ՖՐԱՆԿԼԻՆԻ ԷՖԵԿՏԻ ՀԶՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






Ինչպե՞ս անել, որպեսզի այն մարդը, որը ձեր նկատմամբ բացասական է տրամադրված, փոխի իր վերաբերմունքը, ի՞նչ անել, որպեսզի ձեր խնդրանքները երբևէ չմերժվեն… Անշուշտ, դժվար խնդիր է, բայց ոչ անհնար: 

ԱՄՆ-ում քաղաքական կամ դիվանագիտական հանդիպումները հիմնականում անց են կացվում ռեստորաններում՝ ընթրիքի սեղանի շուրջ, և դա ամենևին էլ ինքնանպատակ չէ. պարզապես ընդունված բան է՝ ուտելիքը և հատկապես ծովային մթերքները ունակ են բարձրացնելու մարդու տրամադրությունը՝ նվազեցնելով զրուցակցի կողմից մերժվելու հավանականությունը: Սակայն եկեք համաձայնենք, որ երբեմն սա հարաբերությունների կարգավորման լավագույն միջոցը չէ, հատկապես եթե դիմացինը խիստ բացասական նախատրամադրվածություն ունի ձեր հանդեպ: Նմանօրինակ մի իրավիճակում էր հայտնվել ինքը՝ Բենջամին Ֆրանկլինը՝ մարդ, ով կարողացել է իրեն դրսևորել ամենատարբեր բնագավառներում՝ հասնելով մեծ հաջողությունների:

Ֆրանկլինը խնդիր ուներ՝ շահելու այն մարդու համակրանքը, ով բացարձակապես չէր սիրում իրեն, առաջին հայացքից դժվարին թվացող այս խնդիրը հեշտությամբ լուծում գտավ այն ժամանակ, երբ նախագահը մի նամակ ուղարկեց այդ մարդուն, որում նրան ԽՆԴՐՈՒՄ էր, մի քանի օրով իրեն տրամադրել բավական դժվար հայթայթվող մի գիրք, խնդրանքը, իհարկե, չմերժվեց՝ քաղաքավարության նկատառումներով, և անմիջապես մի քանի օր հետո Ֆրանկլինը գիրքը վերադարձրեց տիրոջը խորին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնելով չմերժելու համար: Այդ պահից հետո և մինչև կյանքի վերջ այդ մարդը դարձավ Ֆրանլինի լավագույն ընկերը: Եվ ահա հարց է ծագում՝ ինչու՞: Այդ հարցի պատասխանը տալիս է հենց ինքը՝ Բեջամին Ֆրանկլինը. «Նա, ով մեկ անգամ կկատարի ձեր խնդրանքը, ավելի հավանական է, որ կանի դա երկրորդ անգամ, քան նա, ով որևէ բանով պարտական է ձեզ»: Եվ, իրոք, այդպես է: մարդիկ մտածում են, որ եթե դուք իրենցից որևէ բան եք խնդրում, ապա ավելի լավ կլինի, որպեսզի իրենք դրականորեն պատասխանեն ձեր խնդրանքին, քանի որ հարկ եղած դեպքում դուք էլ նմանապես կվարվեք իրենց հետ: Ի դեպ, խնդրելիս, ինչպես խորհուրդ են տալիս գերմանացի հոգեբանները, ևս պետք է հաշվի առնել որոշակի գործոններ. ձեր խնդրանքը չի մերժվի, եթե դուք խնդրելուց առաջ նախապես պարզաբանում եք դրա հիմքում ընկած պատճառները՝ ինչու եք խնդրում, ինչի համար է դա ձեզ անհրաժեշտ և այլն:

Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը, ինչպես ընդունված է այն անվանել հոգեբանության մեջ, հաջողության հասնելու առաջին գրավականն է, այնպես որ, երբևէ մի՛ խուսափեք որևէ մեկից որևէ բան խնդրել, դա երբեք նվաստացուցիչ չէ, այլ ընդհակառակը՝ վստահություն ձեռք բերելու կարևոր նախապայման:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1258 reads | 10.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com