ԲԱԶՄԱԿՈՂՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ









Միջազգային պայմանագրի վերաբերյալ կարելի է անել վերապահում։ Վերապահման իրավունքի հիմքում ընկած է պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը։ Ճիշտ է, վերապահումն ինքնին և դրա ընդունումը կամ մերժումը պայմանավորված են մասնակից պետությունների կամքով և առավելապես կրում են քաղաքական բնույթ, սակայն, ինչպես ակնհայտ է Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 19-23-րդ հոդվածներից, վերապահման հետ կապված հարաբերությունների կարգավորումը, վերապահմանը վերաբերող նորմերի բարեխիղճ պահպանումն ունեն իրավաբանական լուրջ կարևորություն։

Վերապահումը կարելի է ձևակերպել պայմանագիրն ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին։
Վերապահումը պետության կողմից ցանկացած ձևակերպմամբ կամ անվանմամբ արված միակողմանի հայտարարություն է, որով նա ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու պահին ցանկանում է իր համար բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավաբանական նշանակությունն ու գործողությունը։

Վերապահումը, վերապահման նկատմամբ որոշակիորեն արտահայտված համաձայնությունը և վերապահման դեմ առարկությունը պետք է ձևակերպվեն գրավոր և տեղյակացվեն պայմանավորված պետություններին և այն պետություններին, որոնք իրավունք ունեն դառնալու պայմանագրի մասնակից։
 
Թեև Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիայի այն հոդվածներում, որտեղ խոսվում է վերապահումների մասին, բացակայում է «բազմակողմ պայմանագրեր» ձևակերպումը, և դրանով իսկ տեսականորեն ենթադրվում է, որ վերապահում կարելի է անել նաև երկկողմ պայմանագրերի վերաբերյալ, այդուհանդերձ, կարծում ենք, երկկողմ պայմանագրերի վերաբերյալ վերապահման իրավունքի հենց իրացման հնարավորությունն իրական չէ, որովհետև դա նույնն է, թե առաջ քաշել պայմանագրի դրույթների վերանայման հարց։ Երկկողմ պայմանագիրը երկու սուբյեկտների կամքի համաձայնեցման արդյունք է, և եթե կողմերից մեկի վերապահումը մյուս կողմը չի ընդունում, ապա դրանով իսկ պայմանագիրը դադարում է գործել, իսկ եթե ընդունում է, ապա վերապահման հետևանքով ստեղծվում է երկու կողմերի համար էլ ընդունելի պայմանագրի նոր տեքստ։ Մինչդեռ, բազմակողմ պայմանագրի անդամների շահերն իրոք երբեմն օբյեկտիվորեն կարող են ունենալ որոշակի առանձնահատկություններ, և որպեսզի այդ առանձնահատկությունները չհանգեցնեն լուրջ հակասությունների, և պայմանագրին պետությունների մասնակցության համար խոչընդոտներ չստեղծեն, նրանց տրվում է վերապահում անելու իրավունք։ Կարծում ենք, վերապահման իրավունքը նպատակահարմար է նախատեսել միայն բազմակողմ պայմանագրերի համար։

Ասվածով հանդերձ, հարկ է նկատել, որ միջազգային պրակտիկայում հայտնի է պետություն, որը երկկողմ պայմանագրերի վերաբերյալ կիրառում է վերապահում։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Մասնավորապես, երբ ԱՄՆ-ի Սենատը 1977թ. քննարկում էր Պանամայի ջրանցքի վերաբերյալ պայմանագրի վավերացման հարցը, ապա սենատորների կողմից արվեց մոտ 50 ուղղում, ընդ որում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Պանամայի միջև պայմանագրի նախապատրաստության ուղղությամբ տարվող բանակցությունները տևել էին մոտ 14 տարի, իսկ Պանաման այն արդեն ընդունել էր հանրաքվեով։

Ինչպես Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի, այնպես էլ Պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների միջև միջազգային պայմանագրերի մասին 1986թ. մայիսի 21-ի կոնվենցիաները, ճանաչելով վերապահման իրավունքը, միաժամանակ նախատեսում են վերապահում անելու իրավունքի սահմանափակման հնարավորություն։

Միջազգային պայմանագրի վերաբերյալ որևէ վերապահում անել չի կարելի, եթե տվյալ պայմանագիրն ընդհանրապես բացառում է վերապահման հնարավորությունը, և այդ մասին ուղղակի նշվում է միջազգային պայմանագրի տեքստում։ Կան պայմանագրեր, որտեղ հատուկ նախատեսվում է, թե կոնկրետ որ հոդվածների վերաբերյալ վերապահում չի կարելի անել։ Բնականաբար, սա նշանակում է, որ մնացած հոդվածների վերաբերյալ վերապահում կարելի է անել։

Որպես կանոն, վերապահում չի թույլատրվում, երբ տվյալ վերապահումը հակասում է պայմանագրի նպատակներին և սկզբունքներին կամ փոփոխում է դրա հիմնական առարկան։

