ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոգեբան, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ










Հոգեբանությունը, սկսած 20-րդ դարի սկզբից և մինչև մեր օրերը, բուռն զարգացում է ապրում։ Որոշ հեղինակավոր մասնագետների կարծիքով, հենց հոգեբանությունն է դառնում 21 – րդ դարի առաջատար գիտություններից մեկը, գուցե նույնիսկ ամենաառաջատարն ու ազդեցիկը։ Մեր համեմատաբար երիտասարդ գիտությունը, որի զարգացումը փաստորեն սկսվել է միայն 19 – րդ դարի վերջին տասնամյակներում, արդեն ունի իր լուրջ նվաճումները և իր առջև նոր ու ծանրակշիռ խնդիրներ է դրել։ Այս բնագավառի հիմքերն են դրել այնպիսի ականավոր հետազոտողներ, ինչպիսիք էին Վ. Վունդտը, Ու. Ջեյմսը, Զ. Ֆրոյդը« Կ. Գ.Յունգը և մի շարք այլ եվրոպական և ամերիկյան գիտնականներ։ Լուրջ նվաճումների է հասել նաև ռուսաստանյան հոգեբանությունը, որին նպաստել են նաև ծագումով հայ հոգեբաններ։ 

Ընդհանրապես պետք է նկատել, որ հոգեբանության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է նաև հայ ազգի շրջանակներում՝ ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ սփյուռքահայ գաղթօջախների մի մասում։ Նման հետաքրքրությունը բնական է հազարամյակների պատմություն և հարուստ մշակույթ ունեցող ազգի համար, որի կազմում մեծ թիվ են կազմում մտավոր օժտվածության բարձր աստիճան ունեցող մարդիկ։ Մեր ժամանակներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարտի տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանում և ԱՄՆ – ում, բավական մեծաթիվ հայ հոգեբաններ կան, ովքեր արդյունավետ աշխատանք են կատարում մեր գիտության տարբեր բնագավառներում։ 

Ինչո՞վ է պայմանավորված հոգեբանության մեծ նշանակությունը արդի աշխարհում, և ի՞նչ խնդիրների ուսումնասիրությամբ են զբաղվում հոգեբանները։ Ի՞նչ արդյունքներ են ստացվել մինչև այժմ հոգեբանության բնագավառում կատարված հետազոտությունների շնորհիվ։ Այս հարցերից հիմնականներին պատասխանելու նպատակով մենք սկսում ենք հոդվածներ հրապարակել, որոնք նախատեսված են ընթերցողների լայն շրջանակների համար։ Հոդվածները գրված են լինելու մատչելի լեզվով, բայց գիտության զարգացման արդի մակարդակին լիովին համապատասխան։ Բոլոր հոդվածներում հեղինակները ներկայացնելու են ոչ միայն մեր գիտության այս կամ այն խնդրի ուսումնասիրության շնորհիվ ձեռք բերված հիմնական արդյունքները, այլև ներկայացնելու են իրենց տեսակետները և այն նոր արդյունքները, որ իրենք են ստացել համապատասխան երևույթների ուսումնասիրության ընթացքում, եթե, իհարկե, նման հետազոտություններ կատարել են։ Բանն այն է, որ ժամանակակից հոգեբանությունն այնքան լայնածավալ ու բարդ գիտությւն է, և այնքան մեծաթիվ ուղղություններ ունի, որ ոչ ոք, որքան երկար կյանք էլ ունենա, չի կարող ընդգրկել այն ամբողջ ծավալով։ 

Ուրեմն, ինչո՞վ է պայմանավորված հոգեբանության նշանակությունը և այդ գիտության նկատմամբ մարդկանց հետաքրքրության աննախադեպ աճը մեր ժամանակներում։ Նման հետաքրքրության հիմնական պատճառն այն է, որ հոգեբանությունը դարձել է մարդուն և մարդկային հարաբերեություններն ուսումնասիրող հիմնական գիտությունը։ Այն մարդու հոգու ակտիվությունը, հոգու բազմակողմանի աշխատանքն ու ապրումներն ուսումնասիրող գիտությունն է։ Այդ պատճառով էլ այդ գիտության ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվող երևույթներն ու լուծվող խնդիրները չեն կարող հետաքրքիր չլինել մարդկանց համար։ Բավական է հիշատակել դրանցից մի քանիսը, որպեսզի ակնառու դառնա մեր խոսքի ճշմարտացիությունը։ 

Հոգեբանության հիմնական խնդիրներից մեկն է պարզել, թե մարդիկ ինչպես են ընկալում, մտածում և գիտելիքներ ձեռք բերում շրջապատող աշխարտի, հասարակության մեջ մարդկանց հարաբերությունների և հենց իրենց մասին։ Արդյո՞ք մենք ճիշտ ենք արտացոլում աշխարհը։ Արդյո՞ք այն հենց այնպիսին է, ինչպիսին մեզ տրված է մեր հոգեկանում՝ տեսողության, լսողության և մյուս զգայարանների աշխատանքի շնորհիվ ստացված պատկերներում։ Իսկ գուցե մեր պատկերացումները պատրանքային են, ցնորական, գուցե աշխարհն անիմանալի է։ 

Ինչպե՞ս է մտածում մարդը։ Ի՞նչ երևույթ է գիտակցությունը, և արդյո՞ք մարդու հոգեկան ակտիվությունը միշտ և լիովին գիտակցված է լինում։ Իսկ եթե ոչ, ապա ինչպիսի՞ ապացույցներ կան, որ մեր հոգեկան աշխարհում կարող են ընթանալ նաև ենթագիտակցական հոգեկան գործընթացներ։ Ինչպե՞ս են ստեղծագործում մարդիկ և ըստ այդպիսի ընդունակության մարդկանց միջև ինչպիսի՞ անհատական տարբերություններ կան։ 

