ՕՐԵՈԼԻ (ԼՈՒՍԱՊՍԱԿ) ԷՖԵԿՏԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՋԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԶԵՆՔ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող







Մարդիկ այնքա՜ն տարբեր են և միևնույն ժամանակ այնքա՜ն նման միմյանց: Դժվար է անգամ պատկերացնել, որ աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների, տարբեր մշակույթների կրողների մոտ հնարավոր է գտնել ընդհանրություններ՝ մտածողության, ընկալման, դիրքորոշումների ձևավորման առումով: Այս իմաստով մտորումների տեղիք է տալիս հոգեբանական ամենաազդեցիկ էֆեկտներից մեկը՝ «օրեոլի էֆեկտը»: Այն կոչված է ապացուցելու, որ ստերեոտիպային մտածողությունը հզորագույն զենք է մեր վերլուծական, քննադատական մտածողության դեմ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, հավանաբար կհամաձայնեք, որ մարդկանց հետ հաղորդակցման ընթացքում առաջին տպավորությունը մեծ նշանակություն ունի, եթե որևէ մեկը մեզ ի սկզբանե դուր է գալիս, մենք սկսում ենք դրական հատկանիշներ վերագրել նրան և այլևս դադարում ենք օբյեկտիվ գնահատականներ տալ նրա անձին: Առաջին տպավորության արդյունքում ձևավորվող «օրեոլը» շատ հաճախ խանգարում է մեզ տեսնել անձի թերությունները կամ որոշ իրավիճակներում (եթե առաջին տպավորությունը եղել է բացասական) տեսնել առավելությունները: Քաղաքականության մեջ հաճախ կիրառվում են այնպիսի բանաձևեր, որոնք կնպաստեն օրեոլի էֆեկտի դրական դրսևորմանը, դրանք քաղաքական «զենքեր» են, որոնք բարձրացնում են անձի հեղինակությունը: Նման բանաձևերից առավել հաճախ կիրառվում է. «Եթե իրար կողք, ապա միասին» բանաձևը: Սա մարդկային ստերեոտիպային մտածողության ակնառու ֆենոմեն է, որը հաճախ կազմում է օրեոլի էֆեկտի բաղկացուցիչ մասը: Օրինակ, եթե դուք ունեք որևէ հայտնի կամ սիրված դերասանի կամ երգչի հետ նկարներ, դուք դրանք մեծ հաճույքով սկսում եք ցուցադրել ձեր ընկերներին կամ բարեկամներին, հույս ունենալով, որ դա կնպաստի ձեր հասարակական դիրքի բարձրացմանը: Եվ իրոք դա այդպես է, ահա թե ինչու քաղաքական գործիչները հաճախ սիրում են լինել սիրված և ճանաչված մարդկանց ընկերակցությամբ՝ այդկերպ փորձելով նույնականանալ հասարակ քաղաքացիների հետ և ձեռք բերել նրանց վստահությունը, քանի որ հայտնի մարդկանց հանդեպ քաղաքացիների սերը ավտոմատ կերպով պրոեկտվում է նաև նրանց կողքին հայտնված մարդկանց վրա՝ ձևավորելով դրական օրեոլներ:

Ստերեոտիպային բանաձևերից հաջորդը, որը ևս հաճախ նպասում է դրական օրեոլի ձևավորմանը, այն է, երբ անձը որևէ ոլորտում փայլում է և շրջապատողների մոտ տպավորություն է ստեղծվում, որ տվյալ մարդը կկարողանա անել ամեն ինչ: Այդպիսի մի վառ օրինակ է հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերի օրինակը, որը 2003 թվականին դարձավ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ: Այս դեպքում դրական օրեոլի ձևավորմանը նպաստել էր այն, որ մարդիկ սովորաբար կարծում են, որ լավ դերասանը կարող է հանդես գալ նաև որպես լավ նահանգապետ: Նույնը կարելի է ասել նաև սպորտիաշխարհում աշխարհառչակ ճանաչում ձեռք բերած Վիտալի Կլիչկոյի մասին, որը ևս մուտք է գործել քաղաքական ասպարեզ և արդեն իսկ ունի համախոհների հսկայական բանակ: Այսպիսով, փորձենք անել այնպես, որպեսզի մարդկանց հետ հաղորդակցման ընթացքում առաջին տպավորությունը լինի դրական, քանի որ զուր չէ ասել աշխարհահռչակ գրող Բերնարդ Շոուն՝ «Դուք երբեք հնարավորություն չեք ունենա ստեղծել առաջին տպավորությունը երկրորդ անգամ»:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4300 reads | 27.02.2013
մարդու հոգեբանություն, կարծրատիպեր, լուսապսակ, օրեոլ |
avatar

avatar
1
Isk 1in tpavorutyun@ misht e chisht?
avatar
2
Սիրելի Անահիտ,
իհարկե առաջին տպավորության ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքը բավական խնդրահարույց հարց է, ոմանք այն մեկնաբանելիս խոսում են անձի ինտուիտիվ կարողությունների մասին, ոմանք էներգետիկ դաշտերի: Սակայն ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք,որ առաջին տպավորությունը լինի ճիշտ այն պարագայում , երբ այն կախված է այնպիսի հանգամանքներից ինչպիսիք են անձի այդ պահին ունեցած տրամադրությունը, էմոցիոնալ վիճակը, կենսափորձը, աշխարհայացքը, կարծրատիպերը, դրանք բոլորը մշտապես ուղեկցում են մեզ մեր գնահատումներում և միևնույն ժամանակ թույլ չեն տալիս լինել օբյեկտիվ նաև առաջին տպավորության ձևավորման հարցում:Դատողությունները թողնում եմ ՁԵզ...շնորհակալ եմ հարցի համար:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com