ՎԱԽ ԿՅԱՆՔԻՑ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ







Երբ տարիներ առաջ գերմանացի հոգեբան Ֆիլիպ Լերշը առաջ քաշեց այն գաղափարը, որ գոյություն ունի վախ կյանքից, թվում էր, թե այն երբևէ չի կարող ունենալ դիպուկ հիմնավորում: Սակայն հեղինակը պնդում էր, որ բոլոր նրանք, ովքեր ունեն կյանքի իմաստի կորստի զգացողություն, ունեն նաև վախ կյանքից: Երբ չես գտնում ապրելուդ իմաստը, երբ չես հասկանում, թե ինչ ես իրականում ցանկանում կամ պարզապես չես ցանկանում այլևս ոչինչ անել` հնարավորություն տալով գլուխ բարձրացնել անինքնավստահության զգացողությանը, տագնապին, ապա այստեղ արդեն կարելի է խոսել կյանքից վախի զգացողության մասին:

Ժամանակին Ժան Պոլ Սարտրը, և ոչ միայն նա, այլև էքզիստենցիալ փիլիսոփայության շատ ներկայացուցիչներ կարծում էին, որ կյանքի իմաստի բացահայտումը հնարավոր է միայն մահվան պահին, Անտոն Չեխովը դեմ էր նման տեսակետին, կարծելով, որ կյանքի իմաստը հենց պայքարի մեջ է: Որոշ հեղինակներ, ինչպես Լև Տոլստոյը, կարծում էին, որ կյանքի իմաստի որոնման և կյանքից վախի հաղթահարման լիարժեք հնարավորություն է ընձեռնում կրոնը, քանի որ այն կյանքին այնպիսի իմաստ է տալիս, որը չի կորչում անգամ մահվան գաղափարի դեպքում:

Սակայն նրանք, ովքեր բախվել են վախի այս տեսակի հետ և իրենց կյանքում գոնե մեկ կամ երկու անգամ ունեցել են կյանքի իմաստի կորստի զգացողություն, կփաստեն, որ այդ րոպեներին միակ գաղափարը, որը շարունակ տանջում է, այն է, որ իրականում կյանքը չունի ոչ մի իմաստ, անիմաստ է ապրելը: Եվ այստեղ է ահա, որ կարելի է հիշել Վիկտոր Ֆրանկլի խոսքերը. «Կյանքի իմաստը ճանաչելու ձգտումը կարելի է համեմատել ծարավի հետ. խմելու պահանջը փաստում է ջրի գոյությունը, այլապես ինչպե՞ս կարող էր առաջանալ ծարավը: Հնարավոր է, որ ջուրը տվյալ պահին, տվյալ պայմաններում չի բավականացնում, բայց դա չի նշանակում, որ այն գոյություն չունի, այնպես, ինչպես կյանքի իմաստի չբացահայտվածությունը երբեք չի կարող փաստել դրա գոյության բացակայությունը»:

Ասում են, որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում շարունակաբար պայքարում է մահվան և կյանքի վախերի միջև, դրանք նման են իրար, սակայն միևնույն ժամանակ նաև տարբեր, երկու դեպքում էլ ակտիվանում է միայնակ մնալու վախը, վախը անորոշությունից և այլն: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ վախի զգացողությունը, իր բոլոր տարատեսակներով երբեք միայնակ չի այցելում, և այնտեղ, որտեղ կա վախ, կա նաև հույս: Կարելի է պարզապես ապրել հույսով, լինել փոքր ինչ նպատակասլաց և ինքնավստահ ` յուրաքանչյուր տարիքային փուլում բացահայտելով կամ տալով կյանքին նորանոր իմաստներ` այդկերպ խույս տալով կյանքից վախի գաղափարից:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3797 reads | 29.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com