ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ավարտում է դիվանագիտական աշխատանքն ու վերադառնում հայրենիք: Վերջին աշխատանքային օրը նա անցկացրել է լրագրողների հետ, պատմել դեսպանի իր առաքելության ու իրականացված ծրագրերի մասին, խոսել ամերիկյան աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նպատակներից: 

Ամերիկյան ֆաստֆուդի երբեմնի սիրահար դիվանագետը Հայաստանում աշխատելու 3 տարվա ընթացքում հասցրել է դառնալ մեղրի, չորացրած մրգի ու ընդեղենի սիրահար: Ասում է՝ հրապուրված է հայկական հյուրասիրությամբ, ժողովրդի սրտաբացությամբ, Հայաստանի մշակույթի ու բնության կատարելությամբ: Սա հրաժեշտի միջոցառման գեղեցիկ բառերի շարքից: Դեսպանը խոսում է նաև հայ-ամերիկյան քաղաքական կապերի, ԱՄՆ տարածաշրջանային շահերի ու չլուծված հակամարտությունների մասին: 

«Հայաստանում մեր դիվանագիտական աշխատանքը հստակ է: Մենք ուզում ենք տեսնել բարեկեցիկ ու ժողովրդավար գործընկեր: Մենք կարծում ենք, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական Միությանը՝ Հայաստանը զարգացման նոր հնարավորություն կստեղծի իր համար: Չնայած Եվրասիական միությունը վերազգային կազմակերպություն է և անդամ-պետությունների ինքնիշխանության որոշ հատված խլում է, բայց Հայաստանն ինքն է որոշել դառնալ այդ կառույցի անդամ, հետևաբար մենք հարգում ենք այդ որոշումն ու պատրաստ են շարունակել առևտրային գործընկերությունը, նույն պատրաստակամությունը կա նաև հայկական կողմից: Իմ դիվանագիտական գործունեության ամենամեծ հուսախաբությունը հայ-թուրքական արձանագրությունների ձախողումն էր: Մենք ուզում ենք, որ կարգավորվեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, նույնկերպ խաղաղ լուծում ստանա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հայտարարել է դեսպանը: 

Ջոն Հեֆերնը շեշտել է, որ պետք չէ առավելագույնը սպասել Մինսկի խմբի համանախագահներից, քանի որ նրանք ոչ թե խաղաղություն պարտադրող, այլ առաջարկներ ներկայացնող կողմ են: Պատերազմը պետք է բացառել, ընդունել միայն խաղաղ բանակցության ճանապարհը, բայց քանի դեռ Հայաստանի հարևան որոշ երկրներում, մասնավորապես Ադրբեջանում հասարակական կազմակերպությունները համարվում են օտարերկրյա գործակալներ, քանի դեռ փակվում են ամերիկյան փողերով գործող լրատվամիջոցները և քանի դեռ ոչ բոլոր երկրներն են նայում նույն ուղղությամբ, դժվար է գալ ընդհանուր հայտարարի: Հարց հեռացող դեսպանին, կցանկանա՞ր արդյոք Հեֆերնը դեսպան աշխատել նաև Ադրբեջանում: 

«Ադրբեջանը Ամերիկայի համար կարևոր գործընկեր երկիր է: Մենք գործակցում ենք տարբեր ոլորտներում: Չգիտեմ: Ես խնդիր չեմ տեսնում Ադրբեջանում աշխատելու առումով, գուցե դա ինձ համար մարտահրավեր կլիներ՝ հասկանալու նաև այդ երկրի տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Վաշինգտոն վերադառնալուց հետո ես պետքարտուղարությունում աշխատելու եմ կովկասյան բաժնում, կարծում եմ, հնարավորություն կունենամ Բաքու այցելելու»: 

Անկախ հետագա դիվանագիտական գործունեությունից՝ Ջոն Հեֆերնը Հայաստանում իր անցկացրած տարիները համարում է ամենահաջողվածներից, ուրախ է, որ աշխատել է հազարամյակների պատմություն ունեցող երկրում ու ներսից տեսել մեր երկրի թերություններն ու առավելությունները: ԱՄՆ-ում կասի, որ մեր տարածաշրջանում ներդրումներ անելու և բիզնես անելու համար ամենաբարենպաստ երկիրը հենց Հայաստանն է, բայց չի երաշխավորի, որ Հայաստանում բիզնեսը կկարողանա հաջողություն ունենալ: 

Նաիրի Հոխիկյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
604 reads | 20.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com