ԿԱԹԻԼ ԱՌ ԿԱԹԻԼ. ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ







Ասում են, որ մարդկային առավելություններից մեկը սպասել կարողանալու հատկությունն է, կարողանալ սպասել այնպես, որ ամեն բան տեղի ունենա հարմար պահի՝ չխոսել այն պահին, երբ պետք է լռել, չլռել այն պահին, երբ պետք էր խոսել, չանել այն, ինչ հետագայում փոշմանելու առիթ է տալու և անել այն, ինչ տվյալ ժամանակահատվածում անելն արդարացված կլինի:

Եթե մարդիկ ունենային փոքր-ինչ համբերատարություն, այս խնդիրը հավանաբար լուծված կլիներ: Սակայն այս հատկությունը հենց այնպես չի տրվում մարդուն, այն կաթիլ առ կաթիլ ավելանում է տարիների ընթացքում, այնպես ինչպես իմաստությունը:

Բայց արի ու տես, որ համբերելու կարողությունը, ինչպես մարդկային ցանկացած հատկություն, ունի իր սահմանները: Երբ ծաղկի սերմերը գցում ես հողի մեջ, դու համբերատարորեն սպասում ես այն օրվան, թե երբ պիտի այն ծաղկի… սա սպասում է սիրով, սակայն կա նաև սպասում ատելությամբ, այն թաքնվում է բարի մարդու դիմակի հետևում, երբ լցված ես ատելությամբ որևէ մեկի հանդեպ, սակայն չես արտահայտվում՝ համբերատարորեն սպասելով վերջինիս վնաս հասցնելու հարմար առիթի՝ չգիտակցելով անգամ, որ այդ ընթացքում ատելության զգացողության կողմից արտադրված թույնը թունավորում է հենց քո հոգին: Նման համբերատարությունը տանում է դեպի ինքնակործանում, և դրանից խուսափել է պետք:

Խոսելով համբերելու դրական և բացասական կողմերի մասին՝ ռուս գրող Իլյա Շևելյովը նշում է. «Մի կողմից այն դրական հատկություն է, երբ մարդը կարողանում է սպասել, չի կորցնում հույսը և համառորեն գնում է իր նպատակի հետևից. սա տեղի է ունենում գիտակցաբար, իսկ մյուս կողմից այն բացասական է՝ ընդդիմանալու անկարողություն, որը ի հայտ է գալիս անգիտակցական մակարդակում»:

Իրականում համբերատարությունը հրաշալի հատկություն է, և եթե այդուհանդերձ պարտադիր է ունենալ «համբերության բաժակ», որը կաթիլ առ կաթիլ պետք է լցվի, ապա ավելի նպատակահարմար կլինի, որ այդ բաժակը լինի նվազագույն չափսերի, քանի որ կյանքը չափազանց կարճ է, երկար համբերելու համար: Եվ արդարացված է միայն այն համբերության դրսևորումը, որը տանում է դեպի իրական նպատակների իրագործում և իր մեջ ատելության տարրեր չի պարունակում:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2380 reads | 29.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com