Ի՞նչ հոգեկան երևույթ է մարդու ինքնագիտակցությունը։ Ի՞նչ են հասկանում մարդիկ, երբ օգտագործում են «ես» դերանունը։ Ինչպիսի՞ դեր է խաղում ինքնագիտակցությունը մարդկանց կյանքում, ինչպես է այն ձևավորվում տարիքային զարգացման ընթացքում։ Արդյո՞ք մարդիկ ճիշտ, օբյեկտիվ, անաչառ գիտելիքներ են ձեռք բերում իրենց սեփական անձի մասին, և արդյո՞ք ճիշտ են այն գնահատականները, որ նրանք տալիս են ինչպես իրենց առանձին ֆիզիկական և հոգեկան գծերին, այնպես էլ իրենց անձին՝ ընդհանուր առմամբ։ Ինչ հոգեկան կառուցվածք ունի ինքնագիտակցությունը, որին ժամանակակից հոգեբանության մեջ հաճախ տալիս են նաև Ես-կոնցեպցիա անունը։ Թվարկվածները շատ կարևոր խնդիրներ պետք է համարել, եթե, մասնավորապես, նկատի ունենանք, որ մարդու սոցիալական վարքը, նպատակադրումներն ու հավակնությունները, հաջողության և անհաջողության մասին նրա պատկերացումները և բազմաթիվ այլ տեսակետներ ու վարքային դրսևորումներ զգալի չափով պայմանավորված են նրա ինքնագիտակցության կառուցվածքով և նրանից ելնող կայուն միտումներով։ 

Դեռևս հնագույն ժամանակներից մտածող մարդկանց՝ իմաստասերներին, բժիշկներին, պարզապես հետաքրքրասեր անձանց ուշագրավ է թվացել այն հարցը, թե մարդկանց ինչպիսի տիպեր են լինում, ինչպես են դրանք ձևավորվում, ինչպես է տարբերվում տարբեր տիպերի մարդկանց վարքը ամենատարբեր իրադրություններում։ Այս հարցերը վերաբերում են մարդկանց խառնվածքին և բնավորությանը։ Ժամանակակից հոգեբանությունը այդ բարդ խնդիրների ուսումնասիրության գործում ևս լուրջ արդյունքների է հասել։ Դրանց ծանոթ լինելն օգտակար է յուրաքանչյուրին։ Հոգեբանության այնպիսի մի կարևոր բնագավառ, ինչպիսին է անձի հոգեբանությունը, ուսումնասիրում է խառնվածքի և բնավորության բնույթն ու տիպերը, մարդու հուզական կյանքը, կամքն ու բազմաթիվ այլ խնդիրներ։ 

Ժամանակակից հոգեբանության ընդարձակ և արագորեն զարգացող բնագավառներից է նաև սոցիալական հոգեբանությունը՝ մեր գիտության այն ոլորտը, որի ներկայացուցիչներն ուսումնասիրում են հասարակության մեջ, նրա կազմի մեջ մտնող բազմաթիվ խմբերում, մարդկանց փոխհարաբերությունների գործընթացներն ու դրանցում ծագող հոգեկան երևույթները՝ համագործակցությունն ու մրցակցությունը, կոնֆլիկտներն ու դրանց լուծման եղանակները, իշխանության և առաջնորդության, սոցիալական ազդեցության երևույթները, մարդկանց սոցիալական վարքի հիմքում ընկած պահանջմունքներն ու դրդապատճառները, արդարության և անարդարոության, հավասարության և անհավասարոության, սոցիալական իմացության բազմաթիվ խնդիրներ։
Ժամանակակից հոգեբանության կարևորագույն և արագորեն զարգացող ուղղություններից է էթնիկական հոգեբանությունը, որը պատմական, մշակութային, էթնոլոգիական և փորձնական ճանապարհով ձեռք բերված փաստերի վերլուծության հիման վրա փորձում է պարզել էթնիկական հանրույթների ծագման և զարգացման, պատմական փոփոխությունների հոգեբանական մեխանիզմներն ու օրինաչափությունները, ազգային բնավորությունն ու ինքնագիտակցությունը, էթնիկական հոգեկերտվածքն ու, նրա կազմում, բնավորությունը, էթնոսների ձուլմանն ու ինքնապաշտպանությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Սոցիալական հոգեբանության հետ միասին էթնոհոգեբանությունն աստիճանաբար դառնում է մարդկանց սոցիալական վարքի իմացության ու կառավարման, ներքին և արտաքին քաղաքականության գիտական հիմքերից մեկը։ 

Մեր խնդիրն է ընթերցողներին ծանոթացնել հիշյալ և բազմաթիվ այլ հոգեբանական երևույթների ուսումնասիրության գործում մեր գիտության ձեռք բերած նվաճումներին։ Հոգեբանությունը հիմքեր է ստեղծում մարդու ինքնիմացության խորացման համար։ Այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սեփական անձն ու նրա նպատակները, ուրիշներին, մտնել նրանց վիճակի մեջ, դառնալ լայնախոհ և հանդուրժող։ Վերջապես կարևոր է այն, որ հոգեբանական գիտելիքները կազմում են ազգային մշակույթի մի կարևոր մասը, և այս բնագավառուն անհրաժեշտ է լինել առաջին շարքերում։ Չի կարող զարգացած, քաղաքակրթված համարվել այն ազգը, որը չունի զարգացած գիտություն մարդու և հասարակության հոգեկան կյանքի մասին, չունի այս գիտության բնագավառում միջազգային մակարդակում աշխատող և ստեղծագործող մասնագետներ։
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
8068 reads | 28.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com