ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՆԿԱԿԱՆ ԾԵՍԵՐ
ԱՐԱՔՍՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ 
Չինաստանի Կենտրոնական Ազգագագրական Համալսարան, ՉԻՆԱՍՏԱՆ








Աշխատանքս ուսումնասիրում է աշխարհի երկու հզորագույն՝ հայկական և չինական մշակույթների առանձնահատկությունները: Այս երկու երկրների միջև ընկած հեռավորությունը, բայց ժողովուրդների հավաքական մտածողության նմանություններն ուղղակի զարմանալի են: Երկու մշակույթների հիմքում էլ ընկած է ընտանիքի, մեծերին հարգելու, երեխաների հանդեպ սիրո գաղափարը: 

Նկատելով այս յուրահատկությունը, որոշեցի դիտարկել մանուկների ծննդյան առաջին շրջանում կատարվող ծեսերը: Մասնավորապես դիտարկել եմ բոլորիս այդքան հայտնի Քառասունքն ու Ատամհատիկի արարողությունը:

Հետաքրքիր է, որ հայ և չին ժողովուրդները, գտնվելով միմյանցից շատ հեռու, ձևավորել են գեղեցիկ ավանդական կենցաղ, որում բազմաթիվ նմանություններ կարելի է գտնել: Դրանցից է նաև երեխայի ծննդյան առաջին շրջանում կատարվող ծեսերը: 

Հայերիս մեջ կա երեխայի քառասունքի և ատամհատիկի գաղափարը: Նմանատիպ արարողություններ կարելի է նկատել նաև չին ժողովրդի մոտ:
Չինաստանում նշում են մանկան միամսյակը: Դա գրեթե նույն նշանակությունն ունի, ինչ հայերիս մեջ երեխայի քառասունքը: Երկու ժողովուրդներն էլ շատ են կարևորում այս արարողությունները: Նշեմ, որ քառասունքը դավանաբանական խնդիրնեից մեկն է, որը կապված է մարդու կյանքի գործունեության հետ:

Չինացիներն արարողությունը կոչում են 《出月子》(Չույուե Ծը) կամ 《满月酒》(Մանյուե Ծյո), ինչը թարգմանաբար նշանակում է ծննդյան միամսյակ: Տոնը մարդաշատ և ուրախ է անցնում, քանի որ ներկա են գտնվում բոլոր հարազատները, բարեկամներն ու ընկերները: Երեխայի ծնողները, պապն ու տատը երեխային կարմիր ծրարի մեջ դրված գումար են նվիրում: Սա շատ հին չինական ավանդույթ է. երբ տան մեծը փոքրին գումար է նվիրում, այն դնում է կարմիր ծրարի մեջ, որն այդպես էլ կոչվում է' Կարմիր ծրար《红包》(ԽոնգԲաո): Կարմիր ծրար նվիրում են նաև բոլոր հրավիրված բարեկամները: Երկու դեպքերում էլ ավանդական ծեսը հիմնականում լավ է պահպանվել գյուղական տարածքներում: Մեծ քաղաքներում, կյանքի արագ ընթացքի հետ, այժմ տոնը սահմանափակվում է ընտանեկան ընթրիքով, ցավոք ոչ բոլոր ավանդություններն են պահպանվում:

Ինչպես հայերն, այնպես էլ չինացիները ունեն մի ծես, որի ժամանակ փորձում են պարզել երեխայի ապագա մասնագիտությունը: Չինացիներն այդ ծեսը կատարում են երեխայի հարյուր օրեկանը լրանալու ժամանակ (երեք ամիսական): Տոնն այդպես էլ կոչում են 《 百天》( Բայ Թիփն): Մեզանում նույն ծեսը տարածված է կատարել երեխայի առաջին ատամը դուրս գալիս: Դա ակռահատիկի կամ ատամնահատիկի ծեսն է: Երկու ծեսերի կատարումն էլ գրեթե համընկնում են ժամանակային առումով: 

Ատամհատիկը հին հայկական ժողովրդական տոն է, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր ձև է կոչվում: Շիրակում և Ջավախքում անվանվում էակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց Ձորում՝կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր, Ղարաբաղում` կճեխաշ։ 