Եթե պայմանագրով որոշակիորեն թույլատրվում է վերապահման հնարավորություն, ապա պայմանավորվող պետությունների կողմից այն որևէ հատուկ ընդունման կարիք չունի։

Եթե բանակցող պետությունների սահմանափակ քանակից և պայմանագրի առարկայից ու նպատակից հետևում է, որ պայմանագիրը բոլոր կողմերի համար ամբողջությամբ կիրառելն էական պայման է, և յուրաքանչյուր կողմ այդ պայմանագիրն իր համար պարտադիր ճանաչելու համաձայնություն պետք է տա, ապա նման դեպքում վերապահման համար պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Միաժամանակ, եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահումը համարվում է պետության կողմից ընդունված, եթե նա վերապահման մասին տեղեկանալուց հետո տասներկուամսյա ժամկետի ընթացքում դրա նկատմամբ առարկություն չի հայտնել։

Վերապահում անողի և մյուս մասնակցի կողմից դրա ընդունման դեպքում առաջանում է որոշակի իրավահարաբերություն։ Վերապահում անողի համար մյուս կողմի նկատմամբ փոխվում է այն դրույթը, որի կապակցությամբ արվել է վերապահումը։ Եթե մասնակիցներից որևէ մեկը առարկում է մյուս մասնակցի վերապահման դեմ, ապա պայմանագիրը նրանց միջև գործում է առանց այն դրույթների, որոնց վերաբերյալ արված է վերապահումը։

Պետության համար պայմանագրի պարտադիր լինելն արտահայտող և վերապահում պարունակող փաստաթուղթը մտնում է ուժի մեջ, հենց որ առնվազն մեկ ուրիշ պայմանավորվող պետություն ընդունում է այդ վերապահումը։

Վերապահումը փոխում է վերապահում անող պետության և պայմանագրի այլ մասնակցի հարաբերությունների պայմանագրային այն դրույթները, որոնց վերաբերում է վերապահումը՝ վերապահության գործողության ոլորտի սահմաններում։ Պայմանագրի մյուս մասնակիցների համար միմյանց հետ ունեցած հարաբերություններում վերապահումը չի փոխում պայմանագրային դրույթները։

Եթե միջազգային պայմանագիրը նախատեսում է նման հնարավորություն, ապա վերապահումը կարելի է հանել ցանկացած ժամանակ։ Դրա համար չի պահանջվում վերապահումն ընդունող պետության համաձայնությունը։ Միաժամանակ, ցանկացած ժամանակ կարելի է հանել նաև վերապահման դեմ առարկությունը, եթե, իհարկե, պայմանագիրն այլ բան չի նախատեսում։

Եթե վերապահումը ձևակերպվել է վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա պայմանագիրն ստորագրելու ժամանակ, վերապահումը պետք է պաշտոնապես հաստատվի վերապահում անող պետության կողմից՝ պայմանագիրն իր համար պարտադիր ճանաչելու մասին համաձայնությունն արտահայտելու ժամանակ։

Ինչպես վերապահման, այնպես էլ դրա նկատմամբ առարկության հանումը պետք է ձևակերպվի գրավոր։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրերի կնքման ընթացքում ոչ հաճախ, սակայն վերապահումներ արել է։ Դրանցից կարելի է հիշատակել Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիային միանալու ժամանակ դրա 66-րդ հոդվածի կապակցությամբ արված վերապահումը, համաձայն որի «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի 66-րդ հոդվածի դրույթներով և հայտարարում է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»։

Վիեննայի 1969թ. կոնվենցիայում օգտագործվում է միայն «վերապահում», հասկացությունը, որը միջազգայնորեն ճանաչված ձևակերպում է, սակայն անհասկանալի պատճառով Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքվող բազմակողմ պայմանագրերում օգտագործվում է նաև «հատուկ կարծիք» ձևակերպումը։ Որպես օրինակ կարելի է բերել 2000թ. հունիսի 21-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կանոնադրության հաստատման մասին» արձանագրությունը։ Այդ փաստաթուղթը Վրաստանը և Մոլդովան ստորագրել են վերապահումով, իսկ Ադրբեջանը և Ուզբեկստանը՝ հատուկ կարծիքով։ Կարծում ենք, միևնույն պայմանագրի, համաձայնագրի կամ որևէ այլ միջազգային համաձայնության առնչությամբ ինչպես «վերապահում», այնպես էլ «հատուկ կարծիք» ձևակերպումների միաժամանակյա օգտագործումը կարող է թյուրիմացության պատճառ դառնալ։

Վերապահումից պետք է տարբերել պայմանագիրն ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու պահին մասնակից պետությունների կողմից արվող հայտարարությունները։ Դրանք պայմանագրի որևէ դրույթի բովանդակության կամ գործողության փոփոխություն չեն նախատեսում, միակողմանի են և իրավաբանական հետևանք չեն առաջացնում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
3514 reads | 24.08.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com