ՀԱՅԵԼԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ՝ ՁԱԽԼԻԿՆԵՐ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Կախված ձեռքի դոմինանտող (գերակայող) հատկությունից, մարդիկ բաժանվում են երեք հիմնական խմբի՝ աջլիկներ, ձախլիկներ և նրանք ովքեր կարողանում են օգտագործել երկու ձեռքերը հավասարապես: Եվ հավանաբար չի գտնվի որևէ մեկը, ով երբևէ չի փորձել գրել իր անունը այն ձեռքով, որը դոմինանտող չէ՝ աջիկները՝ ձախով և հակառակը՝ ստուգելու համար, թե ինքը որ կատեգորիային է պատկանում: Հնում ընդունված էր համարել, որ ձախլիկները անհաջողակ և իրենց էությամբ չար մարդիկ են, անգամ երեխաների ձախ ձեռքը ծնվելուց հետո մի որոշ ժամանակ կապում էին, որպեսզի ձախլիկություն չառաջանա, մինչդեռ նման դեպքերում, երբ երեխային արգելում են օգտագործել ձախ ձեռքը առաջանում են խնդիրներ թե՛ բանավոր խոսքի, թե’ գրելու ունակության հետ կապված:

Եվ եթե դարեր շարունակ ձախլիկությունը ընկալվել է որպես բացասական երևույթ, մերօրյա հետազոտությունները փաստում են հակառակը. ձախլիկներն օժտված են յուրօրինակ դրական էներգիայով, գրավչությամբ, ահա այդ է պատճառը, որ կանանց առավել դուր են գալիս ձախլիկ տղամարդիկ, իսկ տղամարդկանց՝ ձախլիկ կանայք (ներկայումս աշխարհի մասշտաբով ձախլիկ տղամարդկանց թիվը մոտ երկու անգամ գերազանցում է կանանց թվին): Հարցի պարզաբանման որոնումներում, հոգեբաններն եկել են այն համոզման, որ ձախլիկները իրենց բնույթով ստեղծագործ և ազատ մարդիկ են, ավելի հեշտ են կողմնորոշվում տարածության մեջ, նրանց մոտ խիստ զարգացած են վիզուալ (տեսողական) ընդունակությունները (գաղտնիք չէ, որ հայտնի նկարիչներ Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Ռաֆաելը ձախլիկներ են եղել), ինչը և դուր է գալիս շրջապատողներին, և միգուցե դա է պատճառը, որ մինչ այսօր էսկիմոսների մոտ ձախլիկները համարվում են կախարդներ՝ օժտված յուրօրինակ էներգիայով:

Այդուհանդերձ ակնհայտ է, որ ձախլիկները ի տարբերություն աջլիկների, առավել հաճախ են ունենում ադատպտացիայի՝ հարմարման խնդիրներ, այս ուղղությամբ բազմակի հետազոտություններ է իրականացրել անգլիացի հոգեբան Ե. Շոտոմը, որին հաջողվել է բացահայտել, որ սթրեսային իրավիճակներում աջլիկները էմոցիոնալ առումով շատ ավելի կայուն են և հավասարակշռված, դրանով էլ հաճախ բացատրվում է ձախլիկների շրջանում ալկոհոլի, ծխախոտի կիրառման բարձր հավանականությունը: Եվ որ ամենահետաքրքիրն է` ձախլիկներին առավել հաճախ կարելի է հանդիպել քաղաքականության և դիվանագիտության մեջ, իրենց էությամբ և բնույթով հանդես գալով որպես «պայքարող» անհատներ, նրանք սովորաբար հասնում են մեծ հաջողությունների այս ոլորտում, բավական է անգամ հիշատակել այն բոլոր մարդկանց, ովքեր աչքի են ընկել այս առանձնահատկությամբ՝ Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն Բոնապարտ, Հուլիոս Կեսար, Բենջամին Ֆրանկլին և այլն:

Այսպիսով, պետք է ազատվել հասարակության մեջ արմատացած այն տեսակետից, որ ձախլիկությունը բացասական երևույթ է, իրականում ակնհայտ է, որ ձախլիկները յուրօրինակ և օժտված մարդիկ են:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3196 reads | 17.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com