Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկությունները դատապարտելու համար հունվարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնության միլիոնների երթին մոտ 50 երկրի առաջնորդների հետ Ֆրանսուա Օլանդի կողքին կանգնել է նաև Թուրքիայի վարչապետը: Ահմեդ Դավութօղլուն, սակայն, Փարիզ էր գնացել ոչ այնքան ահաբեկության դեմ խոսելու, որքան Եվրոպային իսլամաֆոբիայի համար մեղադրելու: Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի նախագահն էլ նեղություն չի կրել գնալ Ֆրանսիա:

Մոտ 3 մլն մարդ Փարիզում մասնակցեց հանրապետական կամ միասնության երթին՝ դատապարտելով մուսուլման եղբայրների հանցագործությունն ու  աշխարհին կոչ անելով միասնաբար պայքարել ահաբեկության դեմ: Ահաբեկիչների մի մասն սպանվեց, մեկին հաջողվեց փախչել Ֆրանսիայից ու հասնել Թուրքիա: Այդ երկրի արտգործնախարարությունը հունվարի 12-ին հաստատեց La-Monde-ի տեղեկությունը, որ Հայաթ Բումեդյենը նախ Մադրիդից գնացել է Ստամբուլ, մի քանի օր մնացել այնտեղ, հետո հասել Սիրիայի սահման ու մեկնել Ֆրանսիա: Փարիզի ահաբեկություններից հետո Բումեդյենը կրկին Թուրքիայում է: Ֆրանսուա Օլանդի կողքին ահաբեկության դեմ բողոքող Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սա պայքար է ոչ միայն իսլամիստների, այլև իսլամի թշնամիների դեմ. «Թուրքիան իսլամաֆոբիայի և մզկիթների վրա հարձակումների վերաբերյալ նույնքան սուր արձագանք է սպասում Եվրոպայից: Մենք իրավունք ունենք հիմա ավելի, քան երբևէ Եվրոպայից նույնպիսի զգայունության սպասել իսլամաֆոբիայի և մզկիթների վրա հարձակումների հարցում, և ուզում ենք մարդկային արժանապատվության հարգանք տեսնել՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»:

Ֆրանսիացիներին սպանող հանցագործները իսլամի հետ կապ չունեն, նրանք ահաբեկիչներ են, Անկարայում հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Եվրոպային զգուշացնելով նոր ահաբեկությունների վտանգի մասին: Դա համաշխարհային սպառնալիք է, ասել է Ռեջեփ Էրդողանը՝ մեղավոր համարելով ոչ թե իսլամիստ ահաբեկիչներին, այլ Արևմուտքին, որը ծաղրանկարներով ու մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությամբ հրահրում է ատելության տրամադրություններ: Հենց այդպիսի տրամադրությամբ էր Ադրբեջանի նախագահի ցավակցական ելույթը:

«Ադրբեջանի պետության ու ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթում արագ առողջացում: Բայց սա չէր կարող լինել սովորական երևույթ: Ֆրանսիացիները պետք է հասկանային, որ իսլամի նկատմամբ հեգնանքը չէր կարող անհետևանք մնալ: Սա կարող է կրոնական պատերազմի պատճառ դառնալ»:

Ոչ ստանդարտ և սենսացիոն հայտարարություններ թուրքական երկու պետությունների կողմից, իսկ Չեչնիայի նախագահը Արևմուտքին կոչ արեց նույն վերաբերմունքն ունենալ նաև Մերձավոր Արևելքում խաղաղ բնակիչների սպանող ահաբեկիչների նկատմամբ: «Որտե՞ղ էր Եվրոպայի միասնականությունը, երբ ահաբեկիչները Գռոզնիում պայթեցրին Կառավարության տունը, երբ գրավեցին Բեսլանի դպրոցը եւ պատանդներ վերցրին Դուբրովկայում»,- հռետորական հարց է տալիս Ռամզան Քադիրովը՝ համոզված լինելով, որ փարիզյան հանցագործությունների հետևում կանգնած են ազդեցիկ ուժեր: Իրաքում և Սիրիայում 2014-ի կեսից տասնյակ հազարավոր մարդկանց սպանած «Իսլամական պետություն» խմբավորումը պաշտոնապես զենք ու փող ստանում է Սաուդյան Արաբիայից, ոչ պաշտոնապես՝ Թուրքիայից, եվրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից: Փարիզի ահաբեկության հեղինակները Իսլամական պետության անդամներ են:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
743 reads | 14.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com