ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշեր Բեռլինի հիվանդանոցում վախճանվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը Վահան Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր էր, նախկինում ԱԺ փոխխոսնակ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ Բյուրոյի անդամ, խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար։ 1990-ական թվականներին մասնակցել է արցախյան պատերազմին։ 

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք 1995-98 թվականներին քաղաքական դրդապատճառներով բանտարկվել է, ՀՀ առաջին նախագահի հրաժարականին հաջորդած զարգացումների արդյունքում ազատ է արձակվել և անմիջապես վերադարձել է քաղաքական ակտիվ գործունեության։
Վահան Հովհաննիսյանը մասնագիտությամբ պատմաբան-հնեաբան էր, պատմագիտության թեկնածու, մոտ երեք տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ։ 

Անցյալ տարի ճիշտ այս օրը նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան։ 

Մի քանի տարի առաջ Վահան Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Վիրահատությունից և դրան հաջորդած քիմիաբուժությունից հետո նրա առողջական վիճակը միառժամանակ բարելավվել է, սակայն վերջին ժամանակաշրջանում` մետաստազների տարածման հետևանքով կտրուկ վատթարացել է, պահանջվել են նոր վիրահատություններ և բուժման կուրս։ 

Դեկտեմբերի կեսին Վահան Հովհաննիսյանը երախտագիտությամբ է խոսել իր համար այդ ծանր վիճակում Հայաստանի պետության, Գերմանիայում ՀՀ դեսպանության աշխատակազմի, Հայ հեղափոխական դաշնակցության, դաշնակցական ընկերների, մտերիմների և բարեկամների ցուցաբերած աջակցության մասին։ 

Վահան Հովհաննիսյանն այդ զրույցում ցավով նշել է, որ առողջական խնդիրների բերումով ի զորու չէ ավարտին հասցնել հայ-գերմանական կապերի խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք մտադիր էր իրականացնել 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ 

Վահան Հովհաննիսյանի ընտանիքը հաստատել է, որ հանգուցյալի դին առաջիկա օրերին կտեղափոխեն հայրենիք։ Հուղարկավորության օրը ճշտվում է։ 

Diplomat.am-ը ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին և ընկերներին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
756 reads | 29.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com