ԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող




Անորոշության մեջ հայտնված երիտասարդը եկել էր հույն փիլիսոփա Սոկրատեսի մոտ, նա կանգնած էր կյանքում կարևորագույն որոշումներից մեկի ընդունման առջև և խորհրդի կարիք ուներ: «Արժե՞ արդյոք ամուսնանալ, թե՞ ոչ». սա էր այն հարցը, որը նրան շարունակ հանգիստ չէր տալիս: Հետաքրքիր էր նաև փիլիսոփայի պատասխանը, «Վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես գտնում, միևնույն է, երկու դեպքում էլ զղջալու ես»:

Զղջման զգացողությունը ի հայտ է գալիս նաև ընտանեկան ճգնաժամերի ընթացքում, որի արդյունքը լինում է կա՛մ ընտանիքի փլուզումը, կա՛մ հակառակը՝ ընտանիքը դառնում է ավելի «ամուր»: 

Ընտանեկան ճգնաժամի դրսևորման առաջին փուլը ամուսնության առաջին տարին է. այստեղ խնդիրը հարմարվելու մեջ է, մարդկանց մեծամասնության համար փոփոխություններին հարմարումը դժվարին գործընթաց է, իսկ համատեղ կյանքը իր հետ բերում է կտրուկ փոփոխությունների մի ամբողջ շարան: Այս փուլում ճգնաժամի հաղթահարման կարևոր նախապայմաններից մեկը փոխզիջման խնդիրն է: Բացի այդ, կարևոր է նաև, որ կողմերը մշտապես արտահայտվեն, կիսվեն իրենց մտահոգություններով, զերծ մնան միմյանց քննադատելուց՝ լինելով հնարավորինս հանդուրժող:

Ճգնաժամային հաջորդ փուլն ընդգրկում է ամուսինների համատեղ կյանքի 3-5-րդ տարիները: Այս դեպքում, խնդիրների ծագման հիմնական պատճառները կապված են կողակցի երևակայական- իդեալական կերպարի անհետացման հետ, երբ զուգընկերը սկսում է ընկալվել այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում:

Այդպես ամուսնության հինգերորդ տարում փլուզվեց Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի ընտանիքը, կինը՝ Մարիսաբել Ռոդրիգեսը, մեկնաբանելով բաժանման պատճառները, նշում էր. «Ես հասկացա, որ մենք բոլորովին տարբեր մարդիկ ենք… բաժանումը լավագույն ելքն է նման իրավիճակներում»:

Որպես կանոն, հենց այս փուլում է դրսևորվում նաև առաջնեկի ծնունդով պայմանավորված ճգնաժամը. կնոջ կողմից երեխայի հանդեպ գերխնամքի և ամուսնուն «անտեսելու» միտման հետ կապված: Եվ այն դեպքում, երբ տղամարդիկ այս փուլում կարծես ծաղկման շրջան են ապրում, ունենում իրենց հետևելու կարիք, ինչը ինքնագնահատականի իջեցման պատճառ է դառնում:

7-րդ տարվա ճգնաժամի ընթացքում որոշակի առումով տեղի է ունենում հարաբերությունների «քարացում», տղամարդկանց մոտ երբեմն կողմնակի հետաքրքրություններ են ծագում: Սակայն պետք է գիտակցել, որ սա ժամանակավոր երևույթ է, և քիչ ժամանակ անց հարաբերությունները նորից կարող են վերականգնվել:

Շվեցիայի նախկին վարչապետ Հանս Իորան Պերսոնը իր տիկնոջից՝ Աննիկայից բաժանվեց ամուսնության յոթերորդ տարում՝ պատճառաբանելով, որ զգացմունքներն անհետացել են:

Ամուսնալուծությունների մեծ տոկոս է գրանցվում հատկապես ամուսնական կյանքի երրորդ և քառասուներորդ տարեկանների ճգնաժամերի ընթացքում:

«Միասին, սակայն միայնակ», այս ճգնաժամային փուլը ամենավտանգավորն է: Այստեղ ճգնաժամի դրսևորումները կարելի է համեմատել սառը պատերազմի հետ, երբ զույգերն ամուսնալուծության չեն դիմում (երեխաների, կարիերայի և այլ պատճառներով), մինչդեռ ընտանիքում տիրում է բացարձակ անտարբերության մթնոլորտ: 

ՌԴ ներկա նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կնոջից ամուսնալուծության պատճառների մասին մեկնաբանությունները լսելիս՝ ակնհայտ է դառնում, որ վերջինիս ընտանիքը տարիներ շարունակ այս ճգնաժամային վիճակում է եղել: Ամուսնալուծությունը առաջին հայացքից թվում է, թե ընտանեկան ճգնաժամերի հաղթահարման լավագույն ուղին է, սակայն պետք չէ շտապել կտրուկ որոշումներում՝ հետագայում զղջման հավանականությունից խուսափելու համար:

Զղջման զգացողություն, որը տարիներ շարունակ տանջում էր Նապոլեոն Բոնապարտին իր կնոջ՝ Ժոզեֆինայից բաժանման պատճառով, և ահա, թե ինչու. մահվան շեմին կանգնած՝ նա լուռ շշնջում էր ընդամենը երեք բառ.՝ «Ֆրանսիա, զորք, ժոզեֆինա…»:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4884 reads | 30.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com