ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական: 

Անկարայի համար երևույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ և ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին: 

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով՝ Դավութօղլուի խորհրդականը պարզապես վերաբանաձևել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ: 

100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրև Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը: 

Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ և գուցե նաև ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլծվելու հարկադրանքի առջև է: Սա տակավին սկիզբն է և նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին: 

Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի և մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ և նմանատիպ նախաձեռնություններ:

Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում և Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետևողական, աշխույժ և անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր: 

Հրավեր ստացող հայկական կողմը կամ մերժելու և կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու և այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջև է: Ավելին. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան: 

Մահչուպյանը թե պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական և փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչև այն ժամանակ, որ իբրև առաջին նախապայման` հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը: 

Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձևով: Մահչուպյանը խորհրդական է անպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաև խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
726 reads | 17.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com