեգիական նշանակություն ունեցող գործունեության ղեկավարների ներգրավմանը:

Ֆրանսիայի արտաքին տնտեսական քաղաքականության իրականացմանը մասնակցում է նաև Միջգերատեսչական տնտեսական համագործակցության Գլխավոր քարտուղարության, որը ակտիվորեն համագործակցում է Արտգործնախարարության հետ՝ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման ոլորտում: Միջգերատեսչական տնտեսական համագործակցության Գլխավոր քարտուղարությունը ենթարկվում է անմիջականորեն Կառավարության ղեկավարին և ղեկավարվում է կառավարության անդամների, հիմնականում՝ կարիերային դիվանագետների կողմից:

Այսպիսով, Ֆրանսիայում արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական պետական մարմինները Արտաքին գործերի նախարարությունը և Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունն են, և վերջիններիս կազմում գործեղ մասնագիտացված վարչությունները: Ըստ էության, տնտեսական դիվանագիտությունը իրականացվում է այս կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ: Իհարկե, բացառված չէ նաև այս էրկու գերատեսչությունների միջև տարաձայնություններ: Այս պարագայում վիճելի հարցի լուծման իրավունքը վերապահված է Կառավարության ղեկավարին կամ երկրի նախագահին:

Ֆրանսիայի տնտեսական դիվանագիտության իրականացման մեջ ներգրավված են նաև խոշոր ֆրանսիական ձեռնակությունները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես մի շարք զարգացած երկրներում, Ֆրանսիայում նույնպես վերջին շրջանում մեծ տարածում է ստացել Արտգործնախարարության կադրերի ռոտացիան խոշոր ձեռնարկությունների և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դիվանագետների աշխատանքային փորձը այնպիսի առաջատար ֆրանսիական կորպորացիաներում, ինչպիսիք են «Ռենոն», «Կարդենը», «Էր Ֆրանսը», օգնում է նրանց ավելի հստակ ներկայացնել երկրի տնտեսական շահերը արտասահմանում:

Ֆրանսիական ձեռնարկությունները, պետական մարմինների կողմից ստանալով աջակցություն, զգալի ջանքեր են գործադրում, որպեսզի ընդլայնեն իրենց ներկայությունը աշխարհի ամենադինամիկ զարգացող շուկաներում: Արտասահմանում նրանք ֆինանսական և առևտրային էքսպանսիայի համար օգտագործվում են երեք հիմնական լծակներ.

1. Բազմակողմ առևտրային բանակցություններ,
2. ֆինանսական աջակցություն և
3. ձեռնարկությունների իրազեկում:


Բազմակողմ առևտրային բանակցությունները անց են կացվում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Այստեղ կարևոր նշանակություն է հատկացվում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես՝ առևտրի հարմոնիկ զարգացման համար անհրաժեշտ օրենքների մշակման նպատակով, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական բնույթի տարածաշրջանային կազմակերպություններին:

Ֆինանսական աջակցությունը ցուցաբերվում է մանր և միջին ձեռնարկություններին՝ միջազգային ասպարեզ դուրս գալու հարցում նրանց օգնելու նպատակով: Բացի դրանից, օգտագործվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ուղիղ սուբսիդավորման համակարգը: Ֆրանսիայում արտահանման կրեդիտների ապահովագրությամբ զբաղվում է Արտաքին արևտրի ապահովագրության ֆրանսիական ընկերությունը (КОФАС), որը իր հաշվին ծածկում է կոմերցիոն ռիսկերը բոլոր երկրներում, ինչպես նաև քաղաքական ռիսկերը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ-երկրներում՝ բացի Թուրքիայից, այն դեպքում, երբ ռիսկի շարունակականությունը չի գերազանցում երեք տարին:

Ձեռնարկությունների իրազեկումը արտաքին շուկաների վերաբերյալ իրականացվում է Արտաքին առևտրի ֆրանսիական կենտրոնի միջոցով և ամբողջ աշխարհով տեղակայված տնտեսական զարգացմանը նպաստող կենտրոնների ցանցի միջոցով, որոնց թիվը ներկայումս հասնում է 166-ի: Հանդիսանալով արտաքին առևտրին աջակցելու ֆրանսիական մեխանիզմի հիմնական շարժիչները՝ այդ կենտրոնները տեղեկացնում և խորհրդատվություն են տալիս ձեռնարկություններին արտահանման գործունեության երկու սկզբունքային ասպեկտների վերաբերյալ.

