ԽՈՍԻՐ ՊԱՐԶ, ՄԱՏՉԵԼԻ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՔԵԶ ԿԼՍԵՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ
 
 
 
 
 
 
"Տարիներ առաջ ես մի խանութ ունեի և քանի որ այնքան էլ շատ գումար չէի վաստակում, ինքս էի հանդես գալիս վաճառականի դերում: Այնտեղ վաճառում էի ամեն բան, այդ թվում նաև վիսկի: Ես լավ հիշում եմ, այդ օրերին պարոն Դուգլասն իմ լավագույն հաճախորդն էր: Շատ անգամներ ես կանգնում էի վաճառասեղանի հետևում, իսկ նա կանգնում էր իմ դիմաց և գնում էր իր սիրելի վիսկին: Հիմա ամեն ինչ փոխվել է, պարո՛ն Դուգլաս. ես արդեն հակառակ կողմում եմ կանգնած, իսկ Դուք շարունակում եք կանգնել նույն տեղում: Ահա թե որն է մեր միջև տարբերությունը…”: 

Այս ելույթից հետո այդ ժամանակ, թերևս, շատերի համար անհայտ Աբրահամ Լինքոլնը նախագահական ընտրություններում հաղթեց իր ամենաուժեղ հակառակորդներից մեկին` Սթիվեն Դուգլասին: Լինքոլնի ելույթի սկզբնամասը ազդեցիկ էր մի քանի առումներով: Նախ, այնտեղ ամեն բան վերցված էր սեփական կյանքի օրինակից, իսկ դա մտերմացնող գործոն է. "Ես կիսվում եմ ձեզ հետ իմ կյանքի փորձով, հետևաբար ես անկեղծ եմ ձեզ հետ”: 

Կարելի է ենթադրել, որ այստեղ տեղի է ունենում նաև հուզական մոդելավորում, այլ կերպ ասած` նման ելույթների ազդեցիկությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր է լինում մարդկանց մոտ նպատակաուղղված ձևով առաջացնել հույզեր: 

Հուզական մոդելավորման առաջին նախապայմանը ունկնդրի մոտ զարմանքի ձևավորումն է. եթե կարողանաք ի սկզբանե զարմացնել լսարանին, կգրավեք նրանց ուշադրությունը ամբողջ ելույթի ընթացքում: 

Այս մասին խոսելիս, բժիշկ Ջոն Ռուփը սիրում էր նշել, որ եթե չկարողանաք գրավել հանդիսականի ուշադրությունը առաջին իսկ վայրկյաններից (prime time` ելույթի սկիզբ), տղամարդիկ կսկսեն մտովի պատկերացնել իրենց շանսերը ընտրություններում, իսկ կանայք կտարվեն այն մտքով, թե ինչ պիտի եփեն այդ օրը:
 
Հանդիսականի մոտ զարմանքի և հետաքրքրության ձևավորման մասնագետ էր Ուինսթոն Չերչիլը: Ահա թե ինչպես նա սկսեց իր ելույթներից մեկը` "Բեռլինյան գազանանոցներից մեկում վանդակներից մեկի վրա մի մեծ ցուցանակ կա, որտեղ գրված է.”Այստեղ առյուծն ու ոչխարը ապրում են սիրո և համերաշխության մթնոլորտում”: Առաջին հայացքից պատկերը իրոք այդպիսին էր: Օրերից մի օր անգլիացի մի զբոսաշրջիկ հարցրեց գազանանոցի աշխատակցին. "Որտեղի՞ց եք կարողացել նման առյուծ գտնել”: "Առյուծ գտնելը դժվար չէ, խնդիրը ոչխարի մեջ է. ամեն օր նորն է պահանջվում”,- պատասխանեց աշխատակիցը”: 

Զարմանք և հետաքրքրություն առաջացնելու համար իրականում տարբեր միջոցների համեմատությունը լավագույններից է: Սենատոր Ֆիլ Գրեմի ելույթները աչքի էին ընկնում նրանով, որ նրան սիրում էին լսել անգամ երեխաները, նրա խոսքում ամեն ինչ շատ պարզ էր. անգամ սոցիալ-տնտեսական և քաղաքական երևույթների մասին խոսելիս, նա սիրում էր անել այնպիսի համեմատություններ, որոնք հնարավորություն կտային հասկանալ երևույթը ամենքին "Հարցրե՛ք ինձ, թե ինչ կստանաք դուք հարկերի նվազեցման դեպքում, և ես կասեմ` մոտավորապես այնքան, որ յուրաքանչյուր աշխատող ընտանիք օրվա ընթացքում կկարողանա գնել մեկ շիշ կոկա-կոլա ավելի”: 

Խոսքը ձևակերպել հնարավորինս պարզ և մատչելի, ահա և ազդեցիկության ևս մեկ գաղտնիք, որին հիմնովին տիրապետում էր Ռոնալդ Ռեյգանը: Երբ նրան տարիներ առաջ հարցրին, թե ինչպես է գրում իր ելույթները, նա պատասխանեց. "Պարզապես պատկերացնում եմ, որ իմ առջև կանգնած է իմ վարսավիր Ջեկը և սկսում եմ խոսել նրա հետ, այդպես ես ինձ մոտ եմ զգում յուրաքանչյուր քաղաքացուն”: 

Հակադիր բառերի գործածումը ևս հետաքրքիր միջոց է: Օրինակ, Վաշինգթոնի հայտնի արտահայտությունը` "Խաղաղության հասնելու լավագույն ուղին պատերազմին պատրաստվելն է”, կառուցվել է հենց այդ սկզբունքով, կամ Բենջամին Ֆրանկլինի` "Եթե ցանկանում եք գաղտնիք պահել ձեր թշնամուց, մի վստահեք այն նրա ընկերոջը” արտահայտությունը, որտեղ ևս կան հակադիր բառեր: 

Ամփոփելով` կարող ենք ասել, որ առաջնորդների անակնկալ ելույթների հաջողության հիմքում կարելի է տեսնել հուզական մոդելավորման երևույթը, որին սովորաբար հաջորդում են ներշնչանքը, համոզումը և այլն:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1603 reads | 21.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com