ԿԱՐԱԿՈՒԼՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՆԿԱՐՆԵՐ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






Մարդիկ երբեմն և շատ հաճախ առօրյայում պարզապես դիմակներ են կրում, նրանք խաղում են այն դերը, որը պահանջում է հասարակությունը և փորձում են թաքցնել այն իրական զգացմունքներն ու հույզերը, որոնք պատում են իրենց: Սակայն գերմանացի հոգեբանների կողմից վերջերս բացահայտվեց ևս մեկ անհավանական մեթոդ, որը թույլ է տալիս հասկանալ անձի հոգեվիճակը, բացահայտել վերջինիս անհատական հոգեբանական առանձնահատկությունները: Եվ այս ամենը այսպես կոչված ենթագիտակցությունից բխող նկարների՝ կարակուլների, միջոցով: Հետաքրիր է՝ ի՞նչ կանեք դուք, եթե հեռախոսով զրուցելիս, կամ որևէ ժողովի, դասընթացի մասնակցելիս ձեր առջև թուղթ և գրիչ լինի:

Պարզվում է, որ մարդկանց մեծամասնությունը նման իրավիճակներում սկսում է նկարել, նկարել այնպես, ինչպես դա անում են աշակերտները կամ ուսանողները՝ իրենց տետրի ետևում, որևէ անհետաքրքիր դասի ներկա գտնվելիս: Ոմանք դա անում են սրտերի տեսքով, ոմանք տարբեր երկրաչափական պատկերների, ոմանք սեփական ստորագրության… տարբերակները շատ են, սակայն բովանդակային նշանակությունը մեկն է. նման նկարները մտքերը վերափոխում են սիմվոլների, թույլ են տալիս տվյալ պահին ազատվել ներքին լարվածությունից: Մատիտը, կամ գրիչը նկարում են մեր ենթագիտակցության հրահանգով, քանի որ մենք այդ պահին չենք մտածում, թե ինչ ենք նկարում: Կարակուլները բացառիկ հնարավորություն են տալիս լիցքաթափվելու, ինչը և տեղի է ունենում այդ կերպ ինքնաարտահայտման շնորհիվ: Ստացվում է, որ կարակուլների միջոցով ենթագիտակցությունը ազատվում է տվյալ պահին իրեն տանջող մտքերից, զգացմունքներից: Ահա այդ է պատճառը, որ այս նկարները համարվում են հոգու հայելի:

Վերջերս Նյու Յորքում լույս տեսավ մի գիրք, որն ուսումասիրում էր ԱՄՆ նախագահների կողմից պատկերված կարակուլները և մեկնաբանում դրանք. արդյունքն ապշեցուցիչ էր. նկարները թեև տարբեր էին, սակայն լիովին համապատասխանում էին հեղինակների էությանը, խոսում բնավորության առանձնահատկությունների մասին:

Թեոդոր Ռուզվելտը, օրինակ, սովորություն ուներ կարևոր փաստաթղթերի ետնամասում նկարել կենդանիներ՝ ընդ որում, առավել հաճախ դրանք գտնվում էին աստղազարդ երկնքի տակ: Հոգեբանության մեջ կենդանիների պատկերումը պայմանավորվում է կենդանու տեսակով. թռչունների և ձկների պատկերումը մեկնաբանվում է որպես անկաշկանդության, ազատության, հանգիստ բնավորության նշան: Շան, ձիու նկարները խոսում են տվյալ մարդու հավատարիմ մարդկանցով շրջապատված լինելու ձգտման, պահանջմունքի մասին, ինչպես դա ակնհայտ երևում էր Ռուզվելտի նկարներում: Նապաստակի, մկան պատկերումը խոսում է օգնություն ստանալու, պաշտպանված լինելու պահանջմունքի մասին և այլն:

Ռոնալդ Ռեյգանը սիրում էր նկարել իրեն ամենատարբեր գլխարկներով: Ընդունված է համարել, որ սեփական դիմանկարի կամ մարդկանց պատկերումը խոսում է անձի մոտ բարձր էգոիզմի մասին, սակայն առավել հաճախ պատկերվում են ոչ թե ամբողջական մարդ, այլ դեմքի մասեր, կամ միայն երեսի հատվածը, սա արդեն մատնանշում է անձի շփման մեծ պահանջմունքի առկայությունը, այսպիսի նկարներ պատկերում են այն մարդիկ, ովքեր կարծես որևէ մեկի հետ հաղորդակցման, սեփական գաղտնիքները վստահելու կարիք ունեն: Աչքեր նկարում են ինքնաքննադատության հակում ունեցող մարդիկ, շուրթեր՝ ավելի զգացմունքային նուրբ մարդիկ:

Ջոն Քեննեդին սովորություն ուներ գրելու իր մտքերը, որից հետո դրանք շրջանակի կամ քառակուսիների մեջ էր վերցնում: Երկրաչափական պատկերները՝ եռանկյունները քառակուսիները պատկերում են այն մարդիկ, ովքեր ունեն կայուն բնավորություն, փոփոխական չեն, հազվադեպ են դրժում իրենց խոստումները, հետևողական են: Շրջաններ նկարում են այն մարդիկ, ովքեր որևէ հարցում դեռևս հստակ չեն կողմնորոշվել, կասկածներ ունեն այս կամ այն խնդրի լուծման շուրջ:

Աստղերը խորհրդանշում են անձի ուշադրության կենտրոնում հայտնվելու պահանջմունքը: Զուր չէ, որ երկնային մարմիններ սովորաբար սիրում են պատկերել բարձր պաշտոն ունեցող մարդիկ, կամ նրանք, ովքեր ունեն մեծ հավակնություններ: Ճաղավանդակների, խաչվող գծերի պատկերումը խոսում է լարվածության, տագնապայնության մասին, ուղիների որոնման, կյանքում փոփոխությունների իրականացման ձգտման մասին:

Խաչը հատկապես վկայում է պատասանատվության և մեղքի զգացման մասին: Շախմատային տախտակի պատկերումը՝ առկա դժվարությունների և մեծ սպասումների մասին:

Տուն նկարում են այն անձինք, ովքեր միայնակության զգացում ունեն, սիրո և ջերմության կարիք, նման մարդիկ ավելի հավաքված են, մաքրասեր: Ծաղիկներ և բույսեր նկարում են էմոցիոնալ մարդիկ: Կանանց պարագայում դա խոսում է սիրված լինելու պահանջմունքի մասին: Նման մարդիկ ավելի հանգիստ են բնավորությամբ, պատրաստակամ են օգնել իրենց շրջապատողներին: Սրտերը վկայում են զգացմուների և հույզերի կուտակման մասին:

Այսպիսով, կարելի է ասել, որ նման նկարներն ի զորու են աջակցնելու մեզ դիմացինին հասկանալու, ինչու չէ նաև ինքներս մեզ բացահայտելու հարցում:

Եվ գաղտնիք չէ, որ Ռիչարդ Նիքսոնը, մարդ ով ամբողջ կյանքում խուսափել է կարակուլներ պատկերելուց և մեծ նշանակություն տվել դրանց մեկնաբանմանը, ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևի հետ հանդիպման ընթացքում, նկատելով, որ վերջինս թղթի վրա նկարում է նետահարված սիրտ, կարողացավ ենթադրել, որ միջուկային զենքի կրճատումներ իրականում չեն սպասվում:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3348 reads | 18.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com