LOCUS CONTROLE : ԱՆՁԻ ՏԻՊԵՐԸ ԸՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՄԵՐԻ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Երբ առաջին անգամ ամերիկացի հոգեբան Ջորջ Ռոտտերը առաջ քաշեց այս հարցը, շատերը զարմացան, ոմանք հետաքրքրվեցին, ոմանց համար այն պարզապես անհեթեթ էր թվում, սակայն գրեթե բոլորը հարցի պատասխանը լուռ որոնում էին իրենց մեջ, փորձում էին հասկանալ… իսկ հարցն այսպիսին էր. «Ի՞նչ դեր ունեք դուք ձեր կյանքում՝ ռեժիսո՞րն եք, սցենարի՞ստը, թե՞ պարզապես դերակատար» և կախված պատասխանից՝ վերջինս մարդկանց բաժանում էր երկու խմբի՝ էքստերնալներ (վերահսկողության արտաքին շեմով մարդիկ) և ինտերնալներ (վերահսկողության ներքին շեմով մարդիկ):

Եթե դուք կարծում եք, որ կյանքում պարզապես դերակատար եք և ամեն անգամ որևէ անհաջողության հանդիպելիս մեղադրում եք ուրիշներին կամ իրավիճակը, ապա վստահաբար կարելի է ասել, որ դուք էքստերնալ եք: Այսպիսի մարդկանց կարելի է հանդիպել ամենուր:

Ի՞նչ եք կարծում, ո՞ր տեսակին է պատկանում այն ուսանողը, որն իր ցածր գնահատականը պայմանավորում է իրեն բաժին ընկած վատ տոմսով կամ դասախոսի անբարյացակամ վերաբերմունքով, անշուշտ նա ևս էքստերնալ է: Ուսանողի կամ անհատների դեպքում միգուցե սա ընդունելի է. բոլորս էլ ունենք այդ հատկությունը մեր մեջ, սակայն ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ երբեմն մի ամբողջ ժողովուրդ կարող է հանդես գալ որպես վերահսկողության արտաքին շեմի կրող՝ այն դեպքում, երբ երկիրը հայտնվում է ծանր վիճակում, իսկ մարդիկ մեղադրում են միայն նախագահին…:

Այս տեսակին պատկանողները սովորաբար աչքի են ընկնում ցածր ինքնագնահատականով, անվստահությամբ, բարձր տագնապայնությամբ և ագրեսիայով: Մինչդեռ ինտերնալներն ավելի ինքնավստահ և հավասարակշիռ մարդիկ են, հակված չեն հապճեպ որոշումներ ընդունելուն, ինքնուրույն են:

Ապացուցված է՝ բոլոր հաջողակ և խելացի մարդիկ կյանքում փորձում են լինել «ռեժիսորներ», սեփական անհաջողությունների համար չմեղադրել ուրիշներին, այլ փնտրել դրանցից հետագայում խուսափելու ճիշտ ուղիներ. «ամեն ինչ կախված է ինձանից, իմ որոշումներից». ահա այսպես են մտածում վերահսկողության ներքին շեմ ունեցողները:

Միևնույն ժամանակ կա կարծիք, որ առանձին այս երկու տեսակները գրեթե երբեք չեն հանդիպում և վերահսկողության թե՛ ներքին և թե՛ արտաքին շեմերը իրականում մեր անձի անհրաժեշտ բաղադրատարրերն են, սակայն, այդուհանդերձ, ակնհայտ է, որ ներքին վերահսկողության շեմի գերակայությունը խիստ կարևոր է անձի զարգացման համար:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2438 reads | 19.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com