ԱԶԴԵՑԻԿ ԽՈՍՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր 






Մարդկանց երկու տեսակ կարելի է առանձնացնել. նրանք, ովքեր ավելի գրավիչ են դառնում, երբ լռում են, և նրանք, որոնց խոսքը ունակ է ազդելու անգամ հազարավոր ունկնդիրների վրա:

Հազարավոր տարիներ առաջ Հունաստանում Ցիցերոնի կողմից կիրառվում էր խոսքի միջոցով մարդկանց վրա ազդելու հզորագույն տեխնիկան:
Լինելով հմուտ հրապարակախոս՝ նա հասցրել էր նկատել, որ մարդկանց վրա ազդելու լավագույն միջոցը ճիշտ ընտրված բառերն են, ընդ որում, վերջինս իր խոսքում գրեթե երբեք չէր օգտագործում բացասական տարրեր պարունակող բառեր, քանի որ նման բառերը բացասական հույզեր են առաջացնում:

Մեր օրերում խոսքի միջոցով մարդկանց վրա ազդելու, թերևս, ամենավառ օրինակները կարելի է հանդիպել գովազդային հոլովակներում: 

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն ապրանքանիշը, որի գովազդի ընթացքում արտաբերվում է «խորհուրդ են տալիս բժիշկները» կամ «այն ունի անգերազանցելի ազդեցություն» արտահայտությունները, մի քանի անգամ ավելի լավ են վաճառվում, ընդ որում՝ կրկնակի թանկ գներով, քան այն ապրանքանիշները, որոնք իրենց թե՛ բաղադրությամբ, թե՛ որակով իրականում ոչնչով չեն զիջում վերոնշվածներին:

Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ ամենից շատ խոսքի միջոցով ազդելու կամ պարզապես ուշադրություն գրավելու քայլին դիմում են հենց քաղաքական գործիչները: Նման իրավիճակներում կարևոր խնդիր է նախ և առաջ գրավել զրուցակցի կամ, ելույթի դեպքում, ներկաների ուշադրությունը:

Դա կարելի է անել հումորի միջոցով, կամ անսպասելի մի որևէ բան ասելով: Այս առումով կարելի է ասել, որ անգերազանցելի վարպետ է Կանադայի նախկին պաշտպանության նախարար Պոլ Հելյեն:
2012 թվականին Վաշինգտոնում ունեցած իր ելույթի առաջին իսկ նախադասությամբ նա գրավեց հանդիսականի ուշադրությունը: Իսկ այդ առաջին նախադասությունը հետևյալն էր՝ «Այլմոլորակայինների գոյությունն այնքան իրական է, որքան մեր գլխավերևում թռչող ինքնաթիռներինը»: 

Այսպես կարելի է ասել, որ ազդեցիկ խոսքի հիմնական նախապայմաններից մեկը արտահայտված մտքի անսպասելիությունն է: Հաջորդ կարևոր գործոնը երկակի նշանակություն ունեցող բառերի կիրառումն է:

Օրինակ 1968 թվականին Ռիչարդ Նիքսոնը իր ելույթի ընթացքում բառացիորեն խոստացավ հանրությանը Վիետնամում խաղաղություն ապահովել: Բոլորին, իհարկե, դուր եկավ այս միտքը, սակայն շատ քչերին հետաքրքրեց, թե խաղաղություն ասելով ինչ էր հասկանում նախագահը՝ դուրս հանել ամերիկյան զորքը այնտեղի՞ց, թե՞ շարունակել պայքարը մինչ ցանկալի հաղթանակին հասնելը:

Ազդեցիկ է նաև այն խոսքը, որը բխում է դիմացինի շահերից: Ասենք, շատ քաղաքական գործիչներ ժողովրդի հետ հաղորդակցվելիս սիրում են կրկնել «ես ցանկանում եմ այն, ինչ ցանկանում եք դուք», «ձեր խնդիրները, իմ խնդիրներն են» և այլն: 

Եթե խոսում ենք ազդեցիկ ելույթների և դրանց հոգեբանական ենթատեքստերի մասին, ապա չենք կարող չնշել 1998-ին ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ելույթը, որի ժամանակ շեշտեց՝ գնում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը: Այս միտքը մեկ տասնամյակ անց էլ շարունակում է թևավոր խոսք լինել հայ հասարակության մեջ:

Իսկ ահա ռուս ժողովրդի համար անմոռանալի է մինչ այսօր ամենահիշարժան նախագահական ելույթներից՝ Բորիս Ելցինի հրաժեշտի ելույթը, որտեղ նա խոսում է այն մասին, որ պետք է կարողանալ ճիշտ ժամանակին հեռանալ այն վայրից, որտեղ դու այլևս պիտանի չես, որ պետք է կարողանալ ընդունել, որ կան քեզնից ավելի արժանիները, և ամբողջ աշխարհը չի պտտվում միայն քո շուրջը: Այս ելույթով նախագահը թողնում է իշխանական աթոռը՝ հետք թողնելով իր երկրի քաղաքացիների սրտում հատկապես իր անկեղծությամբ: 

Այնպես որ, ազդեցիկ խոսքի ամենակարևոր նախապայմաններից մեկը կարելի է համարել անկեղծությունը:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4304 reads | 07.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com