ԻՆՔՆԱԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






«Սովորեք ընտրել ձեր մտքերն այնպես, ինչպես ամեն առավոտ հագուստ եք ընտրում պահարանից, քանի որ եթե մարդիկ անգամ մի պահ հասկանային իրենց մտքի ուժը, նրանք երբեք չէին ունենա բացասական մտքեր»,- հաճախ սիրում էր կրկնել ամերիկացի բարերար Փիս Փիլգրամը:


Բոլոր նրանք, ովքեր շարունակաբար հանդես են գալիս որպես բացասական գաղափարների, մտքերի կրողներ, ովքեր սիրում են քննադատել, բողոքել՝ անկարող լինելով գտնել դրականը կյանքում, սովորաբար չեն հասնում հաջողությունների: Կյանքի կարևորագույն այս օրենքներից մեկը վաղուց արդեն հասկացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայրը, որը, ինչպես հետագայում պատմում էր Անգելան, ամեն առավոտ արթնանալիս ասում էր աղջկան, որ նա կարող է հաղթահարել կյանքում ցանկացած դժվարություն, և որ նա լավագույնն է: Նմանօրինակ մտքերը սոսնձվում են ենթագիտակցությանը և զորեղ են այնքանով, որ կարող են ծրագրավորել մարդուն՝ հասնելու հաջողության և հակառակը:

Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ մարդկանց մեծամասնության մոտ բացասական մտքերի ՝ «ես չեմ կարող դա անել», «դա իմ ուժերից վեր է» կուտակման բավական լուրջ խնդիր կա, սակայն դրանցից հնարավոր է ազատվել, և դա ամենևին դժվար չէ, պարզապես ժամանակ է անհրաժեշտ: Պատկերացրեք մի գավաթ, որի հատակը լի է ավազով, ի՞նչ կլինի, եթե այն դնեք հոսող ջրի տակ: Մաքուր ջուրը աստիճանաբար դուրս կհանի ավազն այնտեղից, ճիշտ այնպես, ինչպես դրական մտքերն են ունակ դուրս հանելու բացասականը մեր ենթագիտակցությունից:

Եվ այսպես, փորձեք աֆֆիրմացիայի (հաստատում) մեթոդը. ընտրեք մի պոզիտիվ (դրական) միտք, որը տվյալ պահին առավել հոգեհարազատ է ձեզ և որը կարող է նպաստել ձեր նպատակների իրականացմանը, օրինակ՝ «Ես հաջողակ եմ», «Ինձ մոտ ամեն ինչ լավ կստացվի», օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք այն հատկապես առավոտյան և ուշ երեկոյան ժամերին, կրկնեք այն մտքում կամ բարձրաձայն, ցանկացած վայրում՝ վստահ լինելով, որ միայն դրական մտքերը կարող են օգնել ազատվել այն բացասական ուղղվածություն ունեցող գաղափարներից, որոնք, ինչու չէ, նաև խանգարում են ապրել արժանապատիվ կերպով, ուրախանալ նրանով, ինչ ունեք և ձգտել ավելիին:

Զուր չէ ասված՝ «Եթե չես կարող փոխել աշխարհը, փոխիր վերաբերմունքդ նրա հանդեպ»: Փորձեք ծրագրավորել ինքներդ ձեզ և հասնել հաջողության. չէ՞ որ դա այնքան էլ դժվար չէ:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1196 reads | 03.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com