ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Տարիներ շարունակ քաղաքական բռնության այս տեսակը քննարկվել և քննադատվել է մարդկության կողմից, միևնույն ժամանակ մինչ այսօր փորձ է արվում՝ բացատրելու այս անբացատրելի երևույթի հիմքում ընկած հոգեբանական մեխանիզմները: Ցեղասպանությունը կարելի է որակել որպես մարդկության դեմ իրագործվող ծանրագույն հանցանք, որը ենթադրում է մասսայական բռնություն և կարող է բխել ռասսայական, ազգային-էթնիկ, կրոնական պատճառներից: Իսկ ամենադաժանը այս երևույթի մեջ այն է, որ արդյունքում տուժում են մարդիկ, ովքեր իրականում անմեղ են:

Ամերիկացի հոգեբան Իրվին Սթրուբը նշում է, որ ցեղասպանության իրագործմանը անպայմանորեն նախորդում է մի շրջան, որը բնութագրվում է բացասական էմոցիաների կուտակմամբ, և այդ շրջանը հեղինակը անվանում է հոգեբանական առումով «դժվար ժամանակների» շրջան: Բացասական էմոցիաներից առաջինը, որ առավել հաճախ նկատվում է մասսայական սպանությունների իրագործման ընթացքում՝ վախն է, ընդունված է համարել, որ վախը ավելի շատ պաշտպանական ֆունկցիա է կատարում , սակայն որոշ դեպքերում այն դրսևորվում է ագրեսիայի տեսքով և դրանից բխող ավտոմատ, չգիտակցված գործողությունների իրականացմամբ (ներշնչանքի միջոցով մարդկանց մոտ վախի այս աստիճանի ձևավորումը տարբեր ժամանակաշրջաններում իրագործվել է քաղաքական լիդերների կողմից, ովքեր նպատակ են ունեցել հրահրել մասսայական սպանությունների և ցեղասպանության անբացատրելի երևույթների իրագործումը): Նման դեպքերում ակնհայտորեն դրսևորվում է մասսայական քաոսային ագրեսիայի երևույթը, որը սովորաբար չգիտակցված բնույթ է կրում և բնորոշվում է մարդկանց միմյանց ընդօրինակելու միտմամբ, ատելության, զայրույթի վաղ արտահայտվածությամբ:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ սպանության իրագործման հավանականությունը բարձրանում է՝ կախված անձի տարիքից, կրթվածությունից, ցածր ինքնագնահատականից, սոցիալական հարմարման խնդիրների առկայությունից և այլն:

Ագրեսիայի դրսևորումը բնորոշ է նաև նրանց, ովքեր հանդես են գալիս որպես բռնության զոհ, ցեղասպանության և մասսայական սպանությունների սկզբնական շրջանում ագրեսիան դրսևորվում է որպես չենթարկվելու, կյանքի համար պայքարի նշան, սակայն, ինչպես ցույց են տվել հոգեբանական հետազոտությունները, մարդկանց մեծամասնությունը նման ծայրահեղ իրավիճակներում ավելի հակված է դիմելու ապատիայի՝ համակերպման, անտարբերության, որևէ գործողություն անելու ցանկության բացակայության: Այս ամենը, իհարկե, կարող է պայմանավորված լինել սեփական անձի կողմից նման իրավիճակում որևէ բան փոխելու անկարողության զգացման գիտակցմամբ:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ թեպետ ցեղասպանությունը դասվում է գիտակցված կերպով իրականացվող հանցագործությունների դասին, ամերիկացի հոգեբանները շարունակաբար նշվում են այն փաստը, որ ավելի հաճախ նման հրեշավոր գործողություններ իրականացնողները պարզապես առաջնորդվում են իրենց ղեկավարների կողմից տրվող գաղափարներով՝ «հանուն արդարության», «հանուն ազատության» և այլն, ինչը և, ըստ ամենայնի, խոսում է հանցակիցների՝ ներշնչանքի ազդեցությամբ գործելու հանգամանքի մասին: Այո՛, ոմանք բացատրում են նման արարքները ներշնչանքի գործոնով, ոմանք՝ համոզման կամ վախի, սակայն հստակ է միայն այն, որ այսօրինակ արարքները երբեք չեն կարող ունենալ արդարացում:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2114 reads | 24.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com