ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ: ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Վերջերս Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներոյի հետ հանդիպման ժամանակ իր աննախադեպ արարքով կարողացավ զարմացնել ոչ միայն չեխ ազգին, այլ նաև ամողջ աշխարհին: Մինչ Չիլլիի նախագահը իր ողջույնի խոսքն էր հղում ներկաներին, Վացլավ Կլաուսը աննկատ կերպով փորձում էր սեղանին դրված գրիչը դնել գրպանը, և պետք է նշել, որ դա նրան հաջողվեց, սակայն ոչ աննկատ: Երբ հաջորդ օրն առավոտյան բոլոր լրատվամիջոցները քննարկում էին նախագահի տարօրինակ արարքը, Կլաուսը հանդես եկավ հայտարարությամբ. «Գրիչը վերցնելու մեջ տարօրինակ և անհասկանալի ոչինչ չկա»:

Այո՛, նախագահն արդարանում էր իր պահվածքի համար և այնքան համոզիչ էր դա նրա մոտ ստացվում, որ ինքն էլ հենց հավատում էր իր բերած փաստարկներին:

Ինքնարդարացման այս մեխանիզմը բնորոշ է բոլոր մարդկանց. դժվար թե որևէ մեկը կարողանա ժխտել այն փաստը, որ օրվա ընթացքում կուտակված փորձի, իրադարձությունների մասին մտածելիս այս կամ այն մարդկանց հետ ունեցած վեճերը կամ պարզապես զրույցները մեկնաբանելիս (մարդիկ, սովորաբար միայնակ մնալով, վեր են լուծում օրվա ընթացքում կուտակված տպավորությունները) մենք հաճախ ձգտում ենք ինքնարդարացման, և դա օգնում է մեզ բարձրացնել մեր ինքնագնահատականը, չկորցնել «ես»-ի նկատմամբ ունեցած հավատը, հպարտանալ, պահպանել սեփական անձի բարոյական կերպարը մեր իսկ աչքերում:

Ամեն անգամ, երբ մենք ասում ենք. «Ես մեղավոր չեմ, ես ոչինչ չէի կարող փոխել, դա վեր էր իմ ուժերից, նման իրավիճակում բոլորն էլ ինձ պես կվարվեին» և այլն, մենք գնում ենք դեպի ինքնարդարացում: Իսկ որքանո՞վ է նման պահվածքը արդարացված: Մի դեպքում այն օգնում է հաղթահարել ներքին հակասությունները, օրինակ, այն դեպքում, երբ մարդիկ ծխախոտ են օգտագործում, նրանք սովորաբար հայտնվում են երկու հակասական զգացողությունների կիզակետում, մի կողմից այն, որ ծխախոտը վնասակար է առողջությանը, մյուս կողմից, որ նրանք պարզապես ունակ չեն ազատվել ծխելու մոլուցքից:

Ամերիկացի հոգեբան Լեոն Ֆեսնինգերը նման իրավիճակին տալիս է «կոգնիտիվ դիսսոնանս» (իմացական աններդաշնակություն) անվանումը և նշում, որ այս վիճակից դուրս գալու համար հաճախ մարդիկ պատրաստ են ամեն ինչի, իսկ ինքնարդարացումը, ըստ ամենայնի, լավագույն ճանապարհն է, որը թույլ է տալիս վերականգնել ներքին հավասարակշռությունը, և ահա այստեղ է, որ ակտուալ է դառնում ծխախոտի «հանգստացնող», իսկ երբեմն նաև «ցավազրկող» հատկությունը, ինչպես սիրում են հաճախ նշել ծխողները:

Այսպես, մենք դիտարկեցինք ինքնարդարացումն այն տեսակետից, որն օգնում է հաղթահարել ներքին հակասությունները, սակայն կան հեղինակներ, որոնք շարունակաբար խոսում են ինքնարդարացման տեխնիկայի բացասական կողմերի մասին և բերում իրենց փաստարկները այս խնդրի շուրջ: Խնդիրը նրանում է, որ ինքարդարացման հետևանքը սովորաբար լինում է այն, որ մարդիկ չեն կարողանում բացահայտել իրենց սեփական «ես»-ը: Սա «ես»-ից փախուստի մի յուրօրինակ ձև է, որը խանգարում է օբյեկտիվորեն գնահատել ոչ միայն կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, այլ որ ամենակարևորն է, այն թույլ չի տալիս համարժեք գնահատական տալ մեր իրական հնարավորություններին, անկեղծանալ սեփական անձի հետ և այդ ճանապարհով գալ ներքին հավասարակռության:

Ժամանակին այս մասին ասել է Ֆրիդրիխ Նիցշեն՝ նշելով, որ մարդիկ սովորաբար ավելի անկեղծ են ուրիշների հետ, քան իրենք իրենց հետ, և պետք է հստակ գիտակցել, որ ինքնարդարացումը խնդիրներ լուծելու լավագույն ուղին չէ:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2172 reads | 18.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com