ԿԻ՞Ն, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴ: ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող








Ամբողջական հասարակությունը, այնպես, ինչպես առանձին անհատը, մշտապես փորձում է հնարավորինս խուսափել կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններից: Խնդիրը պարզապես նրանում է, որ յուրաքանչյուր փոփոխություն լինի դա դրական, թե բացասական, առաջին հերթին անհայտություն է, իսկ մարդիկ չեն սիրում այն ինչ անհայտ է կամ պարզապես վախենում են դրանից: «Փոփոխությունները կյանքի հիմքն են, պետք չէ վախենալ դրանցից»,- մի առիթով ասել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը և իրոք դա այդպես է:

Եվ այսպես, 20-րդ դարի սկզբին միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ կապված գենդերային ընկալման, գենդերային կարծրատիպերի վերացման հետ: Եթե մինչ այդ կանանց մուտքը քաղաքական ասպարեզ, մեղմ ասած, «չէր խրախուսվում», ապա այժմ արդեն քաղաքակիրթ աշխարհը աստիճանաբար գնում էր դեպի գենդերային հավասարություն:

Մեր օրերում կարելի է տեսնել բազմաթիվ կին քաղաքական գործիչների, դիվանագետների, որոնք սակայն մինչ այսօր նշում են, որ սեռը, այնուամենայնիվ, որոշակի դժվարություններ է ստեղծում մասնագիտական առումով կայացման գործընթացում: Ահա թե ինչ է ասել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան՝ «Դիվանագետ լինելը դժվար է, կին դիվանագետ լինելն առավել ևս»:

Իրականում նման դժվարությունները ծագում են այն պարզ պատճառով, որ հասարակությունը անընդհատ ենթարկվում է ինֆորմացիոն և նորմատիվ ճնշման, երբ կարծրատիպային մտածողության որոշ դետալներ (այնպես, ինչպես. «տղամարդիկ ավելի ուժեղ են, ավելի խելացի, քան կանայք») ժամանակի ընթացքում տեղակայվում են մեր գիտակցության մեջ: Գենդերային հոգեբանությունը, սակայն, թույլ է տալիս մեզ ամբողջապես ընկալել և հասկանալ թե՛ տղամարդու, և թե՛ կնոջ հոգեբանական առանձնահատկությունները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տղամարդու և կնոջ միջև էական տարբերությունները այդքան էլ շատ չեն:

Ինչպես ցույց են տվել վերջին ժամանակներս անց կացված հետազոտությունների արդյունքները, այն կարծրատիպը, որ տղամարդիկ ավելի քիչ էմպատիկ հնարավորություններ ունեն, կամ որ կանայք ավելի էմոցիոնալ են, չի համապատասխանում իրականությանը, պարզապես որոշ դեպքերում տղամարդը փորձում է թաքցնել իր զգացմունքները, մինչդեռ կանայք ավելի ազատ են զգացմունքների դրսևորման և արտահայտման հարցում, միևնույն ժամանակ չի կարելի չնշել նաև այն, որ տղամարդիկ սովորաբար ավելի էգոցենտրիկ են՝ կանանց համեմատությամբ: Բացի այդ, հաճախ կարելի է լսել, որ տղամարդիկ ավելի ագրեսիվ են, մինչդեռ ագրեսիան և դրա արտահայտվածությունը ևս կարելի է դիտարկել հասարակական նորմերին ենթարկման կամ գենդերային դերերի յուրացման տեսանկյունից:

Հասարակությունը չի ընդունում կնոջ ագրեսիվ կերպարը, և կինը ենթարկվում է այդ նորմերին, սակայն դա չի նշանակում, որ կնոջ մեջ ագրեսիան ընդհանրապես բացակայում է, երբեմն այն անգամ գաղտնի բնույթ է կրում: Թերևս, պետք է նշել նաև այն, որ որոշակի տարբերություններ կնոջ և տղամարդու հաղորդակցական հմտություններում, այնուամենայնիվ, կան: Այսպես, կանայք սովորաբար խոսակցության ընթացքում ավելի քիչ են ժեստեր օգտագործում, գրավոր խոսքում տղամարդիկ ավելի լակոնիկ են, զուր չէր ասում Բերնարդ Շոուն, որ չկա մի կին, որ կարողանա ասել «հաջողություն»՝ կիրառելով երեսունից պակաս բառ: Հետաքքիր է նաև այն, որ եթե տղամարդիկ ինֆորմացիան ընկալում են ուղիղ իմաստով, կանայք սովորաբար ցանկացած ինֆորմացիայի մեջ ինչ որ ենթատեքստ են փնտրում:

Քաղաքականության և դիվանագիտության մեջ մեծ կարևորություն ունի անձի գաղտնապահության սկզբունքը, որը ինչպես գտնում է ֆրանսիացի գրող Ժան դե Բրյուելը, կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ձևով է դրսևորվում՝ «Տղամարդիկ ավելի լավ են թաքցնում դիմացինի գաղտնիքը և չեն կարողանում թաքցնել սեփականը, մինչդեռ կանայք հմտորեն թաքցնում են սեփական գաղտնիքները, սակայն ոչ ուրիշներինը»: Եվ վերջում ևս մեկ կանացի առավելություն. ինչպես ասում են, կանայք երբեք չեն ստում, նրանք պարզապես մոռանում են, թե ինչ են ասել երեկ:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3740 reads | 23.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com