Անի Խուդոյան
ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր
գիտաշխատող
Տարիներ առաջ աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչին ասել է. «Գոյություն ունի մարդկանց երեք տեսակ՝ նրանք, ովքեր տեսնում են, նրանք ովքեր տեսնում են միայն այն ժամանակ, երբ իրենց ցույց են տալիս և նրանք, ովքեր ընդհանրապես չեն տեսնում»: Այդ ամենը, ըստ էության, կախված է անձի աշխարհընկալումից:
Աշխարհընկալումը բարդ և նուրբ գործընթաց է: Այն ընկած է անձի վարքի, գործունեության և որ ամենակարևորն է՝ վերջինիս մոտ արժեհամակարգի ձևավորման հիմքում: Յուրաքանչյուրիս համար աշխարհն այնպիսին է, ինչպիսին որ մենք ընկալում ենք այն, իսկ թե ինչպես կընկալենք, արդեն կախված է տարբեր հանգամանքներից, ասենք, մեր հուզական վիճակից: Եթե դուք սիրահարված եք, ապա անգամ դրսում տեղացող հասարակ անձրևը, ձեզ համար իր յուրօինակ նշանակությունն ունի, իսկ դիմացինի համար այն պարզապես «անձրև»է ՝ երկնքից թափվող ջուր, որը միգուցե և վերջինիս մոտ տհաճ զգացողություններ կառաջացնի: Այն հաճախ կախված է նաև մարդու մասնագիտական ուղղվածությունից. նկարչի համար աշունը բնության հրաշք է, մեզ համար՝ պարզապես տարվա եղանակ: Իրականում առավել կարևոր է մեկ այլ բան. այն որ մարդկային փոխահարաբերություններում, մարդկանց հետ շփվելիս , մենք կարողանանք հասկանալ, որ միգուցե կյանքում կան բաներ, որոնք թեպետ մեզ համար այդքան էլ կարևոր չեն, սակայն դիմացինի համար ընկալվում են որպես արժեքներ: Սա նման է այն դեպքին, երբ մայրը, տեսնելով երեխայի ջարդված խաղալիքը, նետում է այն աղբարկղ՝ պատճառաբանելով, թե խաղալիքը պարզապես կորել է՝ անգամ չկասկածելով, որ հետագայում երեխան իր ամբողջ կյանքի ընթացքում ապրելու է այն գտնելու հույսով, քանի որ երեխան այն չէր ընկալում որպես պարզապես խաղալիք…: Ի վերջո, ինչպես ասել է հայ գրող Միքայել Նալբանդյանը. «Աշխարհում անթերի և կատարյալ գեղեցիկ ոչինչ չկա, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կընկալենք այս կամ այն առարկան կամ երևույթը»: Հետևաբար, մի՞թե հնարավոր չէ ամեն ինչում փնտրել գեղեցիկը և դրականը, և մի՞թե դա չի օգնի մեզ՝ ավելի հեշտ ապրելու կյանքը: Հոգեբանական առակներ
- Գյուղամիջյան ճանապարհին, փողոցից ոչ հեռու մի ծառ կար, և թեպետ նրա վրա տերևներ այլևս չէին աճում, ճյուղերը ամուր էին և ընդարձակ: Մի անգամ այդ տարածքով մի գող էր անցնում, նա հեռվում տեսնելով ծառի շողքը՝ կարծեց, թե ոստիկան է, վախեցավ ու փախավ: Երեկոյան ավելի ուշ մի սիրահարված երիտասարդ էր անցնում, նա հեռվից տեսավ ծառի շողքը, կարծեց, որ դա իր սիրելին է. իրեն է սպասում, ժպտաց և արագացնելով քայլերը գնաց դեպի ծառը: Մի անգամ էլ ծառից քիչ հեռու մայր ու տղա էին անցնում. փոքրիկը, տեսնելով ծառի շողքը, կարծեց, որ դա հեքիաթների այն չար կերպարներից է, որոնց մասին հաճախ լսում էր մորից… Սակայն դա ընդամենը ծառ էր… աշխարհը յուրաքանչյուրի համար այնպիսին է, ինչպիսին որ նա ինքն է ցանկանում տեսնել այն:
- Քաղաք տանող ճանապարհին՝ անմիջապես դարպասների մոտ, միշտ մի ծերունի էր նստած լինում, օրերից մի օր երիտասարդը մոտենում է նրան՝ ասելով, որ հեռվից է գալիս և ցանկանում է իմանալ, թե այդ քաղաքի մարդիկ ինչպիսին են: Ծերունին էլ իր
հերթին հարցնում է երիտասարդին, թե ինչպիսին են մարդիկ այն քաղաքում, որտեղից նա է գալիս: Տղան պատասխանում է, որ այնտեղ մարդիկ չար և նենգ են, և հենց դա է պատճառը, որ նա լքել է իր քաղաքը: «Այդ դեպքում,- պատասխանում է ծերունին,-իմացի՛ր, որ այս քաղաքի մարդիկ ևս այդպիսին են»: Նույն օրը ծերունուն մոտենում է մի ուրիշ երիտասարդ, և դիմում նույն հարցով: Եվ երբ ծերունին իր հերթին հարցնում է նրան, թե ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղից նա եկել է, տղան սկսում է գովեստի խոսքեր հնչեցնել իր համերկրացիների մասին, անգամ վերջում հավելում, որ շատ է կարոտելու նրանց մինչ վերադառնալը: Ծերունին, լսելով տղային, պատասխանում է. «Ուրեմն իմացիր, որ այս քաղաքի մարդիկ ևս նույնքան բարի և բարեսիրտ են»: Եվ երբ ծերունուն հարցնում են, թե ինչու նա երիտասարդներին տարբեր բաներ ասաց, նա պատասխանում է. «Քանի որ չկա չար և չկա բարի, ամեն ինչ կախված է մեզնից, մեր վերաբերմունքից, մեր աշխարհընկալումից…»: |