Կարգն այսպիսին էր. տան տատիկը նախապես պետք է ընդեղենի և ոլոռազգիների խառնուրդ պատրաստեր՝ խաշած ցորենի, սիսեռի, լոբու, գարու հատիկներով: Երբեմն ավելացնում էին նաև քաղցր պտուղներ՝ օրինակ չիր, ինչպես նաև չարազ: Հատիկավորները, ինչպես հայտնի է, առատության խորհրդանիշն են: Հենց այդ սիմվոլը փոխանցելու եւ մյուս ատամների ծկլթումը հեշտացնելու համար փոքրիկի շուրջ էին հավաքվում հարազատները, նստեցնում սեղանի վրա, գլխին կտոր գցում ու հատիկավորները լցնում վրան: Նախկինում փոքրիկի առջև երեք իր էին դնում՝ հայելի, սանր ու դանակ: Հայելին խորհրդանշում էր առատությունը, չէ՞ որ այն բազմապատկում է այն ամենը, ինչ հայտնվում է արտացոլանքի մեջ, դանակը խորհրդանշում էր ուժը, իսկ սանրը՝ ատամների հավասարությունը: Արարողությունն անցնում էր երգերով ու պարերով: Ստորև ներկայացնում եմ երգերից մեկը.

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:


Տարիների ընթացքում ատամհատիկի ծեսը մեզ մոտ էլ վերածվեց նաև մասնագիտություն կանխագուշակելու սովորության, բայց հատիկավորներ եփելու սովորույթը մնաց: Երեխային նստեցնում են հատակին՝ գորգին, գլխին կտոր գցում ու հատիկեղենը դանդաղ լցնում վրան: Իսկ մինչ այդ պատրաստում են մասնագիտության սիմվոլները: Կա մի քանի տարբերակ՝ երեխայի առջևում դնում են մասնագիտությունը խորհրդանշող իրեր՝ դրամապանակ, բժշկական գործիք, գիրք, գրիչ, քանոն, համակարգչի մկնիկ, մուրճ, խաղալիք օդանավ և այլն: Եվ երբ փոքրիկի գլխի վրայից քաշում են կտորը, նա համապատասխանաբար վերցնում է իր առջև դրված իրերից մեկը: Երեխայի ընտրությամբ ծնողները կանխատեսում են, թե ինչ մասնագիտություն է ունենալու երեխան, երբ մեծանա: 

Նույնատիպ ժամանակակից արարողություն կատարում են նաև չինացիները: Ծեսը կոչվում է 《抓周》(Ճուա Ճոու): Նրանք երեխայի առջև դնում են գիրք, գրիչ, թանաք, թանաքաքար,հաշվիչ, գումար, գումարային կտրոններ, ոսկեղեն, ծաղիկներ, քաղցրավենիք և խաղալիքներ: Եթե երեխան աղջիկ է, ապա ավելացնում են նաև գոգնոց, գդալ, մկրատ, քանոն և այլ իրեր: Նստում են երեխայի կողքին և նայում, թե նա ինչ կընտրի: Դա էլ հավանաբար կլինի իր ապագա մասնագիտությունը, հետագայում նրա հետաքրքրությունները կամ սիրելի զբաղմունքը: 

Կարելի է ասել, որ ծեսը մեր օրերում ընկալվում է խաղի պես, իսկ երեխան իր մասնագիտությունն ընտրում է, երբ արդեն մեծանում է:
Այս և այսպիսի բազմաթիվ օրինակներ կան, որոնց մասին երկար կարելի է խոսել: Եվ որքան խոսում ենք, այդքան նոր ճանապարհներ ենք բացահայտում, որոնք միացնում են երկու երկրները: Հնարավոր է արդյոք, որ այդ ճանապարհներին կկարողանանք բացահայտել բազմաթիվ գաղտնիքներ և գտնել շատ և շատ հարցերի պատասխաններ: Եկեք այս հզորագույն մշակույթների ճանապարհներով վստահ քայլենք դեպի ապագա:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
6431 reads | 22.12.2014
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com