ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Չնայած 2013-ի սեպտեմբերին եվրոպական ուղուց շեղվելու Հայաստանի որոշումը բացասաբար ազդեց վստահության մակարդակի վրա, բայց ճիշտ մեկ տարի անց հնարավոր եղավ գալ ընդհանուր հայտարարի և աշխատել գործակցության նոր փաստաթղթի վրա: Երևանում դեկտեմբերի 16-ին հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի գործակցության միասնական օրակարգի փաստաթուղթ: 

Եվրամիության դեսպանը առաջարկում է արևելյան գործընկերության փոխարինելու եկող փաստաթղթի մասին խոսել ոչ թե «ինչ», այլ «ինչպես» հարցով: Եվրոպացիների համար անակնկալ էր 3.5 տարվա աշխատանքի ավարտին տեսնել, որ Հայաստանը շեղվում է եվրոպական ուղուց ու նախընտրում Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությունը: Անակնկալն ու շոկային շրջանը հաղթահարվեցին, հիմա եվրոպացիները որոշել են ամեն դեպքում դրական արձագանքել մեր երկրի կոչին ու աշխատել ուրիշ ֆորմատով: 

«Մենք կշարունակենք մեր արևելյան գործընկերներին քաջալերել, որպեսզի մասնակցեն Եվրամիության նախաձեռնած բոլոր միջոցառումներին: ԵՄ-ը պատրաստ է նաև Հայաստանի հետ գործակցել այն չափով, որքանով նա գործակցելու ցանկություն և պատրաստակամություն կդրսևորի: Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստ են աշխատել առևտրի, լավ կառավարման, դատաիրավական համակարգի բարեփոխման, կոռուպիցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և բազմաթիվ այլ հարցերի շուրջ»,-ասում է Տրայան Հրիսթեան: 

Նա հատկապես շեշտում է, որ արտաքին առևտրի հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Եվրամիությունն է: Եվրոպան թիվ մեկն է նաև մարդու իրավունքների պաշտպանության համար Հայաստանում գործի դրվող ծրագրերի առումով. «Եվրամիությունը Հայաստանի հետ շարունակում և շարունակելու է գործակցությունը խտրականության դեմ պայքարի, հավաքների ազատության հարցերում: Մոտ ապագայում Եվրամիությունը առանձին հայտարարությամբ կանդրադառնա նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված բռնություններին»: 

Չնայած խնդիրներին՝ Տրայան Հրիսթեան Եվրոպական միության անունից հայտարարում է՝ մյուս կողմից կա պատրաստակամություն աշխատելու և նոր պայմանագրեր կնքելու համար: Եվրամիության բնորոշ հատկանիշներից մեկն էլ այն է, որ հարգում է իր գործընկերների որոշումները, հետևաբար Եվրասիական միություն մտնելու Հայաստանի որոշումը տխրեցրեց, բայց չխանգարեց եվրոպացիներին, որ 2014-ի նոյեմբերին ստորագրվի միասնական օրակարգի փաստաթուղթ, իսկ դեկտեմբերի 12-ին քննարկումների 2-րդ փուլն էր: Առաջիկայում կլինեն նոր բանակցություններ, իսկ թե երբ Եվրամիությունն ու Հայաստանը պատրաստ կլինեն ստորագրել ասոցացման համաձայնագրին փոխարինող նոր պայմանագիր, հավանաբար պարզ կդառնա 2015-ին:

Diplomat.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
732 reads | 17.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com