ՍԱՌԸ ՁԱՅՆՈՎ ՏԱՔ ՄԱՐԴԻԿ. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Ալեքսանդր Բելլի՝ մեր օրերում արդեն «կենսական նշանակություն» ունեցող հայտնագործությունից հետո, բուռն քննարկման առիթ է դառնում այն հարցը, թե, վերջիվերջո, լսափողը վերցնելիս ո՞րն է լինելու այն առաջին արտահայտությունը, որը կարտաբերվի անձի կողմից: Այս հարցի պատասխանը տալիս է Թոմաս Էդիսոնը, նա առաջարկում է «Hello» բառը, որը մինչ այսօր, իհարկե, արդեն փոքր ինչ ձևափոխված՝ «ալո» տարբերակով, կիրառելի է գրեթե ամբողջ աշխարհում: Մի քանի երկրներ, անշուշտ, բացառություն են կազմում, իսկ Իտալիայում «ալո» բառին փոխարինում է «pronto» -ն, որը թարգմանաբար նշանակում է լսում եմ: Համաձայնենք, որ բառն, իրոք, լավ է ընտրված, քանի որ այն հակիրճ է և լավ է հնչում: Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ ոչ թե բառը, այլ դրա արտասանության ձևը և ձայնի առանձնահատկություններն են որոշում խոսքի ազդեցիկությունը: Օրինակ, «սառը» ձայնով մարդիկ, որոնք, սովորաբար առավել զգայուն և նրբանկատ են լինում, քան մյուսները, բնությունից տրված իրենց «շնորհի» պատճառով, երբեմն թողնում են կոպիտ, խիստ մարդու տպավորություն: Այնինչ, փորձը ցույց է տալիս, որ հոգատար մարդկանց բնորոշ ձայնային հատկանիշ է դա:

Ձայնի առանձնահատկությունները և խոսելու ոճը կարևոր են հատկապես հեռախոսային շփման ընթացքում և որոշ նրբությունների հաշվի առնելն անգամ հնարավորություն է տալիս հեռակա կարգով որոշել անձի մասնագիտական պատկանելությունը: Եթե ցանկանաք ստուգել մասնագիտական պատկանելության և հեռախոսազանգերին պատասխանելու առանձնահատկությունների միջև կապը, ուսումնասիրեք մանկավարժներին և բժիշկներին, նրանց «ալո»-ն իրապես տարբերվում է ոչ միայն արտահայտման յուրօրինակ տոնայնությամբ, այլև ձայնում ներդրված հուզական երանգով: Հաջողակ մարդիկ, և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր գիտեն «ալո»-ի ազդեցության գաղտնիքը, կարողանում են միշտ գեղեցիկ ձևով պատասխանել հեռախոսազանգերին: Իսկ այդ գաղտնիքը այն է, որ Ձեր մեկ բառով դուք կարող եք ընկալվել որպես հաճելի կամ տհաճ զրուցակից, որին կարելի է վստահել կամ որից պետք է զգուշանալ: Իսկ ի՞նչ ասել է «գեղեցիկ խոսք»: Հոգեբանական տեսակետից գեղեցիկ խոսքն այն է, որի մեջ կա մի փոքր հուզականություն՝ ասենք թույլ ժպիտ, որում ձայնի բարձրությունը գտնվում է միջին մակարդակում. դուք չեք բղավում, սակայն այնպես էլ չեք խոսում, որ լսելը դժվար լինի, խոսում եք հանգիստ և դանդաղ՝ առանց շտապելու: Եվ ինչպես նշում է Անդրե Մորուան, «Հեռախոսային զրույցը կյանքի և մշակույթի միջնամասում է, քանի որ այն խոսակցություն է ոչ թե իրական մարդու, այլ նրա պատկերի հետ, որը մենք կերտում ենք այն ժամանակ, երբ լսում ենք նրա ձայնը»:

Գաղտնիք չէ, որ ամեն մարդ ունի հեռախոսազանգերին պատասխանելու համար ընտրված առաջին բառի իր տարբերակը: Ոմանք ասում են «ալո», մյուսները՝ «լսում եմ» և այլն: Այս տարբերակների ուսումնասիրությունը երբեմն մեզ թույլ է տալիս հասկանալ անձի էությունը: Եվ այսպես.

«ԱԼՈ»-ն, թերևս, պատասխանի ամենատարածված ձևերից մեկն է: Այսպես սովորաբար պատասխանում են նրանք, ովքեր չեն սիրում շատախոսել, և դա ունի իր պատճառները. նման մարդկանց լռակյացությունը պայմանավորված է գաղտնապահ լինելու հանգամանքով, նրանք խիստ նպատակասլաց մարդիկ են, վճռական: Նրանք սիրում են նախապես ծրագրավորել ամեն ինչ, կյանքում արված յուրաքանչյուր քայլ սովորաբար վերլուծությունների, երկար մտորումների արդյունք է:

«Ալյո» տարբերակը ևս տարածված է, սա անկեղծ և ազատ մարդկանց է բնորոշ, նրանց, ովքեր սիրում են խոսել, ովքեր հուզական են: Այս մարդկանց ընկերակցությունը մշտապես հաճելի է լինում բոլորին, սրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են գնալու փոխզիջման: Գնահատելով ազատությունը և զերծ մնալով կյանքում նախապես պլանավորված գործողություններից՝ նրանք հաճախ սխալներ են գործում իրենց մակերեսային վերաբերմունքի պատճառով, միևնույն ժամանակ այս մարդիկ կարողանում են հեշտությամբ հաղթահարել հուզական ընկճվածությունը, սթրեսային իրավիճակները:
«Լսում եմ» կամ «դա» (ռուս. да) տարբերակները ավելի շատ բնորոշ են ցուցադրական տիպի մարդկանց, տրամադրության հաճախակի տատանումները այս մարդկանց մոտ հաճախ պայմանավորված են լինում սեփական հույզերն ու զգացմունքներն արտահայտելու անկարողությամբ:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2016 reads | 08.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com