1. շուկայի հետազոտում և
2. ներդրումներ շուկայում:


Մտահոգված լինելով ավելի շատ տրամադրվող տեղեկատվության որակով, քան քանակով՝ նրանք ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումների կամ գործընկերության համար: Մյուս կողմից, այդ կենտրոնները կարևոր դեր են խաղում Ֆրանսիայի իմիջի ձևավորման և նրա ապրանքները առաջ տանելու հարցում՝ բազմանդամ լսարանի վրա /տնտեսական, ֆինանսական և արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներ/ ներգործելու շնորհիվ՝ այնպիսի երկրներում, որտեղ դրանք տեղակայված են:

Այդպիսի կենտրոններից է Արդյունաբերական կրթության կենտրոնը, որը մասնագիտացված է միջազգային շուկայում ֆրանսիական տեխնոլոգիաները և արտադրանքը առաջ տանելու ուղղությամբ: Կենտրոնը այդ նպատակով կազմակերպում է սեմինարներ, աշխատանք է տանում մասնագիտացված ցուցահանդեսներին Ֆրանսիայի պաշտոնական ներկայության համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար, արտասահմանից Ֆրանսիա է հրավիրում ղեկավար անձանց, հետևում է արտասահմանյան մամուլում ֆրանսիական տեխնոլոգիաների և ապրանքների վերաբերյալ ինֆորմացիայի հրապարակմանը:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ինչպես ներկրման, այնպես էլ արտահանմանը աջակցելու հարցում կարգավորման ավանդական ձևերին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ավելի քիչ նկատելի ձևեր, որոնք ընտրողաբար գործում են արտադրանքի առանձին տեսակների վերաբերալ: Սակայն, կարևոր է նշել, որ Ֆրանսիան, անհանգստացած լինելով իր ազգային մշակույթի ինքնության պահպանման խնդրով, պնդեց Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ-երկրների միջև Ուրուգվայի ռաունդի ժամանակ կնքված Առևտրի ազատականացման պայմանների մասին պայմանագրի գործունեության ոլորտից բացառել կինոֆիլմերի և հեռուստահաղորդումների արտահանման և վաճառքի հարցը:

Պետք է նշել, որ Ֆրանսիան իր արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման մարմինների ճկուն համակարգի շնորհիվ այսօր նպաստավոր դիրք է գրավում համաշխարհային տնտեսության մեջ: Ֆրանսիան Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ է: Ֆրանսիայում է գտնվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շտաբ-բնակարանը: Ֆրանսիայի արտաքին տնտեսական կապերը բավականին բազմաբնույթ և ինտենսիվ են, և հսկայական նշանակություն ունեն երկրի կյանքում: Արտասահմանում Ֆրանսիայի ուղիղ ներդրումները կազմում են 20-25 մլրդ դոլար: Ֆրանսիական կապիտալի ներդրման հիմնական ոլորտները Արևմտյան Եվրոպայի երկրներն են, հատկապես՝ Բելգիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Շվեյցարիան: Ֆրանսիայի արտաքին տնտեսական քաղաքականության կարևոր ոլորտ են նաև Աֆրիկյան երկրները: Ֆրանսիան պահպանում է իր ուժեղ քաղաքական և տնտեսական ազդեցությունը իր նախկին աֆրիկյան գաղութներում և տնտեսական օգնություն է ցուցաբերում նրանց: Աճում է նաև արտահանումների ծավալները դեպի ԱՄՆ, ՕՊԵԿ երկրներ և Լատինական Ամերիկա:

Այսպիսով, ամփոփելով նշենք, որ Ֆրանսիայում ներկայումս գործում է արտաքին տնտեսական քաղաքականության և տնտեսական դիվանագիտության համակարգման և իրականացման մասնագիտացված մարմինների ամբողջական ցանց, որը ձևավորվել է ժամանակի ընթացքում Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքում և կոչված է ապահովելու Ֆրանսիայի ակտիվ մասնակցությունը համաշխարհային տնտեսական գործընթացներին, ապահովելու Ֆրանսիայի առաջատար դիրքը միջազգային շուկայում և պահպանելու վերջինիս տնտեսական շահերը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ տնտեսական հարաբերություններում: Եթե նախկինում տնտեսական դիվանագիտության իրականացման մենաշնորհը պատկանում էր Արտաքին գործերի գերատեսչությանը, ապա ներկայումս տնտեսական քաղաքականության իրականացման հարցում ներգրավված են ոչ միայն այլ մասնագիտացված գերատեսչություններ և վարչություններ, այլ նաև մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որը հեշտացնում է վերջիններիս շահերի՝ առավել բարենպաստ ձևով ներկայացումը և պաշտպանումը միջազգային ասպարեզում՝ նպաստելով Ֆրանսիայի տնտեսական դիրքի ամրապնդմանը միջազգային ասպարեզում:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2180 reads | 28.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com