ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՄԲ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող




Ի՞նչ է հիասթափությունը, ե՞րբ է այն արտահայտվում և վերջապես ինչպե՞ս է այն դրսևորվում:

Ֆրանսիական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից Ժիլ Դելեզը փոքր-ինչ կտրուկ սահմանում է տալիս այս երևույթին՝ նշելով, որ այն սիրո և ատելության սկիզբն է:

Իրականում ամեն ինչ կախված է հիասթափության զգացողության ձևավորման առանձնահատկություններից, ենթագիտակցական կամ գիտակցական բնույթից:

Երբեմն ամեն ինչ այնքան աննկատ է տեղի ունենում, որ մենք ինքներս էլ չենք գիտակցում, որ հիասթափվել ենք որևէ մեկից կամ այս կամ այն երևույթից: Այն մարդը, որը մեզ համար ոչ ցանկալի վարք է դրսևորում, հեշտությամբ կարող է դառնալ մեր հիասթափության աղբյուրը, սակայն դա մեր կողմից գիտակցական վերլուծության կարող է ամենևին չենթարկվել:

Արդյունքում ինֆորմացիան հայտնվում է ենթագիտակցության մեջ` շարունակ առաջացնելով տհաճ զգացողություններ: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկին տեսնելիս տհաճ զգացողություններ ենք ունենում, սակայն պատճառը անհայտ է: Այս դեպքերում կարևոր է վերլուծությունը, ինչուների պատասխանները փնտրելիս մենք հնարավորություն ենք ունենում դուրս հանել հիասթափության զգացողությունը ենթագիտակցական ոլորտից և հեշտությամբ ազատվել դրանից:

Հիասթափության հաջորդ տեսակը՝ գիտակցականը, օգնում և հաճախ տանում է անձին դեպի այսպես կոչված «վերածնունդ»: Երբ ձեր սպասումները՝ կապված մարդկանց կամ աշխատանքի հետ չեն իրականանում, ի հայտ է գալիս հիասթափության զգացողություն, երբ այդ ամենը տեղի է ունենում գիտակցական մակարդակում, ձևավորվում են վերածննդի զգացողության նախադրյալներ:

Կա հիասթափություն, չարդարացված սպասումներ և ամեն ինչ վերափոխելու ցանկություն: Դեպի անձնային աճ տանող այս իրավիճակը հատկանշական է այն առումով, որ նոր նպատակների և սպասումների ձևավորումը գրեթե միշտ տանում է մեծ հաջողությունների: Իսկ եթե դուք խնդիր ունեք նախկինում ունեցած հիասթափությունների, դրանց վերացման հետ կապված, ապա առաջարկում ենք հետևյալ վարժությունը.

տեղավորվելով հարմարավետ վայրում և փակելով աչքերը՝ փորձեք վերհիշել բոլոր այն դեպքերը, երբ հիասթափություն եք ապրել, փորձեք հասկանալ՝ ինչ է ձեզ տվել այդ զգացողությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դրա հետևանքով:

Վերուծությունները թույլ կտան տեղափոխել այդ ամբողջ տեղեկատվությունը գիտակցական ոլորտ՝ ջնջելով բացասական տարրեր պարունակող այդ ինֆորմացիան ենթագիտակցությունից, իսկ դրա հետևանքը լինում է հենց վերածննդի զգացողությունը:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1512 reads | 18.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com